Հայ եկեղեցին նշում է Սուրբ Ոսկեանց քահանաների հիշատակության օրըSlaq.am-ը գրում է․

Հայ առաքելական սուրբ եկեղեցին փետրվարի հինգին տոնում է Սուրբ Ոսկեանց քահանաների հիշատակության օրը:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ Ոսկյանները Հայ եկեղեցու առաջին նահատակներից ու ճգնավորներից են: Նրանց հիշատակությունը, ըստ եկեղեցական օրացույցի, տոնվում է կամ առաջավորաց պահքին հաջորդող հինգշաբթի օրը, եւ կամ Սուքիասյանց տոնի հետ միասին:

Ըստ ազգային ավանդության, Ոսկյանք Հռոմի կայսեր կողմից հայոց Սանատրուկ թագավորի մոտ ուղարկված 5 դեսպաններ էին, որոնք, առաջին դարի կեսերին գալով Հայաստան, հանդիպում են Թադեոս Առաքյալին եւ նրա քարոզներից ազդված մկրտվում՝ դառնալով քրիստոնյա: Նրանցից գլխավորը՝ Խռուսին (հայերեն՝ Ոսկի, այստեղից էլ՝ Ոսկյաններ) ձեռնադրվում է նաեւ քահանա:

Թադեոս առաքյալի նահատակությունից հետո Ոսկյանք մեկուսանում են հայոց Ծաղկոտն գավառի Ծաղկավետ կոչված լեռներում եւ շուրջ 40 տարի ճգնակյաց կյանք վարում: Առաջնորդվելով աստվածային պատգամով՝ նրանք գալիս են հայոց արքունիք՝ քրիստոնեություն քարոզելու հայոց Արտաշես թագավորին ու Սաթենիկ թագուհուն: Արքունիքում Ոսկյաններին հետեւում են միայն Սաթենիկ թագուհու ազգականները՝ Ալանաց երկրից թագուհու հետ Հայաստան եկած շուրջ 18 պալատականներ, որոնք մկրտություն են ստանում Եփրատ գետում եւ Ոսկյանների հետ հեռանում են լեռներ:

Վերջիններս իրենց գլխավորի՝ Սո քիասի անունով հետագայում կոչվում են Սուքիասյանք: Չհաջողելով համոզել եւ ետ վերադարձնել նախկին պալատականներին՝ հայոց արքայորդիները վրեժխնդիր են լինում նրանց քարոզիչներին՝ Ոսկյաններին, սրախողխող անելով նրանց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել