Երեկվանից ողջ ֆեյսբուքը քննարկում է Արցախի սահմանին կատարվածը, ու էմոցիոնալ պոռթկման մեջ մեր հայրենակիցներից շատերը մոռանում են բանականության ու լոգիկայի պարզ կանոնների մասին։ 
Ինչ խոսք, շատ տհաճ ու դատապարտելի բան է եղել ու անձամբ ես խիստ բացասաբար եմ վերաբերվում քաղաքական պայքարում բռնություն կիրառելը։ Դա հարիր չէ քաղաքակիրթ երկրին, դա հարիր չէ քաղաքակիրթ հասարակությանը։ Սակայն այս ամենով հանդերձ՝ ինձ հիմա մի քանի հարց է հուզում, որոնց պատասխանը ես դեռ չեմ տեսնում։

1. Զգացե՞լ եք, որ տվյալ քննարկկումների համատեքստում, չգիտես ինչու, նախախորհրդարանի պատմածներն են ընդունվում որպես ապրիորի իրականություն։ Իսկ ինչո՞ւ եք վստահ, որ ամեն ինչ եղել է հենց այնպես, ինչպես պատմում են նախախորհրդարանի ներկայացուցիչները։ Ես դրանում ամենևին էլ վստահ չեմ, առավել ևս, որ նույն Նախախորհրդարանի նույն Վարուժան Ավետիսյանը սկզբում հայտարարում է, որ իրենց ծեծել են կանանց ու երեխաների աչքների առաջ, հետո հայտարարում է, որ ծեծել են նաև կանանց ու երեխաներին։ Հետո կենացները քաղցրացան, ու պարզվեց, որ օդ էլ են կրակել... Մի քիչ էլ ոգևորվեին, կարող ա պարզվեր, որ նախաշպիոնարանի շարասյանը ավիացիոն ու հրետանային հարված էլ են հասցրել։
Ասե՞մ՝ ինչ եմ կարծում։ Իմ խորին համոզմամբ, ինչ-որ մի պահի, կամ մեքենաների մեջից, երբ արդեն շրջադարձ անելիս են եղել, կամ էլ հենց խոսակցության ժամանակ, պայքարիստները սկսել են սադրել նման բախումն, ասենք, Երևանում այդքան հաճախ կիրառվող քայլերն անելով։ Խոսքի օրինակ, բռնել են ու արցախցի ոստիկաններին թուրք են անվանել: Ինչ-որ մեկին թուրք անվանելն ինքնին լավ բան չի, բայց երբ դա անում ես Հայաստանի մի տարածաշրջանի ներկայացուցիչների հանդեպ, որտեղ չկա գեթ մի ընտանիք, ով թուրքի ձեռով հարազատ ու բարեկամ կորցրած չլինի, դժվար ա այլ բան ակնկալել, քան քացու տակ հայտնվելը։

2. Ինչո՞ւ էր պետք դիմել այս քայլին, եթե կար միանգամայն ռեալ ռիսկ, որ բախում կարող է լինել։ ՀԱԿ-ը որ ՀԱԿ-ն էր, զերծ էր մնում ներ ՀՀ-ական քաղաքական պայքարը Արցախ արտահանելուց, որովհետև հասկանում էր, որ դրա նեգատիվ ազդեցությունն ընդհանուր հասարակական դաշտի վրա շատ ավելի վատ կլինի, քան դրական ձեռքբերումները։ Բայց նախաշպիոնարանի հանձարների բանջարի՞ն ա, թե ինչ կլինի։ Չեմ զարմանա, եթե ապացուցվի մի գեղեցիկ օր, որ սրանք հենց հատուկ նման բախման համար էլ գնացել էին, որպեսզի ապակայունացնեն հասարակական դաշտը, լարվածություն ստեղծեն Հայաստանի Հանրապետության ու Արցախի հասարակությունների միջև ու պղտոր ջրում ձուկ որսան։

3. Իշխանությունների ինչի՞ն էր պետք էս մարգինալներին էսպիսի շռայլ նվեր մատուցել։ Իրոք էլի, ասենք պարզից էլ պարզ էր, որ 50 հոգուց ավելի շատ մարդ չհավաքով քաղաքական միավորի ավտոերթից ոչ մի հասարակական լուրջ ցնցումների ռիսկ չէր կարող լինել, էլ ինչի՞ էին զոռով բարդացնում իրենց համար այս խնդիրը։ Ջհանդամիս թե չէին գնա Արցախում կապիկություններ անելու, ինչի՞ էր պետք նման չոր արձագանքելը, առավել ևս, որ պետք չի հանճար լինել, որպեսզի հասկանալ, թե ինչ սադրանքների ռիսկ գոյություն ունի։

4. Հիմա ի՞նչ, բոլորս Նախախորհրդարա՞ն ենք ու բոլորով պետք ա թքենք Արցախի երեսի՞ն։ Տո կորեք գրողի ծոցը, ես կրկնում եմ, դեմ եմ ու դատապարտում եմ տեղ գտած բռնությունները, բայց ես չեմ պատրաստվում ողջունել ու սատարել գործակալական այս ցանցի գործունեությունը, առավել ևս, որ դեռ պարզ չի, թե ի վերջո ինչի հետևանքով է ծագել այս բախումը։

Ամեն դեպքում, գլուխ եմ խոնարհում այն քաղտեխնոլոգների առջև, ովքեր կարողացան այսքան հմուտ կերպով այսքան հաջող սադրանք կազմակերպել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել