Այսօր “Հրազդան” մարզադաշտում տեղի կունենա Հայաստան-Իտալիա երկար սպասված հանդիպումը: Հայկական և իտալական գրեթե բոլոր մարզական կայքերն արդեն ներկայացրել են թիմերի նախնական կազմերի իրենց տարբերակները՝ հիմնվելով տարբեր հանգամանքների վրա: Եթե իտալացիները ունեն մի քանի խաղային սխեմաներ, որոնք խաղի ընթացքում կարող են ենթարկվել բազմաթիվ փոփոխությունների, ապա մեր պարագայում միակ սխեման, որն ապացուցել է իր կենսունակությունը 4-2-3-1-ն է: Հետևաբար, փոխել այն կարևորագույն խաղից առաջ ոչ միայն անիմաստ է, այլև վտանգավոր:

Անկեղծ ասած, այս եզրակացությանը հանգել եմ միայն վերջին օրերին՝ խոսելով նաև ֆուտբոլային տարբեր փորձագետների հետ, իսկ դրանից առաջ կարծում էի, որ ավելի նպատակահարմար կլինի խաղալ 4-3-2-1 դասավորությամբ, այսինքն 2 հենակետայինների կողքին խաղացնել Դավիթ Մանոյանին, Արասն ու Մխիթարյանը՝ ինսայդների դիրքում, իսկ Յուրա Մովսիսյանը՝ որպես առաջ քաշված հարձակվող: Սա հնարավորություն կտար կենտրոնում ունենալ ևս մեկ խաղացող, ով, առաջինը ստանալով գնդակը պաշտպաններից կփորձեր արագություն հաղորդել մեր գրոհներին: Առաջին 2 խաղերը ցույց տվեցին, որ հավաքականը հատկապես թերանում է հենց պաշտպանությունից հարձակմանը արագ անցնելու մեջ: Սակայն սա իր մեջ պարունակում է մի քանի լուրջ վտանգներ:

Նախ, սրանով թուլանում են մեր՝ առանց այդ էլ թույլ եզրերը, քանի որ հստակ եզրային խաղացողների բացակայության պարագայում եզրային պաշտպաններին օգնելու ֆունկցիան իրենց վրա պետք է վերցնեն հենակետայինները: Իսկ դա նշանակում է լրացուցիչ տեղաշարժ և իտալացիների հզոր կենտրոնին ավելի շատ ազատություն տալու վտանգ: Երկրորդ, Պրանդելին, հրավիրելով Կրիշիտիոյին, կարծես ակնարկեց, որ այս անգամ նախապատվությունը տալու է 4 պաշտպաններով խաղին, որոնցից 2 եզրայինները՝ Կրիշիտոն ու Մաջիոն, չափազանց արագ են, անընդհատ միանում են գրոհներին և թեկուզ հենց նրանց ինչ-որ ձև կանգնեցնելու համար պետք է լինեն խաղացողներ, որոնք կզբաղվեն հենց եզրային խաղացողի ֆունկցիաներին իրականացնելով: Եվ երրորդ, “Յուվենթուս”-Շախտյոր” հանդիպման ժամանակ Հենրիխ Մխիթարյանը գերազանց կատարեց իր վրա դրված պարտականությունը՝ անընդհատ պրեսինգի ենթարկել Անդրեա Պիռլոյին և խանգարել նրան կատարել առաջին փոխանցումը, իսկ, խաղալով կենտրոնից աջ կամ ձախ, Հենոն նույնպես ստիպված է լինելու լրացուցիչ էներգիա վատնել Պիռլոյին իտալացիների գրոհների սկզբնակետում չեզոքացնելու համար: Ստացվում է, որ արդեն իսկ փորձված և համեմատաբար հաջող կիրառություն ստացած 4-2-3-1 տարբերակը գրեթե այլընտրանք չունի:

Բայց այս պարագայում էլ կան հարցեր, որոնք բաց են մնում։ Ովքե՞ր կզբաղեցնեն բացակայող ֆուտբոլիստների տեղը դաշտում: Միանգամից ասեմ, որ հաստատապես հիմնական կազմում չեն լինի Արթուր Յուսպաշյանը, Զավեն Բադոյանը, Տարոն Ոսկանյանը և Կարեն Մուրադյանը, ինչպես նաև դարպասապահներ Գևորգ Կասպարովն ու Արթուր Հարությունյանը: Առաջին երկուսից միանշանակ ավելի ուժեղ ֆուտբոլստներ կան իրենց դիրքերում, մյուս երկուսի համար հավաքականի հրավերն ավելի շատ ավանս է ապագայի համար, իսկ դարպասապահներն առողջ Բերեզովսկու առկայությամբ բնականաբար չեն կարող հիմնական կազմում խաղալու հույս ունենալ: Մնացած բոլոր խաղացողները կարող են հենց առաջին րոպեներից խաղադաշտ դուրս գալու շանս ստանալ: Չնայած, որ համակարգային տեսակետից շատ ավելի հարմար են Կամո Հովհաննիսյանի և Հովհաննես Համբարձումյանի թեկնածությունները, որոնք կարողանում են նաև հաջողությամբ միանալ գրոհներին, բայց այսպիսի պատասխանատու խաղում նրանց միանգամից մարտի նետելը կապված է մեծ ռիսկի հետ: Ուստի ամենայն հավանականությամբ, աջ պաշտպանի դիրքում կխաղա Վալերի Ալեքսանյանը, իսկ ձախ պաշտպանի՝ Արտակ Եդիգարյանը: Առաջինը, չնայած հավաքականում հիմնականում հանդես է եկել կենտրոնական պաշտպանի դիրքում, բայց իր ակումբում խաղում է հենց աջից, իսկ երկրորդն էլ, չնայած վերջին խաղերում ոչ այնքան հաջող ելույթներին, ամենափորձառուն է հավաքական հրավիրված բոլոր եզրային պաշտպաններից: Կենտրոնական պաշտպանների զույգը կկազմեն Ռոբերտ Արզումանյանն ու Հրայր Մկոյանը, իսկ հենակետաին կիսապաշտպաններինը՝ Կառլեն Մկրտչյանը և Արթուր Եդիգարյանը:

Եթե համարենք, որ Արաս Օզբիլիսը կխաղա աջից, Հենրիխ Մխիթարյանը՝ կենտրոնում իսկ Յուրա Մովսիսյանը՝ հարձակման սուր ծայրին, ապա միակ հարցականը մնում է ձախ կիսապաշտպանի դիրքը: Հավանաբար, Վարդան Մինասյանը ինքն էլ նկատի ուներ հենց այդ դիրքը՝ նշելով, որ չի կողմնորոշվել միայն մեկ դիրքի շուրջ: Իսկ թեկնածուները շատ են՝ Մալաքյան, Սարկիսով, Մանուչարյան: Կա նաև տարբերակ, երբ Մանոյանը կխաղա աջից, իսկ Արասը՝ ձախից, բայց Արասն արդեն ապացուցել է, որ շատ ավելի վտանգավոր է երբ խաղում է հենց աջից: Դրան հակառակ Մանոյանն իրեն շատ ավելի լավ է զգում՝ խաղալով կենտրոնում, այլ ոչ թե աջից: Մանուչարյանը շատ երկար ժամանակ ամբողջական հանդիպում չի անցկացրել, ուստի դժվար է քննարկել նրա ֆունկցիոնալ պատրաստվածության մակարդակը: Սարկիսովը շատ ավելի օգտակար է փոխարինման դուրս գալիս, երբ նա մրցակցի պաշտպանների հոգնածության ֆոնի վրա կարողանում է օգտագործել իր արագությունը: Մնում է միայն Մալաքյանի թեկնածությունը: Վերջինս նույնպես իր լավագույն մարզավիճակոմ չէ, քիչ է խաղում ակումբում, իսկ ազգային հավաքականում նրա վերջին պաշտոնական խաղի հետ կապված միայն տհաճ հիշողություններ են մնացել, բայց Մալաքյանը գոնե հաստիքով հենց ձախ կիսապաշտպան է և հնարավոր է՝ կկարողանա առաջին խաղակեսում մի փոքր սրություն մտցնել այդ եզրում: Այս տարբերակի առավելությունը կայանում է նաև նրանում, որ հնարավորություն է տալիս Մինասյանին փոփոխությունների, մասնավորապես, Սարկիսովի, Մանուչարյանի, Մանոյանի շնորհիվ փոխել դասավորությունը խաղադաշտում կապված խաղի հաջող կամ անհաջող ընթացքի հետ: Եվ այսպես Հայաստան-Իտալիա խաղում թիմերի մեկնարկային կազմերի իմ տարբերակը հետևյալն է.

 Հայաստան- Բերեզովսկի-Ալեքսանյան-Արզումանյան-Մկոյան-Արտակ Եդիգարյան-Կառլեն Մկրտչյան-Արթուր Եդիգարյան-Արաս Օզբիլիս-Հենրիխ Մխիթարյան-Էդգար Մալաքյան-Յուրա Մովսիսյան

 Իտալիա-Ջիանլուիջի Բուֆֆոն-Կրիստիան Մաջջիո-Անդրեա Բարցալի-Լեոնարդո Բոնուչչի-Դոմենիկո Կրիշիտո-Անդրեա Պիռլո-Դանիելե Դե Ռոսսի-Կլաուդիո Մարկիզիո-Ռիկարդո Մոնտոլիվո-Մարիո Բալոտելլի-Պաբլո Օսվալդո

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել