Վերջին շրջանում ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում իրավիճակի լարումը, զոհերի քանակը, դրանց վերաբերյալ ոչ հստակ տեղեկատվությունը բոլորիս է անհանգստացնում: Շատերս ենք, սակայն, ընկնում տարակուսանքի մեջ, թե ինչու է այդպես, ինչու են շատացել դիվերսիոն հարձակումները, ուր է տանում այս իրադրությունը և, ի վերջո, որն է նպատակը: Կարծում եմ՝ բոլորիս համար երևի թե ակնհայտ է մեկ բան, որ ադրբեջանական կողմից դիվերսիոն հարձակումներ իրականացնողները սովորական ժամկետային զինծառայողներ չեն մեծամասամբ: Ում է ձեռնտու սահմանին նման լարումը, և ով է օգտվում: Ստատուս քվոյի պայմաններում զինադադարի ստորագրումից հետո, եթե փորձենք սթափ գնահատել, ապա սահմանին ըստ էության իրավիճակ չի փոխվել՝ զինվորների քանակական կորուստներից բացի: Եկենք սահմանային լարումները դիտարկենք որպես գործիք բանակցությունների կողքին, իսկ «ԼԵռնային Ղարաբաղի չլուծված հակամարտություն» արտահայտությունը դիտարկենք որպես մեխանիզմ, որի շրջանակներում կիրառվում են այդ իրարամերժ գործիքները:
Իշխանական էլիտայի համար, որի գերնպատակը հարստության կուտակումն է, իսկ այդպիսին են և Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները, սահմանային նմանատիպ լարումները, չզարմանաք, բայց ձեռնտու են, որովհետև շեղում են ժողովրդին, դիպչում նրանց ամենացավոտ վերքերից մեկին, դառնում երկրի վատ վիճակը կոծկելու համար նախատեսված շատ լավ արդարացում: Սահմանային միջադեպերի առաջին պատճառն էր սա: Երկրորդ պատճառը, բնականաբար, աշխարհաքաղաքական է, որտեղ գլխավոր դերակատարներին սահմանի վրա լարվածություն ստեղծելը ևս ձեռնտու է՝ կողմերին իրենց ազդեցության գոտի ներքաշելու և ապա լարված իրավիճակը ստեղծելուց հետո այն կարգավորելու պատրաստակամությամբ հանդես գալու համար: Եվ, բնականաբար, այդ խաղացողներն առանձնապես մեծ ջանքեր չեն գործադրում, որպեսզի այդ կրակոցները սահմանին լինեն, իսկ լինելուց հետո սահմանափակվում են ընդամենը հանդարտության կոչերով՝ ընդ որում դա ասելով երկու կողմին էլ, այլ ոչ միայն Ադրբեջանին: Այդ խաղացողներն առաջին հերթին Ռուսաստանն են, ԱՄՆ-ը և Թուրքիան: Իսկ այսօր որևէ գերտերության համար ձեռնտու չէ բացահայտ պատերազմը, որը կարող է և արագ ավարտ ենթադրել կողմերից որևէ մեկի հաղթանակով:
Այն, որ մեր իշխանություններն առանձնակի ջանքեր չեն գործադրում՝ ամրացնելու համար մեր պաշտպանական դիրքերը, պատճառը հենց այդ լարումների ձեռնտու լինելն է: Մեկ պարզ օրինակ: Քանի տարի է՝ արդեն Հայաստանի ՏՏ մասնագետները ստեղծել են սարք, որը սահմանի երկայնքով տեղադրելիս բազմակի անգամ կբացառվեն դիվերսիոն խմբերի այդքան ներթափանցումներն ու արդյունքում մարդկային կորուստները: Քանի տարի է՝ այն ստեղծողները պետությունից աջակցություն են խնդրում դա իրագործելու համար, բայց իշխանությունները ոչ մի կերպ չեն արձագանքում կամ «Էսօր-էգուց» են անում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել