Գիրքը, որի մասին պիտի խոսեմ, կարծում եմ արժանի է ուշադրության և խորքային վերլուծյության: Քանզի շոշափում է շատ կարևոր թեմա՝ հայ ժողովրդի պատմության մի առանցքային շրջան: Չնայած որ գրքի վերջում մեջբերվում է Ժորժ Բատայի տողերը՝ «Ուզեցի ոչ այնքան միտքս արտահայտել, որքան օգնել քեզ՝ դուրս գալու անորոշությունից, ինչի մասին դու ինքդ ես մտածում», պիտի նշեմ, որ գիրքը ավելի շուտ անորոշ վիճակի բերեց, քան դուրս հանեց այդ վիճակից: Կփորձեմ վերլուծել գիրքը՝ առանց իմ սուբյեկտիվ տեսակետի քննարկման: Կցանկանայի, որ Հայ Առաքելական Եկեղեցին ինքը պարզաբաներ ամեն բան, եթե գիրքը կեղծիք է՝ ապացուցեր, փաստարկներ ներկայացներ և արգելեր գրքի հետագա վաճառքն ու տպագրությունը, եթե կեղծիք չէ՝ ապա հարկ է վերանայել մեր ամբողջ պատմագրությունը, վերագնահատել մի շարք համոզմունքներ և արժեքներ, ի վերջո որպես երկրի գլխավոր կրոնական կառույց՝ դուրս հանել ընթերցողին անորոշությունից:
Գիրքը բաղկացած է 424 էջից և 20 գլուխներից, որոնցում մանրամասնորեն շարադրված և վերլուծված է Վարդանանց պատերազմին նախորդող, նաև հաջորդող տարիները: Այն մասին, թե իրականում )ըստ հեղինակի) ի՞նչ նշանակություն ուներ Վարդանանց պատերազմը, ո՞րն էր եկեղեցու նպատակը, և ի վերջո ինչի՞ հանգեցրեց հանուն եկեղեցու նահատակվելու քարոզը: Հեղինակը եկեղեցուն մեղադրում է մի շարք հարցրում.
- Հայական քաղաքակրթությունը ոչնչացնելու, հայոց պետականության կործանմանը նպաստելու
- իր բնօրրանից հայ ժողովրդի արտագաղթ սկզբնավորելու
- հայոց այրուձիի վախճանի պատճառ դառնալու
- հայոց ազգային ոգին տկարեցնելու, կորստի մատնելու մեջ:
Բայց կարծում եմ, այս բոլորի հետ միասին, ուշագրավ է մի փաստ ևս. Հեղինակը եկեղեցական մատենագիրներին և պատմագիրներին մեղադրում է պատմությունը կեղծելու, ժամանակագրությունը խախտելու, դարեր ի վեր հային կեղծ պատմություն հրամցնելու մեջ: Փորձեմ ըստ հեղինակի հիմնավորել նրա «մեղադրականները»՝ ուղղված եկեղեցուն՝ որքան հնարավոր է կարճ և հասկանալի շարադրելով : Կարծում եմ այն, որ եկեղեցին իրոք ոչնչացրել է մի ամբողջ շրջանի մշակույթ ու քաղաքակրթություն՝ ոչ նորություն է, ոչ գաղտնիք: Ուստի շատ կանգ չեմ առնում 1-ին կետի վրա: Սկսեմ վերլուծել գրքի այն հատվածը, որը ներկայացնում է բուն վարդանանց պատերազմը և նրանում եկեղեցու դերը:
«Երեք ճակատամարտ կա, որոնց ոգով դաստիարակվել ենք: Այդ երեքն են՝ Հայկի և Բելի, Ավարայրի, Սարդարապատի: Հայոց զենքի փառաբանումից բացի՝ այս հզոր ընդվզումները փաստարկումներն են, համաձայն որոնց՝ ա) Բելին կործանելով՝ հայը հաստատեց ազատ ապրելու իր կամքը, բ) Վարդանանց նահատակությամբ ջատագովվեց հանուն հավատի զոհաբերվելու պատրաստակամությունը, գ) ճակատագրական պահին միասնականանալով, Սարդարապատում ապացուցեց կյանքի սեփական իրավունք ունենալը: Թեև թվարկման մեջ նույնպես մեր ազգային վիճակի վարընթաց զարգացումը նկատելի է , բայց հայրենասիրություն սերմանելու համար պատմական այս երեք մեծագույն իրադարձությունները միանգամայն բավարար, իսկ գնահատումներն անառարկելի են եղել: Ավելին, հիմա էլ կարող է իբրև սրբապղծություն համարվել ընդունվածին չհամընկնող կարծիք հայտնելը, բայց այդպիսով, միևնույնն է, չես կարող ունենալ այն հարցի պատասխանը, թե , այնուամենայնիվ ինչու և ինչպես մենք դարձանք բարոյական հաղթանակներով ոչ միայն բավարարվող, այլև ոգևորվող ժողովուրդ: Իսկ հարցը բխում է Վարդանանց պատերազմի մեկնաբանությունից, եկեղեցու կողմից նրան արժանացրած առանձնաշնորհից»: Այսպիսով՝ գրքի հենց սկզբնամասում հեղինակը ակնարկում է, որ այն, ինչի մասին ինքը խոսելու է, տարբերվում է ընդունված տեսակետից, և որ դրա համար միգուցե և իր արածը կարող է համարվել սրբապղծություն: Սակայն հարկ է նշել, որ հեղինակը ամենևին էլ չի ստորացնում եկեղեցու դերը արդի հասարակության մեջ, այլ միայն նշում է, որ .«Հայն այլևս ոչ թե ծնվելու է եկեղեցու հոգևոր հոտը գոյացնելու համար, այլ եկեղեցին պիտի ծառայի ու սպասավորի հայ մարդուն: Սա է եկեղեցի-պետություն, եկեղեցի-ժողովուրդ հարաբերություններում շեշտադրության սկզբունքային տեղափոխությունը»: Այս տողրով հեղինակը հասկացնում է, որ իր ուզածը ոչ թե եկեղեցու կործանումն է, այլ ընդամենը նրա գործառույթների վերանայումը. «Գիտակցում ենք, որ ավերմունքը չափազանց մեծ կլինի, եթե մեր կյանքից կտրուկ բացառենք այս հաստատությունը: Այսօր ժողովուրդն այնպիսի փխրուն ու ընկճված վիճակում է , որ նոր մի 301 թվական՝ և հայը վերջնականապես կհիասթափվի ինքն իրենից: Հետևաբար, ազգային նպատակներին հասնելու համար ավելի ճիշտ է սահուն անցում կատարել դեպի նոր որակ»: Ահա այս տողերում երևում է հեղինակի ասելիքը, այն է՝ ոչ թե փոխել կրոնը, այլ՝ վերաիմաստավորել այն (կոպիտ ասած՝ հեղինակը նշված տողերում ապահովագրում է իրեն ): Գրքում ներկայացվում են պատմության այնպիսի ծալքեր, որոնք այնքան էլ լավ չեն լուսաբանվել մինչ օրս, լուսաբանվել են խիստ «լղոզված» կամ առհասարակ մոռացության են մատնվել: Ո՞րն է մեզ ծանոթ Վարդանանց պատերազմը: Հազկերտը հայերին կրոնափոխության առաջարկ արեց, եկեղեցին ու ժողովուրդը մերժեցին, Սյունին ընդունեց , դարձավ դավաճան, հետո ամբողջ հայ ազգը ոտքի ելավ , հանուն եկեղեցու համար նահատակվելու հերոս- մահու պայքար մղեց և բարոյական հաղթանակ տարավ: Իսկ այս բարոյական ներկայացվող հաղթանակը ֆերտիշ ու օրինակ դարձավ մեր ամբողջ պատմության ընթացքում: Հիմա ներկայացնեմ, թե ինչպես է այս ամենը ներկայացնում և վերլուծում հեղինակը: Ներկայացնում եմ ըստ ժամանակագրության.
428 թվական: Հայաստանում թագավորական հարստության փոփոխությունն անհրաժեշտություն էր դարձել: Սակայն Հայոց Արշակունիների դինաստիայի բարձումից հետո նոր թագավորական տան հաստատումը հետաձգվեց: Երկիրը սկսեց կառավարվել փոխարքայի կարգավիճակ ունեցող մարզպանի միջոցով: Պարսից արքունիքը, դժգոհ լինելով Հայաստանյաց եկեղեցու վարած բյուզանդամետ քաղաքականությունից, կաթողիկոսական գահից հեռացրեց Սահակ Ա. Պարթևին: Եկեղեցին զրկվեց իր արտոնություններից, առաջին հերթին՝ մեծ դատավարության գործակալությունից և հարկահավաքության իրավունքից:
449թ. Սկիզբ- արքայից արքա Հազկերտ Բ-ի անունից Միհրներսեհ Մեծ Հազարապետը հատուկ նամակ է հղում Հայոց Մեծաց՝ կրոնափոխության առաջարկությամբ: Արտաշատում գումարվում է ժողով, որին մասնակցում են 17 եպիսկոպոս և 17 նախարար՝ Հայաստանի մարզպան Վասակ Սյունու և Հայոց կաթողիկոս Հովսեփ Ա. Հողոցմեցու գլխավորությամբ: Ժողովը մերժում է զրադաշտություն ընդունելու Հազկերտի առաջարկը:
Հարկ է շեշտել, որ կրոնափոխության առաջարկը Արտաշատում մերժեց Վասակ Սյունին, նա դեռ եկեղեցու հետ միասնական էր գործում և ամենևին էլ դավաճան չէր համարվում:
449 թ. գարուն: Հայոց, վրաց և Աղվանից իշխանները կանչվում են Տիզբոն՝ պատասխանատվության: Մահապատժի սպառնալիքի ներքո նրանք դիմում են հավատուրացության : Հազկերտ Բ-ն մովպետան մովպետի գլխավորությամբ 700 մոգերի և հսկիչ զորախմբի ուղեկցությամբ նախարարներին արձակում է Հայաստան՝ մեկ տարվա ընթացքում զրադաշտությունը տարածելու հանձնարարությամբ.. Հետաքրքիր է, որ ուրացած նախարարները Հայաստան են վերադառնում մեկ հավաքական դեմքով: Նրանցից որևէ մեկին, որևէ կերպ պատմագիրները չեն առանձնացնում: Բոլորը մեկ ամբողություն էին՝ ուրացողներ: նրանցից ոչ ոք չէր տուժել: Հազկերտը բոլորի պատիվներն ու գահերը վերականգնել էր, առաջ քաշել ու երևելի դարձրել «իր ամբողջ տիեզերական իշխանության մեջ», յուրաքանչյուրին անչափ առատությամբ ագարակներ ու ավաններ շնորհել արքունիքից: Միայն Վասակ Սյունին էր ծանր սրտով վերադառնում. նրա Բաբիկ և Ամիրներսեհ որդիներին Հազկերտը պատանդ պահեց տիզբոնում, որովհետև շատերին էր հնարավոր սիրաշահել, բայց եթե զսպել էր պետք, ապա միայն Վասակին՝ Սյունաց տանուտերին: Հազկերտն իր փոխարքային լավ էր ճանաչում…
Լուրը մեծ խռովություն է առաջացնում Հայաստանում: Եպիսկոպոսների ժողովը սրբազան պատերազմի կոչով դիմում է ժողովրդին:
449թ. սեպտեմբերի վերջ: Անգղում մոգերը փորձում են եկեղեցին ատրուշանի վերածել: Ժողովուրդը Ղևոնդ Երեցի գլխավորությամբ կոտորում է նրանց: Նմանօրինակ դեպքեր են տեղի ունենում նաև Զարեհավանում: Անգղի դեպքերից հետո ապստամբության կազմակերպիչն ու ղեկավարը Սյունին էր, ոգեշնչողը՝ եպիսկոպոսաց դասը: Այս շրջանում առանց Վասակի եկեղեցին չէր կարող ոչինչ անել : Վասակը երկրի օրինական բարձրագույն իշխանությունն էր , նրա կոչը մեծ կշիռ ուներ: Վասակը պարզապես ապստամբների հետ չէր, նա գլխավորում էր ապստամբությունը: Եվ որոշ նախարարների պես ընտանիքն ու հարստությունը չէր տեղափոխել բյուզանդական հատված, ապա նոր ուխտի մեջ մտել: Վասակն ապստամբել էր Հազկերտի դեմ՝ պատանդության մեջ 2 զավակ ունենալով: Նա անկեղծ էր իր բողոքի մեջ, նա մերժում էր Հազկերտյան քաղաքականությունը:
449թ. աշուն-450թ. ամառ: Շուրջ մեկ տարի հայոց աշխարհը միակամ էր, կազմակերպված և ուժեղ: Երկիրը մաքրվել էր պարսկական կայազորներից ու հոգևորականներից, զորքը մեկ գերագույն հրամանատարության տակ էր: Վարդան Մամիկոնյանը կրոնափոխությունից հետո ընտանիքով որոշում է հեռանալ Հայաստանից և հաստատվել Հայաստանի բյուզանդական հատվածում: Բայց Վասակ Սյունին նամակով նրան հորդորում է ետ վերադառնալ:
449թ. աշուն-450 թվականի ձմեռ: Սկսվում է ապստամբությունը: Հայոց զորաբանակի հրամանատար է նշանակվում Վարդան Մամիկոնյանը: Հայաստանն ու Աղվանքը ամբողջովին ապստամբների տիրապետության տակ են անցնում: Նույնիսկ ներխուժումներ են լինում բուն պարսկական տարածք:
450թ. սկիզբ: Պատվիրակություն է գնում Բյուզանդիա՝ օգնություն խնդրելու նպատակով, սակայն մերժվում է:
450թ գարուն: Ճորա մարզպան Սեպուհ Նիխորկանը պարտության է մատնում աղվամ ապստամբներին: Վերջիններս Հայրի հետ դաշնակից էին և օգնություն են խնդրում:
450թ ամառ : Բյուզանդիայից օգնության հույսը կտրելուց հետո եկեղեցու սուրբ ուխտը , ինքնուրույն գործողություններ կազմակերպելու նպատակով , Հայոց զորքը բաժանում է 3 գնդի: Առաջին գունդը մնում է ընդհանուր հրամանատարության ներքո՝ Վասակ Սյունուգլխավորությամբ երկրի ամբողջական պաշտպանությունն իրականացնելու, մյուս գունդըՆերշապուհ Ռեմբոսյանի հրամանատարությամբ ուղարկվում է «երկիրը պաշտպանելու ատրպատական աշխարհի սահմաններին մոտիկ», իսկ երրորդը տրվում է «Հայոց Վարդան զորավարի ձեռքը», որպեսզի նա մտնի Քարթլի: այնտեղից աղվանքի պարսից զորքին թիկունքից հարվածելու համար: Խաղխաղի մոտ տեղի ունեցած ճակատամարտում հայերը գլխաովին ջախջախում են թվով իրենց գերազանցող պարսկական զորաբանակին: Այնուհետև Վարդանը ոչնչացնում է Ճորա պահակի պարսկական կայազորը , ռազմական այդ կարևոր հենակետը հանձնում գործողությանը մասնակցած աղվաններին՝ աղվանից Վահան իշխանի պատասխանատվությամբ, փոխօգնության դաշինք կնքում հոների հետ և վերադառնում Հայաստան:
Տիզբոնը դժվարին վիճակի մեջ էր ընկել. նա չէր կարող 2 հավասարազոր ծանրության ճակատ ունենալ՝ քուշանական և հայկական:
450թ ամառ: Միհրներսեհը շտապեց փայտակարան: Հազարապետն արդեն զգացել էր, որ վրիպել է՝ թերագնահատելով և’ հայոց ուժերը, և Վասակ Սյունուն: Նա պատրաստ էր պահանջների մեջ նահանջ կատարել և դրա համար էր հասել Հայաստանի սահման, սակայն դեռ փոխզիջման չափը պիտի ճշտվեր : Միհրներսեհը համոզվել էր արդեն, որ Հայաստանը նշանակովի կառավարիչներով խաղաղ պահելն անհնար է: Այն երկիրը չէ: Ի դեպ, ոչ մի տարբերություն՝ մարզպանը պարսիկ է լինում, թե՞ հայ: Նա նույնպես վերջնականապես հակվել էր այն մտքին, որ հարկավոր է վերականգնել Հայոց գահն իբրև ժառանգական պաշտոն, բնականաբար, կառավարչական այդ բացառիկ իրավունքը տալով սասանյանների գերակայությունը ընդունող նախարարական տան: Ընտրությւոնը ևս կատարված էր. այդ նախարարությունը Սյունյաց տունն էր: պատմության մեջ եզակի դեպքերից է, երբ հակամարտող կողմերի շահերը համընկնում են: Այսպիսով՝ հայոց գահի վերականգնումը, կարելի է ասել, եղած բան էր: Միայն թե Միհրներսեհը պիտի պահանջեր Վասակից՝ հաստատապես խաղաղեցնել երկիրը, իմի բերել հայ նախարարության գոնե մեծ մասին, մեղմել եկեղեցու կողմից կրոնական անհանդուրժողականության հրահրումը, ընդունել վասալական պարտականությունները և… ստանալ ժառանգական պաշտոնը՝ Հայոց թագավորական գահը: Եվ մեծն Միհրներսեհը Փայտակարան բանակցելու է հրավիրում Վասակ Սյունուն:
Գնալու համար Վասակը չի երկմտում: Վասակը հաղթել էր, նա չէր կասկածում, որ Միհրներսեհը նենգության կդիմի և Փայտակարանում կձերբակալի հայոց պատվիրակությանը: Նրա հաղթանակը ամենից առաջ մտքի և քաղաքական ռազմավրության հաղթանակ էր: Վասակի ինքնավստահությունը մեկ ուրիշ հիմք էլ ուներ. նա իրեն փոխարինող ապահովել էր և գիտեր, որ իր կորուստը ապստամբության ավարտ չի նշանակի: Սա եզակի դեպք է հայոց պատմության մեջ, որ երկրի առաջին դեմքը, իշխանը, կառավարիչը ամուր թիկունք է ունենում՝ կազմակերպված և պատասխան քայլի պատրաստ: Վասակ Սյունու այս երթը որոշ չափով նմանվում էր Տրդատ Ա.-ի ուղևորությանը Հռոմ՝ Ներոն կայսրից Հայոց երկրի թագն ստանալու : Դա 65 թվականն էր, երբ Մեծ Հայքը համընդհանուր ճանաչման արժանացած պետություն դարձավ, իսկ հիմա, 450 -ին , Փայտակարանում պիտի տեղի ունենար մեծ հաշտությունը և մեծ համաձայնությունը՝ Մեծ Հայքի թագավորությունը վերականգնելու և հայոց թագավորական հարստության փոփոխությունը հաստատելու մասին: Պարզապես դրանց վավերացման ու համապատասխան հանդիսություններն էին հետաձգվելու մինչև խաղաղ ժամանակներ: Եզակի նպաստավոր պահերից մեկն էր Հայոց աշխարհի համար՝ ուժը, խելքը և բարեպատեհությունը մեկտեղված էին… Հանդիպումը կայացավ, բանակցությունները կարճ էին և գործնական: Հայտարարվեց ամենքին . ամեն կողմ, որ արքայից արքան ներում է շնորհում ապստամբներին, դավանանքի ազատություն է շնորհում հայերին, հարկերի թեթևացում է անում, Հայոց այրուձին պահելու ծախսն է հոգում և, ամենակարևորը, Արյաց արքան կամենում է վերականգնել Հայոց հինավուրց ու պատվավոր թագավորական գահը՝ Սասանյանների տերության կազմում: Պատերազմը ճեռանում էր, այլևս անիմաստ էր դառնում շարունակել, երկիրը տկարացնել: Հաղթությունն ընդհանուր էր, երկուստեք: Միհրներսեհը զորքը վերցրց . գնաց տերության արևելյան անհանգիստ կողմերը: Պարսից բանակը Հայաստան չմտավ…
Վասակ Սյունին հաղթանակած վերադարձավ Հայաստան, բայց եկեղեցու հայրերն ու նախարարաց դասի մի մասը չընդունեցին այդ հաղթությունը: Ինչու՞: Արդյոք հնարավո՞ր էր Փայտակարանում ավելին ձեռք բերել, և եթե այո, ապա ո՞րն էր այդ առավելը: Դեպքերի հետագա ընթացքը ցույց են տալիս, որ Վասակյան դիվանագիտական նվաճումը մերժողների կամեցած «առավելը» քաղաքական չէր, երկրինը չէր՝ մասնավոր էր: Եկեղեցին դժգոհ էր, որ իր ոչ բոլոր իրավունքներն են վերականգնվել: Նրան հարկավոր էին նաև իր աշխարհիկ իշխանությունները , իսկ որ ազատ, առանց վախի ու հետապնդումների կարող էր ծիսակատարություն անցկացնել, և ցանկացողն էլ բացահայտորեն քրիստոնեություն դավանել՝ էական չէր: Եկեղեցին զայրագնորեն մերժեց Վասակ Սյունու հաղթանակը, որովհետև տեսավ, որ այն, ինչ իրեն տրվում էր այս պայմանավորվածությամբ, վերջնական է . երբեք ոչինչ չի ավելացվելու: Այսինքն՝ Սյունիների իշխանապետության հաստատումով վերջ են գտնելու Լուսավորչի ժառանգների նկրտումները: Մեկուկես հարյուրամյակ այդ տոհմը պայքարում էր զրոյացնելու ամեն արած: Ուրեմն վերջ եկեղեցու սուրբ ուղտից հրաժարվողին, վե’րջ անօրենին: Այսուհետ թշնամին Վասակ Սյունին է… եվ քանի նա հեռվում է, եկեղեցին իր քայն է անում.
450թ. աշուն: Արտաշատում գումարված ժողովում ուխտապահ նախարարներն ու եպիսկոպոսները , ի հակակշիռ Հայաստանի մարզպան Վասակ Սյունու, Հայոց տանուտեր ու սպարապետ են ընտրում Վարդան Մամիկոնյանին, և վերջինիս գլխավորությամբ հակադիր մի կառավարություն կազմում:
Ահա, վերլուծեցի գրքի այն հատվածը, որտեղ հեղինակը ներկայացնում է, թե ինչպես ստացվեց, որ եկեղեցական պատմագրությունը Վասակ Սյունուն ճանաչեց անօրեն ու դավաճան: Իսկ թե ինչ ընթացք ստագավ հետագա հակամարտությունը և բորբոքված քաղաքական պատերազմը՝ կմեկնաբանեմ հաջորդ գրառումներում:
Հ.գ. ենթադրում եմ առողջ և փաստերով հիմնավորված քննարկում- վերլուծյություն՝ առանց ավելորդ ամբիցիաների: Կրկնում եմ՝ ես միայն ներկայացնում եմ գիրքը, որը հաճախ կարող է չհամընկնել իմ սեփական տեսակետների հետ:
Հ.Հ.Գ. հանուն արդարության պիտի նշեմ, որ սույն գրառումս անելուց հետո միայն նկատեցի, որ նշված գրքին գրախոսական ամեն դեպքում եղել է՝ այստեղ
չի ուշացել նաև հեղինակի պատասխանը գրախոսին: