Մի շարք հիվանդությունների վաղօրոք բացահայտումը և կանխարգելումը համեմատաբար կքչացներ բնակչության մահացությունը: Սրա համար պետք է երկրում գործի վաղօրոք բացահայտման և կանխարգելման գործող համակարգ: Հայաստանում մահացության պատճառների կառուցվածքի վիճակագրությունը հուշում է, թե հատկապես որ հիվանդությունների դեմ կանխարգելումը պետք է հանդիսանա ազգային առողջապահության հիմնական խնդիրը:
Այդ տեսակետից բավականին ողջունելի է պետական ծառայողների այս տարվա սոցիալական փաթեթում պարտադիր կանխարգելիչ բժշկական քննության բաղադրիչի ներդրումը: Նախ, այստեղ կարևորենք հատկապես դրա պարտադիր լինելու հանգամանքը, այլապես փաթեթից օգտվելու իրավունքից չեն կարող ունենալ սոցիալական փաթեթի շահառուները:
Նշենք, որ կանխարգելիչ բժշկական քննության բաղադրիչը ենթադրում է այնպիսի հետազոտությունների իրականացում, ինչպես օրինակ՝ արյան ընդհանուր հետազոտությունը, գլյուկոզայի և խոլեստերինի որոշումը, էլեկտրասրտագրությունը, ուլտրաձայնային սրտագրությունը, ֆլյուրոգրաֆիան, PSA թեստը տղամարդկանց համար, PAP թեստը կանանց համար և թերապևտի, ուռոլոգի և գինեկոլոգի խորհրդատվություններ:
Պետք է նշենք, որ հենց այսպիսի բազային հետազոտությունները և խորհրդատվությունները պարբերաբար անցնելու դեպքում որոշ հիվանդություններ իրենց սկզբնական փուլերում կբացահայտվեն և կբուժվեն:
Վերջում ավելացնենք, որ այս համակարգի ներդրումը բխում է ազգային անվտանգության շահերից:
Հուսով ենք, որ այն արդյունավետ կաշխատի, ինչպես նաև այս բաղադրիչի շրջանակներում բուժզննման ծավալները և հետազոտությունների ցանկը հետագայում կավելանան, և շուտով կընդգրկեն հասարակության ավելի լայն շերտեր: