Մեր պետության անկախության հիմքերը խարխլվում են ոչ միայն իշխանավորների, թեև նրանց մասնաբաժինն այս գործում իրոք մեծ է, այլ նաև շատ քաղաքացիների կողմից:

Ինչո՞ւ կամ ինչպե՞ս։


Այս միտումն առավելապես ցայտուն է դառնում ընտրություններից առաջ և հետո: Երբ համընդհանուր և բացահայտ բաժանվող ընտրակաշառքը և պարտադրանքի որևէ դեպք չի բացահայտվում։ 

Ընտրությունից հետո մի քիչ աղմկում են, զարմանում, զայրանում, մի ստվար մասը նորից արտագաղթում, մի մասն էլ հուսահատ շարունակում է ապրել:

Իհարկե ձևական մի քանի քրեական գործ հարուցվում է: Դրանց մի քանիսին անձամբ եմ մասնակցել, որպես ընտրության վկա, վստահված անձ, բայց դրանք բոլորը մեկ-երկու ամիս հետո կամ մոռացվում են կամ ձևական վճիռներով ավարտվում:

Ովքե՞ր են այդ կաշառքների պարտակողները, սպառողները և լռողները։ 
Իհարկե քաղաքացիները

Միգուցե «քաղաքացի» անվանել այդ մարդկանց դեռ շուտ է, ավելի ճիշտ է նրանց սպառողներ անվանել: Քաղաքացի նշանակում է օրինապաշտ, իր իրավունքները պաշտպանել ունակ, իր պարտականությունները անվրեպ կատարող, պետություն կազմող մարդ: 
Քաղաքացին լինում է պետության մեջ, քանի որ մեր պետության ինքնուրույնությունը հասցվել է Հարավային Օսիայի կամ Աբխազիայի մակարդակին, քաղաքացի մնալը համարյա անհնար է:

Իսկ ինչո՞վ է զբաղված հանրությունը հիմա, այս պահին։ Երբ ընտրություններ չկան:

Հասարակությունը մեծամասամբ ուղղակի դիտում է իրենից անկախ տեղի ունեցող իրադարձությունները: Երեկ Պոստսկրիպտում հաղորդման ընթացքում Հրանտ Բագրատյանը, ԵՏՄ-ին վերաբերող հարցին պատասխանեց որ, ինքը «Չի քվեարկել դրան կողմ: Բայց դե հիմա այնտեղ ենք: Հո ես չեմ գնալու ինձ քարափից գցեմ», - ասում է նախկին վարչապետը:
Երբ «քաղաքական էլիտան» այսպես է մտածում, մարդիկ ո՞նց պետք է մտածեն։ 
Այս հաշտվողականությունն ամենավտանգավոր բանն է:
Տնտեսության մեջ այսօր կա 47 տոկոս ստվերԱյսինքն՝ մեր աշխատունակ բնակչության համարյա կեսը ներգրավված է ստվերային տնտեսության մեջ` հարկերից խուսափելու, անկախ պետությանը վնաս հասցնելու, այդ մասին իմանալու բայց լռելու գործողության մեջ: Այսինքն ընտրությունների օրերին այս նույն որակներով հասարակությունն է չէ՞ մասնակցում, ուրիշ մարդիկ չեն:
Աղքատության շեմին գտնվող մարդկանց պաշտոնական թիվը 36 տոկոս է:
Իրոք բնակչության վիճակը նախանձելի չէ: 47 տոկոսը ստվերում է, իսկ 36 տոկոսը աղքատության սահմանից ներքև:
Այսօր հասել ենք նրան, որ շատ գործատուներ աշխատանքի ընդունելուց թեկնածուներին բացահայտ ասում են, որ «իրենց մոտ կա երկու հաշվապահություն` ձախ-ստվերային և հարկային, ունե՞ք այդպիսի փորձ զուգահեռ վարման»: 
Այսպես է, քանի որ անպատիժ են: 
Իսկ որտե՞ղ աշխատի մարդը, եթե չի ցանկանում սատարել և մասնակցել այդ քրեորեն պատժելի արարքներին։

Մարդիկ, որոնք հրաժարվում են ներառվել պետական ապարատում կամ հանցավոր ստվերային տնտեսությունում, այս երկրում անելիք, աշխատանք գտնելու շանս չունեն: 
Նրանց հնարավորությունները հնգակի պակաս են, քան դրան պատրաստ, ենթարկվող զանգվածինը:
Իսկ ի՞նչ է մնում նրանց անել։ Կամ երկրից հեռանալ, կամ մաս կազմել այս համակարգին և դառնալ խոցելի: Կամ էլ վիճակ փոխել երկրում:
Իսկ ինչպես հայտնի է, խոցելի մարդուն դոսյեներով կառավարելը հեշտ է, միշտ կարելի է նրա սեղանին որևէ թղթապանակ դնել: Ինչպես և արվում է:
Ընտրության հնարավորություն չկա:
Հիմա մենք հնձում ենք այն, ինչ ցանել ենք մենք, մեր հայրերը, մեր պապերը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել