Ընդամենը երեք տառ: Բայց իմաստը….
Ընդամենը մեկ բառ, երեք տառ ու …սկսվում է ամեն ինչ:
Հետաքրքիր է, քանի՞ բառ կա երեք տառով. սուտ, մահ, գեն, որբ, ձագ, բոթ, սեր, թուր, սուր, հաբ, բիբ, աղբ, գութ, տղա, քար, դար, կար, սար…
Չէ~, այդ բառն այստեղ չկա: Այն գտնվելու մեկ վայր ունի միայն` 
«Հոգի» ինքնավար հանրապետության մայրաքաղաք՝ «Սրտի» կենտրոնից 36 աստիճան դեպի հյուսիս-արևմուտք:
Այդ բառը կարող է ընդամենը մեկ վայրկյանում փոխել ամբողջ կյանքի ընթացքը:
Կախարդական բառ է: Եվ բոլորովին էլ իզուր չէ, որ թաքնվել է սրտի մեջ, քանի որ հենց սրտից էլ դուրս են գալիս բոլոր, բոլոր բառերն իրենց նշանակությամբ:
Սրտից է դուրս գալիս ժպիտը, երբ ուզում ես լաց լինել:
Սրտից է դուրս գալիս լացը, երբ շատ երջանիկ ես:
Սրտից է դուրս գալիս ծիծաղը, երբ շատ ես անհանգստանում:

* * *
Երբ միացավ ինտերնետային կրիչը, էկրանին երևաց գովազդային շարժապատկեր, փակվեց ու հաջորդեց ինչ- որ սոցիալական ցանցի ծանոթությունների կայք:

* * *
Արդեն երկու ամիս է, ինչ նամակարգական կոչվող կապով <կախված> եմ ինտերնետ-սարդոստայնի թելերից:
Անունը Քրիստինա է, տարիքը` քսանչորս, եթե, իհարկե, ճիշտ է ասել:
Նկարներ չենք փոխանակել, չենք հանդիպել:
Շփվել ենք առանց մտերմական արտահայտությունների, առանց քնքուշ բառերի, բայց միշտ գտել ենք անհանգստացնող թեմաների ու մտքերի ընդհանուր պատասխաններ:
Չէի կարող հանդիպել: Այսօր բժիշկն ասաց, որ ոտքիս ոսկորն արդեն կպել է, կարելի է քայլել:
Որոշեցի հանդիպել:
Երբ միացրեցի համակարգիչս, տեսա հաղորդագրության թարթիչ աչքը:
< Ողջույն, սիրելի´ս, ի´մ սեր: Այսօր քո սիրած զգեստն եմ հագել, հիշո՞ւմ ես` սպիտակը, կապույտ գծերով: Ձեռքիս ափերը մեկնել եմ քեզ ու սպասում եմ…> 
Բայց մենք երբեք չենք հանդիպել: Սա ի՞նչ նամակ է…
Ուրիշին ուղղվա՞ծ ու պատահականորեն ի՞նձ ուղարկված: 
<Մենք չենք հանդիպել, ինչպե՞ս պետք է հիշեմ… դու երևի շփոթել ես հասցեն >:
Նամակն անհայտացավ իմ համակարգչի էկրանից հենց այն ժամանակ, երբ բնակարանում անջատվեց էլեկտրական հոսանքը:
Երկու ամսվա իմ անկեղծությունը ցնդեց սենյակի մթության մեջ:
Դե, իսկ նա, ում հասցեագրված է նամակը, արդեն շատ հեռու է գնացել շփումների մեջ:
Երբ նորից միացավ համակարգիչս, նոր հաղորդագրություն էր.
<Դրանք իմ երկու ամսվա չուղարկված տողերն , որ քեզ համար էի պատրաստել… Ուղարկեցի` իմանալով, որ ապաքինվել ես և էլ չես գրի>:
<Ես այնքան շնորհակալ եմ քեզ`այս ընթացքում ինձ հետ լինելու համար, որ չգիտեմ, ինչպես պետք է… Դու ինձ անչափ օգնեցիր: Չէ՞ որ, իմանալով իմ վիճակը`ինձ լքեց ընկերուհիս, իսկ դու…>

<Ես գիտեմ, որ չես ցանկանա հանդիպել: Ես էլ չեմ ցանկանա, քանի որ ինձ տեսնելուց հետո, միևնույն է, դո´ւ ես հետ կանգնելու>:
<Ինչո՞ւ: Ինձ համար արտաքինը նշանակություն չունի, չե՞ս հավատում>:
<Չգիտեմ: Դու ուզո՞ւմ ես հանդիպել>:
<Անպայմա´ն: Ես կարող եմ վաղվանից քայլել, ճիշտ է դանդաղ բայց…>:
<Լա´վ, երեկոյան կխոսենք>: 

* * *
Ինչքան գեղեցիկ նամակներ եմ ստացել քեզանից` ինձ համար դժվար պահերին:
Շատ տողեր անգիր գիտեմ: Ոչ թե այն պատճառով, որ անգիր եմ արել, այլ, որ կարդացել եմ բազմաթիվ անգամ:
Քո ամեն մի նամակից ես ուզում էի թչկոտել իմ կոտրված ոտքով: Դու ինձ այնքան հույս տվեցիր, որ…

* * * 
< Քեզ հարմա՞ր է ուրբաթ օրը, ժամը 18.00 >:
< Այո, միայն թող մոտ լինի իմ տանը, շատ չեմ կարող քայլել >:
< Ինքդ որոշիր >:
< Տերյանի արձանի մոտ: Կգա՞ս >:
< Ես կլինեմ ինչպես նկարագրել էի. զգեստս`սպիտակ` կապույտ գծերով, ձեռքիս կլինի կարմիր վարդ: Բայց մի պայմանով: Հակառակ դեպքում չեմ գա: Եթե քեզ դուր չգամ, չմոտենաս: Պայմանավորվեցի՞նք >:
< Այդպես ճիշտ չէ >:
< Ուրեմն չեմ գա >:

* * *
Տերյանի արձանի մոտ տեղ չկար նստելու:
Ձեռնափայտին հենված տղան մոտեցավ ու նստեց մի նստարանի ծայրին, որտեղից և´ ինքն էր երևում, և´ արձանը: Մացառուտներին հենած ձեռնափայտը վայր ընկավ, բայց տղան չնկատեց: 
Անցավ տասը րոպե:
<Ես չեմ կարող անտարբեր մնալ, անպայման կմոտենամ>:

Դանդաղ քայլերով մոտենում էր մի կին`հագին` կապույտ գծերով սպիտակ զգեստ:
Հայացքը սահեց-անցավ բոլոր նստարանների մարդկանց վրայով ու…. կանգ առավ:
Կանգ առավ նաև տղայի սիրտը:
Պարզ երևում էր, որ կինը տղայից տարիքով մեծ էր:
Ձեռքին կարմիր վարդ չկար:
Անհանգիստ էր: Ու կարծես անօգնական աչքերով փնտրում էր ձեռնափայտով տղային: 
Տղան ասես կռահելով`շտապեց կռանալ ու վերցնել մացառուտների միջից երևացող ձեռնափայտը: Չկարողացավ:
Մտածեց, եթե հապաղի, կինը կգնա, ու ինքը հաստատ չի հասնի նրա հետևից:
Կանգնեց մի կերպ ու կաղալով` մոտեցավ:
- Քրիստինա՞:
- Չէ´, ես Լուսինեն եմ, անունս ուղղակի….
- Նշանակություն չունի, իսկ վարդը՞, չկա՞…
- Վարդն ինձ մոտ է: Ես եմ Քրիստինան:
Մի կերպ շրջվեց: Տեսավ իրեն հասակակից մի աղջկա` ձեռքին կարմիր վարդ:
Գեղեցիկ էր, ժամանակակից, սպիտակ վերնաշապիկով ու կապույտ ջինսով:
- Ուզում էի ճշտել, կմոտենաս, թե՞… Լուսինեն իմ հարևանուհին է: Ես էի խնդրել: Քեզ ամեն ինչ կպատմեմ: Լուսի´ն ջան, քե´զ էլ շնորհակալություն: Երեկոյան կխոսենք:
Լուսինեն գլուխը կախ հեռացավ: Մոտեցավ նստարանին, կռացավ վերցրեց ձեռնափայտը, բերեց, լուռ տվեց տղային և երբ փորձ արեց հեռանալու, վերջինս բռնեց նրա թևը.
- Մի րոպե, խնդրո´ւմ եմ:
Հետո շրջվեց դեպի Քրիստինան ու հարցրեց.
- Դու կարո՞ղ ես կրկնել, թե որքա՞ն է կյանքի երկարությունը: Դու ինձ գրել ես:
- Դե, այնքան, որքան ի վերուստ է տրված: 
- Կյանքի երկարությունը կյանքի վերջին պարի տևողության չափ է: Ե´ս եմ գրել,- պատասխանեց Լուսինեն:

* * *
Ընդամենը երեք տառ: 
Կախարդական բառ: Եվ բոլորովին էլ իզուր չէ, որ թաքնվել է սրտի մեջ, քանի որ հենց սրտից էլ դուրս են գալիս բոլոր, բոլոր բառերը:
Սրտից են դուրս գալիս ժպիտը, լացը, երջանկությունը, ծիծաղը, ցավը, անհանգստությունը, հոգատարությունը:
Սրտից է դուրս գալիս նաև այդ կախարդական բառը:
- Դո՞ւ ես ինձ այս երկու ամիս գրել նրա փոխարեն,- հենվելով Լուսինեի ձեռքին` հարցրեց տղան:
Կախարդական բառ…
Ընդամենը երեք տառ…
- Այո:

* * *
Նստարանին երկուսով են:
Լուռ նայում են կանաչ թփերի վրա թռվռացող մի զույգ թիթեռի:
Թիթեռները պարում էին:
Արևի ճառագայթների տակ իսկական մեկ սիրո համերգ էր:
Մի անխոս պատմություն, որ ցույց էր տալիս, թե որքա~ն գեղեցիկ է սերը:
Նրանք սիրում էին արևը, ջերմությունը, շրջապատող կանաչը և մեղմ շոյող զեփյուռը, որը մասնակիորեն խանգարում էր թիթեռների զուգապարին:
Թիթեռները լուծվում էին սիրո մեջ, գնահատում իրար հպվելու յուրաքանչյուր ակնթարթը, որովհետև գիտեին, որ իրենք շատ քիչ ժամանակ ունեն ապրելու:
…Որովհետև գիտեին, որ երեկոյան գեղեցիկ պտույտներով նրանք կընկնեն գետնին, միասին… և դա նրանց կյանքի վերջին պարն է:

- Գեղեցիկ են պարում, չէ՞,- Լուսինեն գրկեց տղայի մեջքը:
- Այո, շատ: Եթե մենք մի քանի ժամ էլ նստենք, կտեսնենք նրանց մահը: Ավելի լավ է, գնանք:
- Գնանք մեր տուն: Կգա՞ս: Ընդամենը երկու կանգառ է:Ես քեզ կօգնեմ:
- Գնանք:

* * *
Առավոտյան տղան զգույշ, առանց ձեռնափայտի մի կերպ մոտեցավ պատուհանին, այնպես որ չարթնացնի նրան: 
Արևի շողերը կարծես դիտմամբ սավանի վրա ընդգծել էին Լուսինեի մարմինը:
Չարչարանքից փքված շուրթերը կիսաբաց էին, ու արևի շողերից փայլում էին մանր գեղեցիկ ատամները:
Այդպես հանգիստ ու խաղաղ քնում են միայն երեխաները:
Չէր ցանկանում արթնացնել նրան իր ձեռնափայտի ձայնով:
Լուսինեն կարծես զգաց նրա ներկայությունը:
Արթնացավ, տեսավ պատուհանից դուրս նայող տղային:
Սավանը վրայից սահել էր, ու երևում էին նուրբ կրծքերը:
Սպիտակ մարմնի վրա աչքի էին զարնում կրծքերի մուգ կարմիր կոճակները:
Մահճակալի մոտ` գետնին ընկած էր կապույտ գծերով սպիտակ զգեստը:


* * *
Առավոտյան Տերյանի արձանի մոտ գտնվող նստարաններից մեկի մոտ ընկած էր մի թիթեռ: Կողքին զուգընկեր թիթեռն էր, որ չէր հեռացել:
Նրանց վերջին պարը ընդհատվել էր, չէր վերջացել:
Շուրջը ծագող արևն էր: Մեղմ քամին էլ հանդարտ տատանում էր կանաչ խոտը և հանգած թիթեռի թևերը:
Թվում էր, թե թիթեռը կենդանի էր: Բայց այդպես չէր:
Նա իր վերջին պարն էր պարել զուգընկերոջ համար:
Մինչև վերջ նրանք չլքեցին միմյանց:

* * *
Սերն է գեղեցկացնում ամբողջ կյանքի ընթացքը:
Մեզ տրված է հնարավորություն առավոտյան համբուրելու սիրո լուսաբացը, երեկոյան սիրագորով գրկելու սիրո մայրամուտը, գիշերը վայելելու սիրո կարմիր պտուղները… գնահատելու քայլերն այն մարդու, որը պատրաստ է քեզ հետ պարելու կյանքի երկարության չափ տևող սիրո պարը: 

Ընդամենը երեք տառ: Բայց իմաստը….

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել