Henaran.am-ը գրում է.
Գողական աշխարհը նախկինում մի շարք կանոններ ուներ, հիմա դրանցից ոմանք գործում են, որոշներն անցել են պատմության գիրկը: 'Հիմա այդ կանոնները հստակեցված չեն, ժամանակին շատ հստակ էին',-Henaran.am-ի հետ զրույցում պատմեց քրեագետ Սերգեյ Գալոյանը:
Քրեական աշխարհի օրենքներից հիմա էլ գործում է այն, որ այդտեղ ներկայացված անձինք` 'օրենքով գողերը' չպիտի ամուսնացած լինեն: 'ԶԱԳՍ՛՛-ով փաստաթղթով հաստատված չպիտի լինի նրանց ամուսնությունը':
Նախկինում նաև նրանք պիտի խորհրդային բանակում ծառայած չլինեին: Ծառայելու հետ կապված չգրված օրենքը հիմա էլ է գործում, հարցրինք: "Ոչ, դա արդեն հնացած օրենք է":
Նախկին օրենքներից էր նաև այն, որ 'օրենքով գողերը' չպիտի բիզնես ունենային: 'Բայց այսօր իսկական գողականներից համարյա բոլորն էլ բիզնեսով զբաղվում են: Ամենամեծ գողերը մտել են բիզնեսի աշխարհ':
Քրեագետն ասաց, որ հասարակության մեջ հաճախ լեգենդներ են հորինում գողական աշխարհի ներկայացուցիչների օրենքների մասին: Օրինակ` բոլորը կարծում են, թե 'օրենքով գողերը' կարմիր գույնի վերնաշապիկ չպիտի կրեն:
'Այ ցավդ տանեմ ուզում եք, ես բերեմ նկարներ, որտեղ կարմիր գույնի վերնաշապիկով են Յապոնչիկը, Սվո Ռաֆը, մյուս գողերը, ինչ է` նրանք գողեր չեն եղել: Այդ աշխարհը չիմանալուց է գալիս: Ամեն մեկը ինտերենտից մի հոդված է վերցնում, ենթադրում, որ ասենք պոմիդոր չպիտի ուտեն, դրանք անիմաստ չափազանցություններ են',-եզրափակեց Սերգեյ Գալոյանը: