Կաղամբի ապուրով դիետան բավական մեծ ժողովրդականություն է վայելում ողջ աշխարհում: Շատերը պնդում են, որ այս դիետան օգնում է միայն մարմնում ավելորդ ջրից ազատվել, սակայն, քանի որ այն անսահմանափակ դիետա է, որի ընթացքում կարելի է անսահմանափակ քանակությամբ ապուր ուտել, դրան դիմում են շատերը:
Դիետայի շրջանակում Դուք պարզապես յոթ օր շարունակ ուտում եք այս ապուրը՝ ավելացնելով միայն որոշակի սննդամթերքներ, որոնք ներկայացնում ենք ստորև.
1-ին օր. Անսահմանափակ քանակությամբ կաղամբով ապուր և միրգ, բացառությամբ բանանի:
2-րդ օր. Անսահմանափակ քանակությամբ կաղամբով ապուր և ճաշին մեկ հատիկ խորոված կարտոֆիլ կարագով: Ոչ մի միրգ:
3-րդ օր. Անսահմանափակ քանակությամբ կաղամբով ապուր՝ ավելացրած ցանկացած միրգ կամ բանջարեղեն, բացառությամբ բանանի և կարտոֆիլի:
4-րդ օր. Անսահմանափակ քանակությամբ կաղամբով ապուր և անյուղ կաթ՝ ավելացրած ութ բանան:
5-րդ օր. Անսահմանափակ քանակությամբ կաղամբով ապուր և 565 գ տավարի միս և 6 լոլիկ: 6-8 բաժակ ջուր խմեք Ձեր մարմինը հավելյալ միզաթթվից ազատելու համար:
6-րդ օր. Անսահմանափակ քանակությամբ կաղամբով ապուր և տավարի միս ու բանջարեղեն որքան ցանկանաք (բացառությամբ կարտոֆիլ):
7-րդ օր. Անսահմանափակ քանակությամբ կաղամբով ապուր և մի փոքր դարչնագույն բրինձ ու բանջարեղեն:
Ահա թե ինչպես պետք է պատրաստել կաղամբով ապուրը.
• Մանր կտրատած 1 գլուխ կանաչ կաղամբ,
• Մանր կտրատած 2 խոշոր սոխ,
• 16-28 ունցիա պահածոյացված լոլիկ՝ կտրատած և առանց հյութը թափելու
• 2 կանաչ պղպեղ՝ կտրատած և սերմերը հանած:
• 4 կապ կտրատած տերևներով նեխուր
• Կեղևահանած և կտրատած 6 հատ գազար
• 226 գրամ կանաչ լոբի՝ ծայրերը կտրած և անկյունագծով կտրատած
• Սև պղպեղ՝ ըստ ճաշակի
• Կտրատած թարմ կանաչի, օրինակ՝ մաղադանոս, եղեսպակ, սամիթ, համեմ կամ ուրց
Պատրաստման եղանակը.
Ամբողջ բանջարեղենը լցրեք մեծ թավայի մեջ և ծածկեք ջրով: Երբ ապուրն սկսի եռալ, իջեցրեք կրակը և եփեք ևս 10 րոպե: Ծածկեք թավան, կրակը նվազագույնի հասցրեք և եփեք մինչև բոլոր բանջարեղենները փափկեն:
Սակայն արդյո՞ք այս դիետան արդյունավետ և անվնաս է:
Այն այնքան էլ առողջարար չէ, քանի որ նշված ապուրը գրեթե կալորիաներ չի պարունակում, և օրգանիզմը՝ բավարար քանակությամբ էներգիա չստանալով, թուլանում է: Այս ապուրը նաև նկատելիորեն նվազեցնում է զարկերակային ճնշումը և խորհուրդ չի տրվում այն մարդկանց, ովքեր առանց այն էլ ցածր ճնշում ունեն:
Այդ իսկ պատճառով, եթե ցանկանում եք ավելորդ քաշից ազատվել, փորձեք դա ավելի առողջ ճանապարհով անել:



