Զարմանում եմ այն մարդկանց վրա, ովքեր իսկական ողբերգություն են դարձրել Yerevan Mall-ում այսօրվա Black Friday-ատիպ ակցիան, երբ բազմաթիվ մարդիկ եկել էին 1000 դրամով կենցաղային էլեկտրոնիկա գնելու համար, ու արդյունքում ամեն ինչ վեր էր ածվել քաոսի, հրմշտոցի, ծեծկռտուքի ու էլի տարբեր նմանատիպ քիչ հաճելի բաների։
Ժողովուրդ ջան, որքան էլ տարօրինակ հնչի, բայց դա միանգամայն նորմալ ու տարածված երևույթ է, ու պետք չէ հիմա մեղավորներ գտնել ու քարեր նետել Yerevan Mall-ի ադմինիստրացիայի և նույնիսկ այդ հրմշտոցի անմիջական մասնակիցների ուղղությամբ։
Աշխարհում արդեն տարիներ շարունակ կիրառվում է Black Friday-ի պրակտիկան, երբ խանութներում հայտարարվում են հսկայական զեղչեր, ու մարդիկ նույն կերպ ու նույնիսկ ավելի վատ ձևով իրար միս են ուտում՝ ցանանալով տիրանալ իրենց բաղձալի ապրանքին։ Խնդրեմ, այս տեսանյութում կարող եք տեսնել նման տուրուդմփոցների մի քանի օրինակներ տարբեր երկրներից։
Ընդ որում, որևիցե նշանակություն չունի բնակչության կենսամակարդակը, որովհետև նման տհաճ տեսարանների կարող ենք ականատես լինել ինչպես միանգամայն բարեկեցիկ ԱՄՆ-ում, այնպպես էլ Արևմտաեվրոպական այնպիսի երկրներում, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան, Ֆրաանսիան, Իտալիան և այլն...
Ու կարիք չկա մեղադրելու ոչ ոքի։
Առևտրի կենտրոնն ընդհանրապես մեղավոր չէ, որովհետև առևտրի կենտրոնը չի կազմակերպել այս միջոցառումը, այլ այդ կենտրոնում տարածք վարձակալած կոնկրետ խանութ։
Պետք չէ մեղադրել կոնկրետ խանութին, որովհետև, ի վերջո, խանութը ոչ մեկին չի խաբել ու ակցիան արել է ու, ըստ էության, հասել է իր նպատակին, քանի որ նման ակցիաներ անելու իմաստը ճանաչում ստանալն ու հաճախորդ գրավելն է։
Պետք չէ մեղադրել նաև մարդկանց, ովքեր ցանկացել են գրեթե անվճար ձեռք բերել կենցաղային տեխնիկա։ Ես էլ դեմ չէի լինի 1000 դրամով նորմալ հեռոււստացույց գնել։ Պետք էլ չէ մեղադրել նրանց, ովքեր ոչ միայն դեմ չէին լինի, այլ ցանկացել են ամեն գնով ձեռք բերել։
Մի խոսքով, դադարեցրեք այդ կեղծ հայրենասիրական ու հայասիրական բարբաջանքները։ Black Friday-ները հենց նրա համար են, որ շատ մարդ, իրար հերթ ու տեղ չտալով, իրեն գցի առևտրի կենտրոններ, ու դա անում են ողջ աշխարհում՝ անկախ կենսամակարդակից։ Պետք չէ ողբերգություն դարձնել դա։