Զարմանում եմ այն մարդկանց վրա, ովքեր «Կիսաբաց լուսամուտներ» թոք շոուն ընկալում են որպես բարեգործությամբ զբաղվող ինչ-որ բան ու էլ ավելի եմ զարմանում այն մարդկանց վրա, ովքեր գումար են փոխանցում նրանց բարեգործություններին։
Չէ, ես ամենևին չեմ ասում, որ Հրաչը կամ էլ հաղորդման հետ կապ ունեցող որևէ այլ մարդ յուրացնում ա էդ միջոցները կամ էլ նպատակային չի ծախսում։ Խնդիրը դրանում չի։ Խնդիրը նրանում է, որ սա կեղտոտ մի հաղորդում է, որը մարդկանց մոտ արթնացնում է միայն բացասականը, հուսահատություն ներշնչում ու զզվանք առաջացնում սեփական ազգիդ ու աղքատության հանդեպ, իսկ նման բարեգործական նախաձեռնությունները ոչ այլ ինչ են, քան զուտ փիառ միջոց, որը հաղորդմանը կայուն լսարան է ապահովում։
Մի կողմ դնենք այն, որ Կիսաբացը Մալախովի հաղորդման էժանագին պլագիատ է։ Ախր այստեղ հիմնականում սկանդալ են որոնում ու ինչքան ավելի ցածր սկանդալ լինի, ինչքան ավելի զզվելի պտմություն ներկայացնեն, այնքան ավելի լավ։ Դավաճանող կանայք, ծեծող ամուսիններ, աղքատությունից ցանկացած քայլի գնացած մարդիկ։ Ոչ մի հարգանք առ ընտանիք, մարդկություն, տղամարդ, կին, երեխա... Մենակ ղժղժոց, ծեծ, անմակարդակություն ու վրաներից վատ հոտ եկող մարդիկ...
Վերջում էլ ամիսը մեկ գնում են մի հատ ինչ-որ ընտանիքի մի երկու հարյուր դոլարի օգնում են ու քաշվում են ղրաղ, թե բա տեսեք, մենք մեր բարձրացրած հարցերի հետևից գնում ենք... Իսկ էդ մարդկանցից գոնե մեկը կա՞, ում որ ժամանակին օգնել են, ու այսօր ինքն էլի չքավորության մեջ չի հայտնվել։ Կարծում եմ, որ չկա, քանի որ գոնե իմ տեսած բոլոր դեպքերում մարդիկ հասել էին այդ աստիճանի իրենց իսկ խելքից, ու ինչքան էլ իրենց օգնեն, մեկ է, ժամանակի հարց է, թե երբ են էլի բախելու չքավորության դուռը։
Բայց դուք շարունակեք հիանալ այս սքանչելի աղբանոցով, որը հաղորդում է կոչվում, շարունակեք հիացական ախեր ու օխեր անել, թե ինչպես են նրաննք օգնում մարդկանց ու շարունակեք սպասել հերթական սկանդալային ապուշությանը դրա տաղավարից։