Pastinfo.am-ը գրում է․

Վարդան Պետրոսյանի վթարի գործով Վերաքննիչ բողոք այս պահին չի ներկայացվել: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին 2 կողմերի փաստաբանները: Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը հայտնեց, որ դատարանից գրություն չի ստացել:
 
Իսկ տուժողների իրավահաջորդների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Բալոյանը նշեց, որ վերաքննիչ բողոքը պատրաստել է և սպասում է Հակոբյանների վերջնական որոշմանը:
 
Բալոյանն ասաց նաև, որ տուժող կողմը վճռական է առաջին ատյանի դատարանի վճիռը բողոքարկելու հարցում, և իրեն պատվիրել են պատրաստել բողոքը:
 
«Այդ դիրքորոշումը չի փոխվել, երևի թե մոտ օրերս կհանձնենք դատարան»,- ասաց Ռուբեն Բալոյանը:
Հիշեցնենք, որ հունվարի 29-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը շուրջ 1 տարի ընթացող դատավարության արդյունքում Վարդան Պետրոսյանին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ) նախատեսված հանցագործության կատարման մեջ` դատապարտելով 5 տարվա ազատազրկման, ինչպես նաև` 2 տարով զրկելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից:
 
Ի դեպ, վերաքննիչ բողոք ներկայացնելու ժամկետն ավարտվում է փետրվարի 28-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել