Փետրվարի 12-ին, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ խորհրդի նիստում կարդում էր Գագիկ Ծառուկյանի (կարդա՝ Ք.Քոչարյանի և Լ.Տեր Պետրոսյանի) քաղաքական մահախոսականը, հայոց տոնա-ծիսական օրացույցով Բարեկենդան (եվրոպական Կառնավալ) տոնի վերջին օրերից էր: Բարեկանդանի տոնի տրամաբանությունը ծաղրի, վերից վար և վարից վեր դերերը շրջելու, անհնազանդության, անզսպության, ինքնահռչակումների, գրոտեսկի մշակույթի մեջ է: Փետրվարի 13-ին Բարեկենդանը շարունակվում էր, և այդ տոնի տրամաբանությամբ Գագիկ Ծառուկյանը հանդես եկավ նույն մշակույթի տրամաբանության թելադրանքով՝ գրոտեսկային սպառնալիքով ու հոխորտանքով: «Բարեկենդան օրեր է, խելքս գլխես կորել է»: Բարեկենդան օրերին խելքը կորցնելը սահմանված էր ժողովրդական ավանդույթով: Ընդ որում, երկշաբթյա բարեկենդանյան տոներին «խելքը կորցնելու» արտոնությունը գնալով աճում և համարյա խելահեղության էր հասնում վերջին օրերին: Փետրվարի 15-ին սկսվեց Մեծ պասը՝ ենթարկվելու, ինքնազսպման, հնազանդության հանրային վերահսկողության, անձերի ու խմբերի՝ հաստատված նորմերի չափազանցված վերարտադրության շրջանը: Բարեկենդանյան մակընթացությունն ավարտվեց, մի փոքր շրջապտույտ արեց, դադար տվեց և Մեծ պասի հետ սկսվեց հնազանդության երդմնակալությունը: Ամեն ինչ ճիշտ է, բարեկամներս: Գլխավոր դերակատարները հավատարմորեն կատարել են ավանդույթի ուժով վերապահված դերերը: Զորավո՜ր բան է ծեսը: Առավել զորավոր՝ քաղաքական ծեսը: Հավասարակշությունը կվերականգնվի, և մեծ Հաշտությունը կկայանա Մեծ պասից հետո՝ Զատիկին: Բայց մինչ այդ՝ Ավագ շաբաթվա չորեքշաբթի, «կվերացնեն» չարիքները: Սովորաբար սկսում են վերացնել մկից՝ «չիք, չիք, մուկը չիք»: Հետո կարիճը՝ «չիք, չիք, կարիճը չիք»... Չարիքները վերացնելուց հետո պատրաստվում են Մեծ հաղորդությանը՝ Զատիկին: Բոլոր հարցերը լուծած, չարը վերացրած, հաշտությունը կայացրած... Այս տարի Զատիկը՝ Հարության տոնը, կընկնի ապրիլի հինգին: Մեծ պասի ինքնազսպման տևական շրջանի ավարտին Հարության տոնի համազգային ապաշխարանքով հայությունը մաքրված անցյալով՝ «մարմնով ու հոգով մաքուր», կնախապատրաստվի Մեծ Եղեռնի զոհերից առավել արժանավորների սրբադասմանը: Անարժանների հոգիները կմնան գեհենի կրակներում: Գեհենի կրակներում կշարունակեն մնալ նաև Հայաստանի հանրապետության քաղաքացիների մեծ մասի մարմինները: Բայց Մեծ Հաշտությունն այնպիսի զորավոր երևույթ է, որ մարմնով գեհենի կրակներում մնացող ՀՀ քաղաքացիները կօրհնեն հայտնի «սհաթը»... Դառնամ զողորմի, տի տամ անցավոր քաղաքականներին... Հազա՜ր ողորմի...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hranush.kharatyan/posts/453931184759163?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել