Մինչ այդ Ֆեյսբուքում հնարավորություն կար ուղարկել մահացած մարդկանց մասին տեղեկություններ, սակայն հնարավոր չէր կառավարել դրանք: Տեղեկություն տրամադրելուց հետո մահացած մարդկանց անվան կողքին դրվում է «Remembering» բառը, և այդ մարդկանց պրոֆիլների հետ կապված շատ գործողություններ հասանելի չեն դառնում (չեն ցուցադրվում ծննդյան օրվա ծանուցումները, Ֆեյսբուքը չի առաջարակում այդ մարդկանց ընկերանալ, նրանց պրոֆիլները չեն օգտագործվում գովազդներում և այլն): Եթե մահացած մարդու պրոֆիլի անվտանգության կարգավորումները թույլ են տալիս նրա պատի վրա գրառումներ տեղադրել, ապա մահացածի կարգավիճակ ունեցող պրոֆիլներում նույնպես այդ գործողությունը հասանելի է լինում:

Ֆեյսբուքը որոշել է կատարելագործել մահացած մարդկանց պրոֆիլները կառավարելու ֆունկցիան և թողարկել է նոր գործառույթ, որը կոչվում է «Legacy Contact»: Այս ֆունկցիայի շնորհիվ օգտատերերը կարող են ընտրել իրենց ընկերներից մեկին, և մահից հետո վստահված մարդը կարող է կառավարել իրենց պրոֆիլը: Օգտատիրոջ մահից հետո վստահված անձին հասանելի կլինեն հետևյալ ֆունկցիաները՝
  • Մահացած մարդու պատի վրա գրառում գրել, որը կտեղադրվի ամենավերևում (օրինակ ընկերներին տեղեկացնել թաղման կամ այլ արարողությունների մասին)
  • Ընդունել ընկերանալու նոր առաջարկներ
  • Փոխել պրոֆիլի լուսանկարն ու թայմլայնի գլխավոր նկարը (Cover photo)


Վստահված անձի ֆունկցիան առայժմ գործարկվել է միայն ԱՄՆ-ում և մոտ ապագայում հասանելի կլինի նաև այլ երկրների համար: Վստահված անձին նշելու համար պետք է բացել Security բաժինը և Legacy Contact ենթաբաժնում ընտրել ընկերներից որևէ մեկին:


Վստահված անձը կարող է նաև ներբեռնել օգտատիրոջ լուսանկարների, գրառումների և պրոֆիլի արխիվը, եթե մինչ մահանալը օգտատերը թույլատրել է վստահված անձին այդպիսի գործողություն: Վստահված անձը չի կարող մուտք գործել մահացածի պրոֆիլ ու կարդալ նամակները: Նշեմ նաև, որ հնարավորություն կա ուղարկել հայտ և ամբողջովին ջնջել մահացած մարդու պրոֆիլը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել