«Ես ինձ դեռևս զգում եմ մի երեխա, ով մորն աղաչելով՝ գնդակը վերցնում և իջնում է բակ խաղալու: Երբ այդ զգացողությունն այլևս չունենամ, կթողնեմ ֆուտբոլը»: Այս խոսքերը պատկանում են բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկին՝ արգենտինացի Լիոնել Անդրես Մեսսիին: Սա նաև որոշակի ուղերձ է մարդկությանը, որ սեփական աշխատանքը պետք է սիրել, մասնագիտություն ընտրելիս պետք է լսել սրտի ձայնը: Եվ միայն այդ դեպքում է հնարավոր հասնել այնպիսի բարձունքների, ինչպիսի հասել է Մեսսին ֆուտբոլում: Ինչևէ, աշխարհահռչակ արգենտինացու անցած ճանապարհն ապացուցում է, որ փոքրամարմին Մեսսիի հաջողության գաղտնիքը հենց երեխայի նման գնդակ տենչալու մեջ է կայանում: Վերջինիս երկրպագուները սիրում են նրան ոչ միայն գերազանց խաղի, այլև մարդկային պարզության համար: Նրան երբեք չես տեսնի գլամուրային հավաքների, կրքոտ գեղեցկուհիների շրջապատում: Փառքը նրան չի կուրացրել: Ինչպես Մեսսիի մասին է ասել 90-ական թվականների ֆրանսիացի լեգենդար պաշտպան Բիքսան Լիզարազուն. «Երբ Մեսսիին տեսնում եք սովորական հագուստով, նա շատ նման է դպրոցականի, սակայն երբ նա հագնում է ֆուտբոլային համազգեստ, մնացած բոլորն են դառնում դպրոցական»: Այսինքն ինչպիսի փառքի ու հաջողության էլ հասնես, պետք է մնաս դպրոցականի պես պարզ՝ սեփական գործում մնալով առաջատար:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sargis.asatrian/posts/10203533899817386?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել