Մամուլն ուսումնասիրելիս աչքովս ընկավ Լևոն Տեր-Պետրոսյանի «Սրտիս պարտքը» վերնագրով հայտարարությունը: Այնտեղ խոսվում էր ՀԱԿ-ի հետ տարբեր ժամանակներում համագործակցող ուժերի և անհատների, մասնավորապես Խաչատուր Սուքիասյանի և Գագիկ Ծառուկյանի քայլերի մասին:
Հետաքրքիրն այն էր, որ առաջին նախագահի հայտարարությունը բովանդակային առումով նման էր ասպարեզից ընդմիշտ հեռանալ ցանկացող մարդու խոսքի: Մյուս կողմից էլ այն կարծես կարճ քաղաքական հաշվետվություն լիներ, որտեղ Լևոն Տեր Պետրոսյանն ամփոփում էր անցած քաղաքական ուղին և այդ ճանապարհին իրեն օգնած քաղաքական գործիչների աշխատանքները:
Մասնավորապես, եթե ուշադիր լինենք, Տեր-Պետրոսյանը խոսում է Գագիկ Ծառուկյանի հետ համագործակցության մասին և ամփոփում անցած երեք տարիների ընթացքում ձեռքբերումներն ու բացթողումները:
Բացի այդ, պետք է ուշադրություն դարձնենք տեքստի վերջին պարբերությանը.
«Ես և Հայ Ազգային Կոնգրեսը երբևէ չենք ուրացել ազգին ու պետականությանը թեկուզ փոքրիկ ծառայություն մատուցած որևէ անձի կամ կազմակերպության երախտիքը, ինչպես էլ հետագայում դասավորված լինեն վերջիններիս հետ մեր հարաբերությունները։ Այնպես որ ակնկալում եմ, որ այս հոդվածով հայտնած «սրտիս պարտքը» դառնա Հայաստանի բոլոր առողջ քաղաքական ուժերի, բոլոր ազնիվ քաղաքացիների «սրտի պարտքը»:
Կարծում եմ, որ նման մտքերը բնորոշ են միայն քաղաքական ասպարեզը լքող գործչի խոսքերին:
Մեզ այս հայտարությունը թույլ է տալիս եզրակացնել, որ ՀՀ առաջին նախագահը շուտով հեռանալու է քաղաքական բեմահարթակից, իսկ այս հայտարարությունն էլ հրաժեշտի «հաշվետվություն-հայտարարություն» էր: