Ֆեյսբուքը գործիք է, որը ճիշտ օգտագործելու դեպքում ավելի շատ շահում ես, քան կորցնում: Առանց չափազանցնելու Ֆեյսբուքը փոխեց կյանքիս վեկտորը: Պոլիտեխնիկում վեց տարի սովորելուց ու գերազանցությամբ ավարտելուց հետո հասկացա, որ ինձ ավելի դուր է գալիս այն ոլորտը, որտեղ հիմա աշխատում եմ ու հենց բլոգոլորտը, ոչ թե առհասարակ լրատվությունը: Բլոգոլորտն անմիջական կապ ունի սոցցանցերի հետ, իսկ բախտի բերմամբ, թե պատահմամբ Հայաստանում ամենակիրառելին հենց Ֆեյսբուքն է: Օրական մինիմում 8 ժամ անց եմ կացնում Ֆեյսբուքում աշխատանքի բերումով ու ուզած թե չուզած ինձ վրա զգում դրա թե դրական և թե բացասական կողմերը: Ֆեյսբուքն ինձ տվել է աշխատանք, արտահայտվելու լայն հնարավորություն, շատ ընկերներ, ովքեր վիրտուալից արդեն տեղափոխվել են իրական կյանք ու մշտապես տեղեկացված լինելու հնարավորություն: Ես ճիշտ եմ օգտագործում Ֆեյսբուքը, որի համար այն ինձ տալիս է ավելի շատ լավը, քան վատը, ու վերոնշյալ դրական կողմերը չեզոքացնում են բացասականը: Բացասական կողմն էլ այն է, որ շատ հեշտ է մասսաներին շեղել կարևորից, ու կուտակված էներգիան, որ կարելի էր ծառայեցնել ավելի լավ նպատակների, ուղղակի զուր վատնվում է՝ ստեղնաշար չխկչխկացնելով:
Ու ինչպես իմ առաջին մասնագիտությամբ կոլեգա Հենրի Ֆորդն է ասել. «Ամենալավ աշխատանքը վարձատրվող հոբբին է...»