Կար-չկար մի խելոք ու համեստ ռանչպար մարդ կար, անունը` Հայկ: Էս մարդու հողակտորը բարձր սարի լանջին էր գյուղից հեռու, ուր ամեն առավոտ` արևը չծագած, գնում էր մեր Հայկը իր հողը մշակելու: Աշխատում էր մինչև արևամուտ ու օրվա բերքահավաքն էլ շալակում գալիս տուն` իր երեխեքի ու կնոջ մոտ:
Հայկը մի մահակ ուներ ձեռքին, որն օգտագործում էր լանջն ի վեր բարձրանալիս, իսկ տունդարձին էլ խուրջինն էր կապում էդ փայտից ու դնում ուսին: Հայկը, տեսնելով, որ միայն հողագործությամբ տուն պահելը դժվարացել է, որոշել էր նաև անասնապահությամբ զբաղվել: Իր աճեցրած պտուղ-բանջարեղենը փոխել էր, մի երկու ոչխար առել: Հիմա էլ ամեն առավոտ էդ երկու ոչխարը գցում էր դեմը, տանում իր հետ արտը ու երեկոյան էլի առաջն արած հետ բերում գոմը:
Խոր աշուն էր, սարի ծերին. համարյա իր արտի սահմանագծին արդեն ձուն էր դրել, բայց դե Հայկը դեռ ոչխարին տանում էր սարը, որ քանի դեռ բաց խոտ կա, արածեն, ինչ է թե ձմեռվա կերը հետո հերիք անի: Էս անգամ էլ Հայկը, իր երկու ոչխարը դեմն արած, բարձրացավ սարը, համարյա թե ձյան մոտ ու նստել մի քարի նայում էր իր արտին ու մտածում արդեն գարնանացանի մասին:
«Շուտով էս սարը լռիվ կսպիտակի հետո կամաց կամաց տեղ տեղ կղզյակի նման կերևա ձյան տակից թարմ կանաչը, հետո դաշտը լիքը ձնծաղիկն ու մանուշակը ու ինքը եզն ու գութանը առաջը գցած կգա իր գործին». էդպես մտքերով ընկած ինքն էլ չնկատեց թե ոնց մայրամուտը սկվեց:
-Վահ, էս քնով ընկա, այ մարդ, արևը մայր մտավ, մթով էս գառները կկորեն,- բարձր մտածեց մեր ռանչպար ախպերը ու գառներին տալով դեմը՝ սկսեց իջնել դեպի գյուղ: Հանկարծ ոչ շատ հեռու լսվեց գայլի ոռնոց: Հայկը շփոթված հետ նայեց: «Այ քեզ բան, էս գելը ինչի՞ ա սենց մոտիկ եկել». մտածեց նա:
-Դե լա՜վ, մի գելն ինձ ի՞նչ պիտի անի, -մտածեց Հայկը ու գառներին հոշ անելով՝ արագացրեց քայլերը: Գայլի ոռնոցը կրկնվեց, բայց էս անգամ նրա ոռնոցի կեսից մի քանի գայլ էլ ձայնակցեցին իրենց ընկերոջը:
-Պահո՜, էս արդեն լավ չի, - մտածեց Հայկը, - մի գելը ռիսկ չի անի մահակով մարդուն վրա տա, եթե իհարկե շատ սոված չլինի, բայց դե ոհմակը արդեն ուրիշ բան:
Մինչ Հայկը, հետ-հետ նայելով, համարյա վազելով լանջն ի վար էր իջնում սարի գլխին երևացին մի քանի զույգ փայլող աչքեր: Նրանք անհանգիստ դես ու դեն էին վազում ու կարծես սպասում սարերի հետևից դուրս եկող լուսնին, որ պիտի փոխարիներ արդեն հեռացած արեգակին: Հայկը նկատեց, որ գելերը, որ երևի 4-ն էին, անմիջապես լուսնյակի դուրս գալուն պես վազեցին իր կողմը:
«Պահո, էս չեղավ - մտածեց խեղճ մարդը, - գառներս կտանեն, էդ հաստատ»: Գառները, կարծես զգալով մոտալուտ վտանգը, ավելի արագ էին սկսել վազել, բայց մեկ էլ հոպ, կարծես թե շանթահարված կանգ առան, Հայկն էլ էդ հանկարծակի կանգառից շփոթված՝ գառներից մեկի վրայով գլխկոնծի տալով՝ թավալվեց գետնին: Ուշքն ու միտքը որ գելերը չհասնեն մինչև ոտքի կելնի: Արագ ոտքի վրա ցատկելով՝ ինչ տեսնի՝ այ քեզ բա՜ն, հենա 4 գելը արդեն դեմ-դիմացը կանգնած:
Մինչ կհասցներ մտածել, թե էս ո՞նց իրենց անցան ու դեմները հայտնվեցին, Հայկը նկատեց, որ էն հեռվից վազող գելերը դեռ չեն հասել: Սրանք էլ նոր գելեր էին, ու էլի չորսը: Երախները բաց ու հարձակման պատրաստ, բայց կարծես ինչ-որ բան դեռ նրանց հետ էր պահում, ու Հայկը նկատեց որ դա իր ձեռքի երկար կոպալն էր:
Մի գառը կարծես անակնկալից ուշքի գալով՝ պոկվեց ու վազեց դեպի ձախ: Գայլերը անմիջապես հասան նրան ու գետնին տապալեցին: Մյուս գառն ու Հայկը, տեսնելով որ գելերը զբաղված են, վազեցին դեպի աջ ու սրնթաց դեպի ներքև: Դեռ չէին հասցրել մի 100 մետր հեռանալ, երբ գայլերի մյուս խումբը հասավ նրանց: Հայկը, որ մինչև էդ մտածում էր երեխեքի համար գոնե մի ոչխարը փրկի, հիմա արդեն մտածում էր՝ միայն իր կաշին փրկելու մասին:
-Էն Մանուկս դեռ փոքրա, նվազ, բա որ ես չլինեմ, էն արտը ո՞վ պիտի վարի: Անուշիս ու Սաթենիկիս վրա էլ հալ չկա, երկու օր արևին քաղհան անեն, կչորանան, էլ արտից հետ տուն չեն հասնի: Չէ, ջհանդամ ըլի գառը, Հայկ տղա, արի դու վազի, - մտածում էր:
Ու հայդա, կոպալը ձեռը՝ Հայկը լոնքերը լեն-լեն գցելով՝ անցավ առաջ: Գայլերի երկրորդ խումբը հասնելով գառանը՝ միանգամից տապալեցին ու սկսեցին լափել:
Հայկը գլխապատառ վազում էր, աչքը դեպի լուսնյակի տակ էն կիսաքանդված հողից ու քարից սարքած գոմ հիշեցնող շինությունը, որ քոլիկ էն ասում գյուղում: Էդ քոլիկը ամառվա տապին ծառայում է թեժ արևից գառներին մի երկու ժամ արևից պահելու, կամ հենց հանդվորներին մի փոքր գլխները սառեցնելու համար: Ճիշտ է՝ դուռ չուներ, բայց եթե հասնի էդտեղ մինչև գայլերը՝ էն գառին հոշոտած, կորոշեն իր հետևից գալ, մի բան կմտածի:
Հայկը գիտեր, որ գայլը անկուշտ գազան է, աչքը մի բան որ տեսնում է՝ եթե չուտի էլ, պիտի սպանի, եթե ոչ ինչի՞ պիտի գոմ մտնելուց երկու ոչխար ուտի, բայց քառասունը սպանի:
Հայկը հետ նայեց ու տեսավ, որ ինքը չէր սխալվում, ու էն առաջին ոհմակը արդեն սկսել էր վազել իր ուղղությամբ:
-Տեր Աստված, սենց բա՞ն կլնի, 15 հոգով մի գառը երեք ժամում չենք կարողանում մինչև վերջ ուտել, էն էլ՝ խորոված, էն էլ միայն միսը, էս գազանները մի քանի րոպեում էդ ո՞նց պրծան: Չէ, Անուշ ջան, Սաթենիկ, իմ փոքրիկ Մանուկ ջան, աչքիս դուք էս գարուն արտը ինքներդ վար ու ցանք անեք. Էդ ողբերգական մտքի վրա էր մեկ էլ հո մի վայնասուն չլսվեց էն երկրորդ խմբի գելերի մոտից ու հո մի գռմռոց չի գալիս, մի մռնչյուն ու ատամների շրխկոց, ոնց որ պատերազմի դաշտից:
-Այ քեզ բա՜ն, չլնի էդ գելերը տարբեր ոհմակներից էին աչքիս էն երկրոդ ոչխարի համար իրար էն մորթում. մտքի մեջ ներողություն խնդրելով տեր Աստծուց, որ ժամանակից շուտ հավատը կորցրեց, Հայկը ավելի արագացրեց վազքը, բայց մի երկու անգամ լավ գլորվեց գետնին, ոտքը քարի խփելով կամ փոսը ընկնելով:
Վերջը էն հասկացավ, որ կռիվը պրծել է ու որ էլի իր կողմն էն գալիս, բայց ինքն էլ արդեն էդ քոլիկին մոտ էր ու վախենալով, թե հետ նայի, իրեն գցեց ներս ու ինչքան տախտակ, քար, ու ինչ ձեռն ընկավ բերեց լցրեց մուտքի դիմացը, ինքն էլ մարտի պատրաստ գլադիատորի պես մահակն ու գրպանի դանակը պատրաստ կանգնեց հետև:
Ըհը՜, երեք գելը հասան քոլիկի մոտ: Չնայած որ արագ վազքով հասել էին, բայց որպես զգույշ կենդանի միանգամից վրա չտվեցին, մի փոքր հեռվում կանգնեցին ու ուշադիր սկսեցին զննել, թե ինչ իրավիճակ է: Դե, Հայկը գիտեր որ նրանք մթով տեսնում են ինչպես ինքւ ցերեկը, բայց դե ինքը քոլիկի մուտքը մարմնով փակել էր նրանք ի՞նչ իմանան՝ հետևում ինչ կա:
Շա՜տ խելոք կենդանի է գելը, շա՜տ խորամանկ ու զգույշ, իսկական որսորդ... Քանի սրանցից երկուսը զննում էին, փորձելով կռահել, թե Հայկը ինչ է թաքցնում իր հետևում, մեկը սկսեց զգույշ , մեծ շրջանցումով գնալ դեպի քոլիկի հակառակ կողմը:
-Վայ, ես կորա. մտածեց Հայկը,- քոլիկի մյուս կողմում էն մեծ անցքն է, որ ծառայում է որպես օդափոխության պատուհան: Մի չէ, երկու գել էլ դրա միջով հանգիստ կողք-կողքի կանցնեն:
-Բա հիմա ի՞նչ. Հայկը շրջվեց որ տեսնի, թե էն գելը արդեն գտել ու սողոսկո՞ւմ է անցքից, թե՞ չէ, մեկ էլ կարծես հրանոթի արձակած գնդակներ՝ էն երկրորդ խմբի 4 գելը հասան էս երկուսի վրա:
Սկսվեց մի սարսափելի ճակատամարտ: Անմիջապես հայտնվեց էն երրորդը որ փորձում էր շրջանցել քոլիկը ու անձնուրաց զինվորի պես նետվեց փոշեկոլոլ կռվողների հենց արանքը՝ իր ընկերներին փրկելու: Էդ տեսարանը տեսնել էր պետք: Երկու խումբ հաստավիզ, անկուշտ գազան իրար են ուտում մի խեղճ ու կրակ կաշին ու ոսկորը մնացած ռանչպարին լափելու համար:
Հայկը, առիթից օգտվելով, իհարկե, չմոռանալով կրկին ներողություն խնդրել տեր Աստծուց, որ նորից հույսը կորցրել էր ու հետն էլ՝ հավատը, շտապ էն տախտակներից մեկը վերցրեց ու վազելով տարավ, որ հետևի պատուհանը փակի: Բայց ճամփի կեսից, կարծես վախենալով, որ չի հասցնի, հետ վազեց էլի դռան մոտ:
Կատաղի մարտը շարունակվում էր: Արդեն բավականին բարձրացած լուսնի լույսի տակ Հայկը պարզ տեսնում էր գետնին ոչ բնական տեսքով փռված երկու գելերի անշունչ մարմինները, որ մերթ ընդ մերթ, գունդուկծիկ եղած կռվող գելերի շարժումներից կախված՝ ընկնում էին դրանց ոտքերի տակ ու փալասի նման էս կամ էն կողմ շպրտվում:
Ահա գելերից մեկն էլ, մի կերպ դուրս պրծնելով էդ մահվան շրջանից ու կաղկանձելով, շատ ուժեղ կաղալով, փախավ սարն ի վեր:
Մի կես ժամ տևած կատաղի մարտից հետո ևս երկու լեշ փռվեցին, ու մնացին երկու գել ատամներով իրար կառչած, ու ոչ մեկն էր մյուսին թողնում, ոչ մյուսը: Մերթ ընդ մերթ նրանցից մեկը ուժ հավաքելով՝ մյուսին մի լավ թափ էր տալիս, բայց դե ոսոխի ատամներից ազատվել չէր հաջողվում: Դրանք երկուսն էլ ծանր էին շնչում, սակայն մեկի շնչառությունը թաց էր ու խռռոցով:
Վերջապես իրար կպած գելերից մեկը թուլացավ ու հետևի ոտքերը ծալվեցին: Նրան խեղդողը ավելի սեղմեց ատամները ու շուտով նրա զոհը բաց թողեց նրա վիրավոր վիզն ու վերջին շունչը տալով՝ անշարժացավ: Մի քանի վայրկյան էլ հաղթող գայլը բաց չթողեց իր զոհին՝ կարծես թե վերջնականորեն համոզվելու համար, որ նրանից այլևս վտանգ չի սպառնում:
Համոզվելով, որ ինքը հաղթել է, հոգնած ու վիրավոր գայլը բաց թողեց իր վերջին զոհին: Նա առանց շրջվելու պառկեց գետնին՝ իր զոհի կողքին, և մյուս լեշերի արանքում՝ շունչ առնելու: Հենց էդ ժամանկ էր որ գայլը ոտնաձայներ լսեց: Նա ասես զարմացած ու մի պահ մոռացած, թե ինչի համար էին կռվում գայլին հատուկ անհարմար շարժումով շրջվեց՝ տեսնելու, թե էդ ո՞ր մեկը դեռ չի սատկել: Լուսնի լույսի տակ նա պարզ տեսավ այդ երկոտանի «չարիքին», ինչի համար իր անկուշտ ցեղը հենց նոր իրար կոտորեց: Մարդը կանգնած էր իր գլխավերևում ձեռքերը դեպի վեր ու ձեռքերում էլ՝ իր բոյին մահակը: Դա վերջին տեսարանն էր վիրավոր գայլի կյանքում, որ նա տեսավ: Գլխին կերած մահակի հուժկու հարվածը նրան տեղնուտեղը ուղարկեց ցեղակիցների հետևից:
Հայկը թեթևացած շունչ քաշեց, բայց դողղացող ու թուլացած ծնկները տեղի տվեցին իր քաշին ու նա նստեց սատկած գելերի : Կարճ դադարից հետո նա ոտքի ելավ: Նայեց կաղկանձելով փախած գայլի ուղղությամբ ու մոտակայքում չնկատելով նրա փայլուն աչքերը՝ շրջվեց ու հանգիստ քայլերով ուղևորվեց դեպի գյուղի՝ արդեն ավելի փայլուն ու ավելի ջերմ վառվող լույսերը:
-Հիմա էդ անտերը եթե գա էլ, ես դրա հախից մենակով հաստատ կգամ. մտածում էր Հայկը ու հետ-հետ նայում, մինչև հասավ գյուղ: Գյուղի շները կարծես նոր արթնացան ու ձենները մեկ արած՝ բոլորը սկսեցին հաչել. ասես ինքն էր գյուղ մտած գելը:
Հայկը բացեց իրենց տան դուռը ու տեսավ ոսկորի ճաներով գործած խալու վրա խաղացող Մանուկի կայծկլտացող աչքերը: Սաթենիկը ճրագի լույսի տակ գիրք էր կարդում: Անուշը տեսնելով ամուսնուն՝ ոտքի կանգնեց ու զարմացած հարցրեց.
-Այ մարդ, ի՞նչ եղար ճաշդ երկու անգամ տաքացրեցի:
Նա շարժվեց դեպի փոքրիկ վառարանը, գետնից վերցնելով պղնձե ամանը՝ դրեց վրան:
Հաջորդ օրը ամբողջ գյուղը խոսում էր հերոս Հայկի մասին, որ մեն-մենակ հաղթել է 8 գազանի, որից 7-ի լեշերը բերել փռել էին գյուղամիջում: Ասում են՝ ութերորդի արյան հետքերով գնացել են, բայց տեսնելով որ գետն է մտել, թողել հետ են եկել: Դատելով կորցրած արյան քանակից՝ պետք է որ նա էլ սատկած լինի: Ութ գել: Եթե էդ գելերը մտնեին գյուղացիներից մեկնումեկի գոմը, ապա հաստատ ոչ մի անասուն ողջ չէր պրծնի: Տո ի՞նչ մի գոմ, 8 գել գային գյուղ, գյուղում անասուն չէին թողնի:
Գյուղի ավագանու ընդհանուր որոշմամբ ամեն տնետեսություն պարտավոր էր Հայկին պարգվատրել մի գառով կամ երկու հարազատների տնտեսությունը միասին՝ մի ոչխարով: Գարունը չեկած մեր Հայկը դարձավ գյուղի ամենահարուստ ոչխարապահներից մեկը:
Հայկը էլի ամեն օր գնում էր սարը: Հրացանն ուսին ու երկու գամփռ շունը հետը՝ իհարկե որ էլի նվեր էր ստացել հարևան գյուղերից: Նստում էր էն քարին, որին նստած էր էդ չարաբաստիկ օրը, եթե իհարկե էս դեպքում դա չարաբաստիկ կարելի է անվանել, ու մտածում. «Մարդկության մեջ էլ ա տենց: Երկու բռնակալի կռվում միայն մարդկությունն ա շահում: Թե երկու գազան կռվի բռնվեցին մահակ առ ու սպասի, որ մեկը հաղթեց մեկա թուլացած ու հոգնած ա լինելու, մի մահակի զարկով դրա վերջն էլ տուր ու համ քո վիճակը կլավանա, համ էլ մերձավորներիդ օգուտ տված կլինես: Հա, էդ ընթացքում էլ հավատդ մի կորցրու, որ Աստծված էդ ամեն ինչը տեսնում ա ու մեկ ա վերջը բարի ա լինելու»:
- Հո՜շ, ձեզի մատաղ, հո՜շ, ելեք, ելեք քանի մութը վրա չի տվել, մութը գազանների համար առիթ ա, որ թաքուն գան ու մեջքիցդ վրա հասնեն, հո՜շ ձեզ մատաղ...
Արշակ Զաքարյան
Խմբագրեց` Դավիթ Պ. Վարդազարյանը
Փետրվար 14 2015 Երևան...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arshak.zakaryan.9/posts/10152667070958837?from_close_friend=1¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել