«Հայտարարված պատերազմում Գագիկ Ծառուկյանը դատապարտված է: Ինչպես նախկինում մի քանի անգամ ակնարկել եմ՝ նրա նախադեպը միջազգային քաղաքականության մեջ կա և դա Պաբլո Էսկոբարն է: Մասշտաբները տարբեր են, տարբեր են և գործվածի ծավալները, սակայն նախատիպն առավել քան նույնական է: էսկոբարն ինչ-որ մի պահ անգամ սենատի անդամ էր, գրեթե նախագահի թեկնածու, ամենահարուստ մարդն էր երկրում և ոչ միայն առյուծներ էր սիրում որոնց ոչ միայն կերակրում էր ավանակներով, այլև՝ մարդկանցով: եվ՝ պաշտված էր պլեբոսի ամենացածր խավերի կողմից, որովհետև ինչպես առաջին կոնկիստադորները հնդկացիներին, այնպես էլ ինքն իր ժողովրդին էժանագին և փայլփլուն նվերներ էր բաշխում, կառուցում ստադիոններ և «բարեգործություններ» անում: Բայց հենց պետությանը ձեռնոց նետեց, նրա դեմ որս սկսվեց: Ամեն ինչ ավարտվեց այնպես՝ ինչպես ավարտվում է նման պարագաներում միշտ: Թաքուստ, փախուստ և կրակոց տանիքին: Հետո՝ դիակի մոտ պարամարտիկների մի քանի ուրախ լուսանկար և շքեղ թաղում: Հիմա Էսկոբարից միայն հուշեր են մնացել և՝ մի աղքատ որդի:

Հայաստանում էլ նույնն է լինելու, թերևս՝ մի քիչ այլ սցենարով: լավագույն դեպքում ամեն բան կավարտվի առնետավազքով և առնետների պարագլուխ առյուծ-արքայի բանտարկությամբ: Վատագույն դեպքում՝ առնետավազքով և առնետների պարագուլխ առյուծ-արքայի վնասազերծմամբ և որսված առյուծի հետ լուսանկարով:

Իշխանությունն ամենևին հրեշտակ չէ: Սակայն այնպիսի սարսափելի վտանգերով է հարուստ ԲՀԿ-ի ներկայությունը դաշտում, որ բոլոր ողջախոհ մարդիկ այս եզակի հարցում պետք է աջակցեն իշխանությանը: Պետք է ընտրություն կատարել և այդ ընտրությունը որևէ բարոյական մարդ չի կարող կատարել հօգուտ այն կառույցի, որը երկրի կործանումը կարող էր արագացնել և բարեհաջող ավարտել ընդմաենը մի քանի ամիսների ընթացքում:

Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխություններին, ապա եթե ժողովրդավարություն եք ուզում՝ պարտավոր եք սատարել դրան. անգամ՝ իշխանության անցանկալի վերարտադրման պայմաններում: Նախագահական համակարգն անվերջ վերարտադրվելու հնարավորություններ ունի Հայաստանում և ոչ միայն Հայաստանում: Խորհրդարանականն, իր հերթին, որքան էլ որ իշխանությունն այլ կարծիքի լինի, անընդհատ վերարտադրվել չի կարող և միշտ, առանց բացառությունների միշտ հանգեցնում է իրական ժողովրդավարական ուղու:

Բայց, նախ՝ դաշտը զտելու մասին է պետք մտածել և երբ բարգավաճած մի ընտանիք դուրս կգա քաղաքական դաշտից, կարելի կլինի մտածել այլ քայլերի մասին: Այսօր, այս պահին՝ ընտրությունը միանշանակ է. օլիգարխիայի ամենախոշոր ներկայացուցիչը պետք է լքի խաղադաշտը: Այլ կարծիք ունեցողներն առնվազն անազնիվ են, առավել՝ ազգադավ, լավագույն դեպքում՝ պլեբուս»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել