Այն, ինչ ցուցադրել է Հիմնադիր խորհրդարանն արցախյան ավտոերթի կանխման համար Արցախի ոստիկանության ու չեթեների համագործակցությամբ տեղի ունեցածից, այլ կերպ, քան հանցագործություն, անվանել չի կարելի: Դատելով Արցախի ոստիկանության տարածած հաղորդագրությունից՝ ոստիկանությունը տեղեկություն էր ունեցել, որ հինադիր խորհրդարանի հայտարարված ավտոերթից դժգոհ Արցախի լայն հանրության «մի ստվար զանգված որոշել է կանխել ավտոերթի մասնակիցների մուտքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն», և բախումների հեռանկարից մտահոգ ԼՂՀ ոստիկանությունը «հասարակական կարգի հնարավոր խախտումներ «թույլ չտալու համար» վերակարգեր է սահմանել Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղու որոշ հատվածներում»։ «Ռեյդային ստուգում» անունը կրող այն սարսափելին, ինչ տեսնում ենք տեսանյութից, հարյուրամյա անցյալից մեզ հայտնի ոստիկանության և չեթեների՝ հատուկ խաղաղ բնակչությանն ահաբեկելու նպատակով իշխանությունների կողմից օգտագործվող քրեականների համատեղ հանցագործություն է: Նախ՝ «մի ստվար զանգվածի» փոխարեն տեսանյութում երևում է մահակավոր տղամարդկանց մի խումբ, որոնց ձեռքից ոստիկանությունը որևէ փորձ չի անում մահակները վերցնելու՝ «հասարակական կարգի հնարավոր խախտումները» կանխարգելելու համար: Ոստիկանությունը ոչ միայն չի փորձում կանխել իր կողմից ենթադրվող հնարավոր բախումը՝ զսպելով չեթեներին, այլև, տեսնելով նորընծա չեթեների անվճռականությունը, սկսում է կառավարել և գլխավորել նրանց գրոհը: Եթե ես սխալվում եմ՝ ուղղեք ինձ, բայց տեսանյութից երևում է, որ «գրոհայինների» մեջ կարծեք թե կային նաև դիմակավորվածներ, ըստ երևույթին հատուկ ջանացել էին տեռորիզմի տպավորությունը կատարյալ դարձնել: Ճանապարհի բարձունքի մասում կանգնած զինյալների մռայլ ներկայությունը և հետագա մասնակցությունը «գործողություններին», մահակավոր ոստիկանների և չեթեների դաժան հարձակումը ետ շրջվող և վերադառնալու փորձ անող «երթայինների», մեքենաներից նրանց դուրս հանելով կատաղի ծեծի, մեքենաների անզուսպ, վրեժխնդրության տպավորություն թողնող ջարդի տեսարանները ստեղծում են տոտալիտար համակարգի մի կատարյալ պատկեր, որի դեպքում քաղաքացիները պետք է իշխանությունների կամքի (ոչ թե, անշուշտ, օրենքի) բացառիկ հնազանդություն և կատարյալ նվիրում ցուցաբերեն, եթե նույնիսկ այդ կամքը նրանց մղում է հանցագործության: Որովհետև այլ կերպ, քան հանցավոր գործողությունների ներգրավվածություն և իշխանության հանցավոր հրամանի կատարյալ նվիրվածություն վերոհիշյալ մահակավոր չեթեների՝ քաղաքացիական հագուստով գրոհայինների և ոստիկանության արածը չի կարող բացատրվել: Ապշեցնում է այն խայտառակ անկարողությունը, որով նույնիսկ նախապատրաստված թատրոնը լիովին տապալվել է: Հավանաբար ծրագրավորված գործողությունների համաձայն ոստիկանությունը պետք է ձևացներ, իբր փորձում է կանխել «քաղաքացիական գրոհայինների» հարձակումը ավտոերթի մասնակիցների վրա, ստեղծեր «անկառավարելի վիճակ» և «իրականացներ իրավաչափ գործողություններ»՝ սովորական ջարդ: Բայց իրավիճակը հասկացած ավտոերթի մասնակիցները խոհեմաբար ետ են վերադառնում, իսկ այդ իրավիճակին համապատասխան հրահանգ չունեցող ոստիկանությունը իր համագործակից չեթեների հետ կորցնում են ինքնատիրապետումը և իրենց համար ոչ ստանդարտ իրավիճակում անում են ամենաաններելին՝ մահակներով հարձակվում են ակնհայտորեն նահանջող մարդկանց վրա: Այս ամենով և արվածը լուռ ու մունջ «մոռացության տալու» Արցախի իշխանությունների ջանքը առայժմ միայն չորս բան են վկայում՝ ա) Արցախի բնակչությունը, Հայաստանի բնակչության նման, իսկապես օժանդակության կարիք ունի, բ) Շատ, շատ երկար ժամանակ ու շատ մեծ ջանքեր կպահանջվեն միջազգային հանրությանը համոզելու, որ այս ամենը ընդամենը դիպված է, թյուրիմացություն, սխալմունք, որ Արցախի իշխանություններն իսկապես ջանում են ժողովրդավարական երկիր կառուցել, գ) Ոչ պակաս ջանքեր կպահանջվեն Հայաստանի հանրությանը համոզելու, որ Արցախի բնակչությունը և Արցախի իշխանությունները տարբեր բաներ են, և իշծանությունների վարքով չպետք է դատել բնակչության մասին, դ) Այս ամենին Արցախի իշխանությունները, ոչինչ չնշանակող հայտարարություններից զատ, ոչնչով չեն մասնակցելու։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hranush.kharatyan/posts/446782612140687?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել