Մի քանի օր առաջ ընկերներիցս մեկը դիմեց ինձ՝ խնդրելով նյութ գրել և հորդորել հայ երկրպագուներին չգնալ և չդիմավորել Իտալիայի հավաքականին: Քանի որ ես սիրում եմ և ճիշտ եմ համարում ավելի շատ անդրադառնալ հենց բուն ֆուտբոլային իրադարձություններին, միանգամից չհամաձայնվեցի: Ես համոզված էի, որ մեր հավաքականի՝ վերջին շրջափուլում ունեցած որոշակի հաջողություններից հետո մարդկանց վերաբերմունքը և ֆուտբոլի ընկալումը փոխված կլինի: Բացի այդ, գրեթե վստահ էի, որ Իտալիայի հավաքականի պարագայում, որի կազմում հատուկենտ գերաստղեր են մնացել, չի կրկնվի Իսպանիայի հավաքականի՝ Երևան ժամանելու հետ կապված պատմությունը: Խոստովանեմ՝ այն նկարներն ու վիդեոները, որ տեսա երեկ, ստիպեցին ինձ հասկանալ, որ ընկերս իրավացի էր: Ինչ, ինչ, բայց այդպիսի զանգվածային “հիստերիա” ես չէի սպասում, և շատերը չէին սպասում: 100-200 հայ մարդիկ,  Իտալիայի հավաքականի, “Յուվենթուսի”, “Ռոմայի”, “Միլանի” և այլ ակումբների մարզահագուստներով, բաններներով, պաստառներով, պարզապես ողողել էին օդանավակայանը՝ իտալացի ֆուտբոլիստներին մոտիկից տեսնելու և քաջալերելու համար: “Յուվե, Յուվե”, “Բուֆֆոն, Բուֆֆոն” և նմանատիպ այլ վանկարկումներով “խելագարված” ամբոխն իտալացիներին առոք-փառոք ճանապարհեց մինչև ավտոբուս և ինքնաբավ ու էյֆորիկ զգացումներով հեռացավ օդանավակայանից: Ոչ ոք չի ասում, որ պետք չէ սիրել և գնահատել համաշխարհային ֆուտբոլի գերաստղերին կամ գերակումբներին: Վերջիվերջո, երկար ժամանակ չունենալով պատշաճ մակարդակի ֆուտբոլ, նաև հենց այդ խաղացողների և թիմերի շնորհիվ են շատ մարդիկ պահպանել իրենց սերը ֆուտբոլի նկատմամբ, բարձր պահել ֆուտբոլային ճաշակը: Բայց մրցակցին հենց սկզբից դիմավորել այնպես, ինչպես շատ հաճախ նույնիսկ Իտալիայում չեն անում, դա չափից դուրս է: Ի՞նչ է սա: Հայկական անտեղի հյուրընկալություն, թե՞ մի հատկանիշ, որ մշտապես եղել է մեր ազգ մի մեծ զանգվածի մեջ: Անընդհատ և ամեն կերպ հաճոյանալ օտարին, իսկ հետո բողոքել, թե “ոչխարներս տարան”:

Քչերը կհիշեն, բայց երբ 1996 և 1999 թվականներին Երևան էին ժամանում համապատասխանաբար Գերմանիայի և Ֆրանսիաի հավաքականները, որոնք, մեղմ ասած, պակաս գերաստղային չէին, ոչ օդանավակայանում և ոչ էլ որևէ այլ տեղ հայ մարդկանց կողմից չկար այսպիսի վերաբերմունք: Ի՞նչ է ստացվում: Մոտ 70 տարի Սովետական Միության կազմի մեջ եղած ազգի արժանապատվությունը և ազգային ինքնագիտակցությունն այն ժամանակ ավելի բարձր էր, քան անկախություն նվաճած ազգի, որի համար միակ և գերակայող արժեքը պետք է լինի սեփական հայրենիքը: Ցավալի է, բայց երբ Հայաստանի հավաքականը ծանրագույն պարտություն էր կրել Իռլանդիայում, օդանավակայանում թիմին քաջալերելու էին հավաքվել շատ ավելի նվազ թվով երկրպագուներ: Առավել ցավալի է, որ երեկ Իտալիայի հավաքականին սատարողների մեջ կային անդամներ նաև “ՖԱՖ”-ից, որի դիրքորոշումը մշտապես եղել է մրցակցի համար անտանելի պայմաններ ստեղծելը մարզադաշտում և նրա սահմաններից դուրս և որի անդամները գրեթե միշտ ապացուցել են իրենց հայրենասիրությունն ու նվիրվածությունը:

Երեկվանից թեման լայն արձագանք ստացավ նաև սոց.ցանցերում: Անկեղծ ասած, իմանալով ներկայիս հասարակության, հատկապես երիտասարդության դիրքորոշումը, կասկած անգամ չունեի, որ մարդկանց մեծ մասն արդարացնելու է երեկ օդանավակայանում հավաքվածներին: “Հա բայց ի՞նչ կա դրա մեջ”, “դուք էլ որ հնարավորություն ունենայիք, հաստատ կգնայիք”, “էտ մարդիկ հո ստադիոնում էլ չեն գոռալու “Իտալիա, Իտալիա”,- հիմնականում սա էր եղած մեկնաբանությունների   խտացված բովանդակությունը: Ուրեմն իմացեք, որ դրա մեջ վատ բան կա, հնարավորություն հաստատ ես և շատերն էլ ունեին, իսկ ստադիոնում էլ հաստատ գոռալու են “Իտալիա, Իտալիա”, ինչպես որ 2009-ին շատ-շատերն “Իսպանիա” էին գոռում և արտասվում Կասիլյասի բաղ թողած գոլից հետո: Օդանավակայանում “Յուվե, Յուվե” կամ “Բուֆֆոն, Բուֆֆոն” գոռացողը ինչո՞ւ պետք է նույնը չանի նաև մարզադաշտում: Կան նաև մարդիկ, որ օրինակ են բերում Հայաստան ժամանող արտասահմանյան երգիչներին: Ասում են՝ “Իգլեսիասը որ գար, գնալու էին գոռալու էին, չէ՞, բա սրանք էլ էս ոլորտի գերաստղերն են”: Համաձայն եմ, բայց Իգլեսիասը կամ թեկուզ Ստաս Միխայլովը եթե գա, չի գալու, ասենք Հայկոյի կամ Արսեն Սաֆարյանի հետ մրցակցելու: Գալու է, իր համերգը տա և գնա: Իսկ Իտալիան մեր մրցակիցն է, մոտակա մրցակիցը, որի հետ խաղի արդյունքից շատ բան է կախված: Եվ հենց սկզբից, այսպիսի տնավարի մթնոլորտ ստեղծելով իտալացիների համար, ոչ մի լավ բան էլ չենք անում: Իսկ եթե այդպես է, վաղը Հայաստանի հավաքականի անհաջող խաղի դեպքում ոչինչ և ոչ մի բան չպահանջեք մեր տղերքից: Այսուհետ չպահանջեք նաև, որ տոմսերի գները հավաքականի խաղերին ավելի էժան լինեն: Չէ՞ որ ամեն օր չի, որ Իտալիան է գալիս, Բուֆոնը, Պիռլոն: Չէ, ոչինչ չի փոխվել, ոչինչ չի փոխվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել