Վերջին երեք տարիներին Հայաստանի բանկային համակարգը զարգացման տեմպերով առաջ է անցել ՀՆԱ-ի աճի տեմպերից: Դրա արդյունքում, համեմատած Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ մի շարք երկրների հետ, Հայաստանի բանկային համակարգում արձանագրվել են յուրօրինակ ցուցանիշներ:
2014 թվականին վարկերը բաժանած ՀՆԱ-ի ցուցանիշի վրա՝ մենք ունեցանք 47.7 տոկոսանոց ցուցանիշ: Նշենք, որ դա Ռուսաստանին շատ մոտ թիվ է եղել: Այսօր բանկային համակարգի ակտիվները ՀՆԱ-ի նկատմամբ կազմում են շուրջ 75.8 տոկոս, դեպոզիտները՝ 37.8 տոկոս: Այս մրցակցության պայմաններում նմանօրինակ աճի ապահովումը եղել է ի հաշիվ համապատասխան շահութաբերության։
Ցուցանիշների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Հայաստանի բանկային համակարգն առաջ է Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի երկրներից, որտեղ շահութաբերության մակարդակը բավական ցածր է:
Շահույթը բաժանած կապիտալի եկամտաբերության վրա ցուցանիշով Հայաստանի բանկային համակարգը բավական ցածր մակարդակի վրա է: Եթե մեր հարևան երկրներում այս ուղղությամբ երկնիշ թվեր են գրանցվում, ապա Հայաստանում դա կազմել է 6.9 տոկոս: Այս տարիների ընթացքում այս մրցակցության պայմաններում նմանատիպ ակտիվ վարկավորման և վարկերի ծավալների մեծացման գործընթացն ուղեկցվել է համապատասխան եկամտաբերության նվազմամբ: Բանկերն այդպիսի արդյունքներ չէին կարող ցույց տալ: Ծախսերը բաժանած եկամուտների վրա ցուցանիշը փոքր բանկերի մոտ 65-90 տոկոս է կազմում: Ստացվում է, որ ծախսերը մեծամասամբ ուտում են եկամուտները: Բանկերի խոշորացումը նպաստում է ծախսերի նվազմանը եկամուտների հանդեպ: Դա բնական է, որովհետև այստեղ ի հայտ է գալիս մասշտաբի էֆեկտը:
Հետագա զարգացման խնդիրները միանշանակ կապված են նրա հետ, որ բանկերը պետք է դառնան ավելի էֆեկտիվ, որ ապահովեն հետագա զարգացում:
Այն բանկերը, որոնք ծախսերի և եկամուտների հարաբերակցության ցածր ցուցանիշ ունեն, լուրջ խնդիրների առաջ կկանգնեն: Հետևաբար բանկերը պատրաստ են լինելու նաև, կատարելով Կենտրոնական բանկի պահանջը, միաձուլվել, վաճառվել, խոշորանալ: Խոշորացումն անխուսափելի է, որովհետև փոքր բանկերը չեն դիմանալու մրցակցությանը:
Չնայած խնդիրներին՝ նախորդ տարի Հայաստանի բանկային համակարգը վարկավորման և ավանդների ներգրավման ծավալների աճ է արձանագրել: Հայաստանյան բանկերի ակտիվները նախորդ տարի աճել են 16 տոկոսով, ընդհանուր կապիտալի աճը կազմել է 4 տոկոս, որոշ բանկեր ավելացրել են իրենց կանոնադրական կապիտալը: Բանկերի վարկային ներդրումները նախորդ տարի աճել են 21 տոկոսով, չնայած որ 2014-ը վարկավորման համար ծանր տարի է եղել: