Շոտլանդիայի գողտրիկ անկյուններից մեկում թաքնված է Լոխ-Նեսս լիճը, որը Եվրոպայի խոշորագույն լճերից է՝ խմելու ջրով լի։ Սրա երկարությունը 39 կիլոմետր է, խորությունը՝ 200 մետր, ու այդ ցուցանիշով լիճը երրորդ տեղում է Եվրոպայում, սակայն սրա համար չէ, որ հայտնի է Լոխ-Նեսսը։ Ասում են, թե դրա պղտոր խորքերում առեղծվածային մի էակ է բնակվում, որին տեսնելու վերաբերյալ ականատեսների վկայությունները բազմաթիվ են։

Լոխնեսսյան հրեշի ականատեսների թիվը մեծ է, ու դրանց թվում է նաև ֆերմեր Հյու Էյթոնը, ով մի օգոստոսյան երեկո, իր որդու՝ Ձիմի ու երեք այլ գյուղացիների հետ աշխատում էր լճի հարևանությամբ գտնվող Դորե գյուղի դաշտերում։ Երեկոյան 19։30-ի կողմերը նրանք հանկարծակի ինչ-որ սև մեծ բան նկատեցին լճի մակերևույթին, որը հավասարաչափ շարժվում էր, և դա այն պարագայում, երբ քամու նշույլ անգամ չկար։ Ֆերմերների հետաքրքրասիրության զգացումը գերակայեց վախի հանդեպ, ու նրանք արագ նստեցին մոտորանավակի մեջ ու սկսեցին հետապնդել։ Հետագայում ֆերմերները պատմում էին, որ դրա գլուխը, որը ձևով ձիու գլուխ էր հիշեցնում, ջրի մակերևույթից մոտ 2 մետր բարձրության վրա էր գտնվում, իսկ դատելով մակերևույթի վրա հայտնվող 3 սապատներից՝ ամբողջ մարմնի երկարությունը մոտ 13 մետր էր կազմում, իսկ լայնությունը 1 մետրից ավել էր։ Հրեշը մոխրագույն էր։ Երբ մոտորանավակը հրեշից մոտ 40 մետրի վրա էր գտնվում, այն կտրուկ վեր բարձրացավ ու միանգամից ընկղմվեց ջրի մեջ, ինչից ջուրն ասես եռ սկսեց գալ, իսկ նավակը՝ ուժեղ ճոճվել։ Հրեշի գլուխը մեկ անգամ էլ երևաց ու անհետացավ Լոխ Նեսսի մութ խորքերում։

Պատմությունը չի պահպանել լոխնեսսյան հրեշի մասին առաջին հիշատակումը, բայց, այնուամենայնիվ, դրա մասին ակնարկներ կան անգամ 1400 տարվա վաղեմություն ունեցող աղբյուրներում։ 565 թվականին իռլանդացի մի հոգևորական մասնակցում էր Նեսս գետի ափին իրականացվող մի մարդու հուղարկավորության արարողությանը, ում վրա հրեշ էր հարձակվել։ Նույն այդ հոգևորականը փրկել էր մեկ այլ մարդու կյանք, ում վրա «շատ տարարօրինակ գազան էր՝ դոդոշի նման, բայց դոդոշ չէր» հարձակվել, երբ այդ մարդը լողալիս էր եղել։ Երբ այն արդեն պատրաստվելիս էր եղել հարձակվել լողորդի վրա, սուրբ հայրը բացականչել էր «Ձեռք մի՛ տուր նրան, հեռացի՛ր» ու այն նահանջել էր, սակայն այս վկայությունները բարդ է հավաստիների շարքին դասել։ 1880 թվականից հետո լոխնեսսյան հրեշի ականատեսների ավելի քան 3000 վկայություններ են պահպանվել, որոնցից մեկն անգամ Քիմիայից Նոբելյան մրցանակակիր Ռիչարդ Սինջը, ով տեսել էր հրեշին 1938 թվականին։

Լճում բազմաթիվ թանկարժեք հետազոտություններ են իրականացվել, ամիսներ շարունակ ուսումնասիրել են թե դրա հատակը, թե դրա մակերևույթը։ Լճի մասին բազմաթիվ գրքեր ու հոդվածներ են գրվել, դրա շուրջ բազմաթիվ սկանդալներ են եղել, իսկ մեր օրերորւմ Լոխ Նեսս լճի ափին ամենամյա «Նեսսի» փառատոնն է իրականացվում։ Սակայն լիճը մինչ օրս էլ քողարկված է պահում իր գլխավոր գաղտնիքը։ Մինչ օրս չի հաջողվել հայտնաբերել հրեշի որևիցե մնացորդ՝ ոսկոր, կաշվի կտոր, ոչ էլ որևիցե այլ ակնառու ապացույց, որը կփաստեր դրա գոյության մասին։

Նեսսիի (այսպես են անվանել Լոխ Նեսսի հրեշին) գլխավոր գաղտնիքը հանդիսանում է այն, թե ինչպես է նա հայտնվել լճում, եթե ընդունենք, որ այն գոյություն ունի։ Լիճը ծովին կապող միակ՝ Նեսս գետը, չափազանց ծանծաղ է, իսկ Կալեդոնյան ջրանցքը փակված է բազմաթիվ պատնեշներով։ Մնում է ենթադրել, որ Նեսսին ապրել է այս լճում դեռ վերջին Սառցե դարաշրջանից ի վեր, ինչն առավել քան հնարավոր է՝ հաշվի առնելով լճում առկա մեծ քանակությամբ ձկնատեսակներին։

Երկարամյա դադարից հետո հրեշը նորագույն պատմության մեջ առաջին անգամ իր մասին հիշեցրել է 20-րդ դարի 30-ական թվականներին։ 1930 թվականի հուլիսի 22-ին ոմն Իեն Միլն ձկնորսությամբ էր զբաղվում իր երկու ընկերների հետ, երբ իրենցից մոտ կես կիլոմետրի վրա ինչ-որ շարժում նկատեց։ Ջրի տակից ուժեղ պղպջակներ էին բարձրանում, ու հանկարծ Յենն իրենցից մոտ քառորդ կիլոմետրի վրա տեսավ, թե ինչպես հրեշն իր գլուխը դուրս հանեց ջրից։ Տեսնելով ձկնորսներին՝ Նեսսին առնվազն 15 հանգույց արագությամբ լողալով՝ անցավ նրանց կողքով։ Ըստ Միլնի՝ դրա մարմնի երևացող հատվածի երկարությունն առնվազն 6 մետր էր, ու այն վստահաբար իր համար որևիցե հայտնի կենդանի չէր։

Այս դեպքից 2 տարի անց հրեշը կրկին հիշեցրեց իր մասին։ Այդ տարի վերանորոգող մի խումբ նորոգում էր հյուսիսային ափի մոտով անցնող ճանապարհը, ու հավանաբար նրանց աղմուկը անհանգստացրեց Նեսսիին… Ճանապարհով անցնող մեքենայի մեջ գտնվող Մակնեյների ընտանիքը նկատեց, որ լճի մակերևույթը սկսեց տատանվել ու մի որոշ ժամանակ անց երևաց Նեսսին, բայց այն նորից ընկղմվեց ջրի տակ։ Ամուսինները պատմեցին այս մասին լրագրող Ալեքս Քեմփբելին, ով ինքը նախկինում տեսել էր հրեշին, և նա հոդված հրապարակեց։ Իհարկե, գտնվեցին այնպիսի մարդիկ, ովքեր շտապեցին մեղադրել կեղծարարության մեջ, սակայն այդ տարի Նեսսին էլի բազմիցս հիշեցրեց իր մասին։

Մեկ այլ ամուսնական զույգ պնդում էր, որ տեսել էր, թե ինչպես է մոտ 10 մետր երկարությամբ հրեշը հատում ճանապարհը, իսկ նրա բերանում գառնուկ էր։ Ըստ Սպայսերների՝ այն նման էր վիշապի կամ էլ նախնադարյան ինչ-որ կենդանու։ Մեկ այլ դեպքում միանգամից 6 ականատես պնդում էր, թե տեսել են, թե ինչպես է Նեսսին լողալով մոտ 1 կիլոմետր անցել լճով ու ըստ նրանց՝ Նեսսին ուներ օձաձև գլուխ, դրա վիզը բարձրանում և իջնում էր ու այն գալարվելով էր լողում։ Բացի դրանից, այն ուներ լայն պոչ ու երկու սպատ։

Նեսսիի առաջին լուսանկարը հայտնվեց 1933 թվականի նոյեմբերին, երբ տեղաբնակներից մեկը կարոողացել էր 5 կադր անել, որոնցից 4-ը փչացել էին, իսկ 5-րդում աղոտ, բայց կարելի էր ինչ-որ օձաձև բան տարբերել։ Փորձագետները զննել էին ժապավենն ու եկել էին այն եզրահանգման, որ այն օրիգինալն է ու չի ենթարկվել մանիպուլյացիաների…

Շարունակելի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել