ՀՐԱՆՏ ՄԱԹևՈՍՅԱՆ
Մի առիթով Հրանտ Մաթեւոսյանը այսպես` երրորդ դեմքով, հանրագիտարանային այս ոճով է շարադրել իր կենսագրականը: Հրապարակում ենք նույնությամբ, պահպանելով բնօրինակի ոճը.
ՀՐԱՆՏ ԻԳՆԱՏԻ ՄԱԹԵւՈՍՅԱՆ
Հայ գրող, արձակագիր: Նախասիրած ժանրը վիպակն է՝ նովելը: Տպագրվում է 1960 թվականից: Գրել է Մենք ենք - մեր սարերը, Բեռնաձիեր (Оранжевый табун, The Orange Herd), Խումհար (Похмелье, Hangover), Տաշքենդ, Աշնան արև (Мать едет женить сына, Autumn sun /Mother Leaves To Give To Marriage Her Son/) վիպակները, Տերը կինովիպակը, պատմվածքներ, պիեսներ, որոնք 1967-ից ի վեր, տարբեր հավաքածուներ դառնալով, բազմիցս հրատարակվել են հայերեն, ռուսերեն և ապա՝ միութենական հանրապետություների և սոցերկրների գրեթե բոլոր լեզուներով: Մոսկվայի Прогресс հրատարակչությունը The Orange Herd (Նարինջ երամակը) խորագրով հավաքածու է հրատարակել ուրդու լեզվով և անգլերեն: 1994-ին փարիզյան Ալբին Միշել հրատարակչությունը տպագրել է Հր.Մ - ի ընտրանին՝ Աշնան արև:
Հր.Մ-ի սցենարներով նկարահանվել են Մենք ենք - մեր սարերը, Աշնան արև, Տերը, Այս կանաչ - կարմիր աշխարհը կինոնկարները, նրա գործերի նյութերով՝ Օգոստոս կինոնկարը, հեռուստատեսային բեմականացումներ են դարձել Հր.Մ-ի Մեծամոր էսսեն և Չեզոք գոտի պիեսը, Երևանի դրամատիկական թատրոնում բեմականացվել են Աշնան արևը և Կայարանը: Ողջ է, աշխատում է Տերը մեծածավալ գործի, Եզրով վիպակի, Մեռելալույս - Рассеянный свет - վեպի վրա: Հայաստանի գրողների միության նախագահն է 1996-ից: Ծնվել է 1935-ին Հյուսիսային Հայաստանի Ահնիձոր փոքր գյուղում՝ Ալավերդու - Թումանյանի շրջան: 52-ից Երևանում է. աշխատել է տպարաններում և թերթերի խմբագրություններում, սովորել է Երևանի մանկավարժական ինստիտուտում՝ պատմա-լեզվագրական մասնաբաժնում, 1965-66-ին Մոկվայի կինոսցենարների դասընթացներում: 1984-ին Գրականության ՍՍՀՄ պետական և Հայաստանի նույնանուն մրցանակների դափնեկիր, 1996-ին ՀՀ Մեսրոպ Մաշտոց շքանշանի ասպետ:
Ընտանիքը - կին, դուստր, որդի, առայժմ երեք աղջիկ թոռ:
2001 հունվար, Երևան, ՀՀ
Վերոշարադրյալը գրեթե լիովին ընդգրկում է Հրանտ Մաթեւոսյանի կենսագրությունը: Հասկանալի է, որ կան առավել մանրակրկիտ ու ամբողջական տարբերակներ, իսկ գրողի կենսագրությունը հիմա էլ` իր մահից հետո, շարունակվում է, սակայն կարեւորեցինք այս տարբերակն այսպես` հեղինակային ոճով ձեզ հրամցնելը:
hrantmatevossian.org
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=288432291258625&set=a.261145507320637.42840.260698287365359&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել