Fact.am-ը գրում է․
Թուրքական «Ռադիկալ» պարբերականի սյունակագիր, թուրք վերլուծաբան Մուրաթ Եթքինն իր հոդվածում անդրադարձել է ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններին՝ նշելով, որ վերջին ամիսներին Անկարայի և Վաշինգտոնի միջև շփումների պասիվություն է նկատվում:
«Թուրք-ամերիկյան հարաբերությունները նախկինում բազմիցս հանձնել են Հայկական հարցի քննությունը։ Վերջին անգամ այս երկրների միջև հարաբերությունները վտանգվել են 2007 թվականին, երբ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի կողմից հայկական բանաձևի ընդունումից հետո Թուրքիան հետ կանչեց իր դեսպանին Վաշինգտոնից: Սակայն ամեն բան կարգավորվեց, քանի որ ԱՄՆ-ի այն ժամանակվա նախագահ Ջորջ Բուշն ընթացք չտվեց այդ գործընթացին։
Նախագահ Բարաք Օբաման իր նախընտրական քարոզարշավի ընթացքում խոստացավ ընտրվելու դեպքում 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածը որպես ցեղասպանություն ճանաչել։ Հետագայում, սակայն, նա չկատարեց իր խոստումը՝ օգտագործելով հայկական «Մեծ եղեռն» տարբերակը։
2015 թվականը խորհրդանշական և էմոցիոնալ տարի է հայ ժողովրդի համար. նրանք նշում են 1915 թվականին տեղի ունեցած իրադարձությունների 100-րդ տարելիցը։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 2015 թվականի ապրիլի 24-ին Երևանում կայանալիք հատուկ միջոցառմանը մասնակցելու հրավեր է ուղարկել աշխարհի երկրների առաջնորդներին, որոնցից շատերն արդեն դրական պատասխան են տվել։ Իսկ Չանաքքալեի հաղթանակի օրվան նվիրված միջոցառումներին մասնակցելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերը կտրուկ մերժում է ստացել։ Դեռ ավելին՝ Սարգսյանը խորհրդարանից հետ է կանչել 2009 թվականին Շվեյցարիայում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները։
Այսօր Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններն իրենց «ոսկե դարաշրջանը» չեն ապրում: Կան բազում խնդրահարույց հարցեր՝ սկսած ուկրաինական ճգնաժամից մինչև Սիրիայի և Իրաքի իսլամիստներ, Սիրիայի և Եգիպտոսի վարչակարգերից մինչև Իսրայել։
Վերջին ամիսներին Անկարայի և Վաշինգտոնի միջև շփումների պասիվություն է նկատվում: Վերջին անգամ Թուրքիայի նախագահ Էրդողանն ու ԱՄՆ նախագահ Օբաման հեռախոսազրույց են ունեցել 2014 թվականի հոկտեմբերի 18-ին: Վերջին ամիսներին թուրք կամ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների միջև բարձր մակարդակի հանդիպումներ չեն եղել: Այս ամենին գումարվում է այն, որ 100-րդ տարելիցին Թուրքիան մոտենում է նաև առանց հրեական և արաբական լոբբինգի աջակցության:
Երկկողմ հարաբերություններին խանգարող ևս մեկ պատճառ է ԱՄՆ-ում բնակվող իսլամական քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի հետ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հարաբերությունների կտրուկ վատթարացումը։ ԱՄՆ-ն արդեն իսկ իր անհանգստությունն է հայտնել Թուրքիայում խոսքի ազատության իրավունքի կոպիտ ոտնահարումների կապակցությամբ։
Թվում է՝ Անկարան Վաշինգտոնի դեմ ռազմավարական խաղաքարտն օգտագործելուց բացի այլ հնարավորություն չունի՝ համոզելու Օբամային, որ այս անգամ դա կարող է մեծապես շահավետ լինել եթե ոչ թուրք ժողովրդի, ապա Սպիտակ տան համար», – նշում է հոդվածագիրը։