Թբիլիսիի Ազատության հրապարակի գլխավոր շենքից այսօր օլիգարխահոտ էր փչում: Նախկին քաղաքապետարանի շենքի առաջին հարկը գնել է Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը (Տամոժնի Գագո): Դեռ ամիսներ առաջ “Chronograph” անվանումը հայտնվեց այդ տարածքի վրա, իսկ այսօր արդեն ներսի հարդարման աշխատանքներն էին տարվում: Կռահեցիք, Հյուսիսային պողոտայում գտնվող “Chronograph” ժամացույցների խանութի մասնաճյուղը` իր տեր ու տիրականներով, բացվում է նաեւ Վրաստանում:

Դասից հետո ոտքերս միանգամից քայլեցին դեպի թբիլիսյան “Խրոնոգրաֆ”: Ոնց էլ զգացել էի, որ հայրենի օլիգարխիկ թիմն այնտեղ է: Դեռ չէի հասցրել մի քանի կադր չխկացնել, երբ ականջիս լսվեց. ”Ապեր, էս ի՞նչ ա նկարում” արտահայտությունը:

Խանութի մուտքի մոտ կանգնածներից մեկը նիհար էր, նվազ, բայց ամենայն պատրաստակամությամբ “շեֆի” հրահանգները կատարող, երբեմն նույնիսկ սեփական նախաձեռնությամբ հիմարություններ անող: Երբ մոտեցա, հայերենով ներկայացա եւ փորձում էի մոտենալ ներսում կանգնած վրացահայ մենեջերուհուն, միանգամից փակեց մուտքը. “Ներսում նկարել չի կարելի”: Երեւի մի քանի անգամ տեսել էր, թե ինչպես են իր “մեծ ախպերները” լրագրողի առաջը կտրում, ուզում էր ինքն էլ այդ հաճույքն զգալ:

Ստիպված եղա կոպիտ կերպով հասկացնել, որ այդ դերն իրեն չի սազում եւ ներս մտա: Վրացահայ եւ վրացի մենեջերուհիները խնդրեցին հարցերն ուղարկել գրավոր, իսկ միակ բանը, որ հստակ կարողացան ասել այն էր, որ խանութը կբացվի մեկ ամսից:

Դուրս գալուս պես նիհար ու նվազ օլիգարխահպատակն ասաց.

- Ինձ ոչ մի բան չհարցնես, ես ստեղ մենակ օգնում եմ:

- Իսկ ո՞ւմ հարցնեմ:

- Այ էն ակնոցավորին, ինքն ա շեֆը,- ցույց տալով մուտքից մի փոքր հեռու նստած, սեւ ակնոցներով տղամարդուն:

Մոտեցա ակնոցավորին, ասացի, որ իրեն ներկայացրել են որպես “շեֆ”:

- Ես ի՞նչ շեֆ, մեռնեմ քեզ: Ես ոչ մի կապ չունեմ ու չեմ էլ ուզում ունենալ: Ինձ Երեւանից զանգել, խնդրել են փող բերեմ էստեղ, բերել եմ, հիմա ուզում ես` ամեն ինչ ասե՞մ:

Այդ ընթացքում մի վրացի կին մոտեցավ օլիգարխահպատակ նիհարին, հարցրեց` արդյո՞ք աշխատատեղ ունեն, նիհարը կրկին շեֆի կերպարանք ստացավ. “нееет, это не так просто, надо язык знать…английский, русский”.

Տան ճանապարհին մտածում էի` տեսնես գործազուրկ վրացի կնոջ մտքով կանցնե՞ր, թե քանի իր պես գործազուրկների հաշվին է բացվում շքեղագույն “Chronograph”-ն` իր հիմարագույն շեֆերով:

Էհ, իմ հայ գործազուրկներ, էս ի՞նչ օրն եք ընկել, որ որց օլիգարխներդ եկել են վրացիքին քամելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել