Ինչ երկիմաստ է հնչում՝ գայլերի որս, ի՞նչպես հասկանալ, գայլերն են որսի դուրս եկել, թե գայլերի նկատմամբ է որսն հայտարարված: Թերևս թողնեմ ձեր ընկալմանը, երկու դեպքում էլ ձեզ հետ համամիտ կլինեմ: Որովհետև երկու տարբերակն էլ ներկայիս ճշմարտությունն են:
Վերջին ժամանակներս, հայ հասարակության մեջ լայն շրջանառության մեջ է դրվել աղանդ բառը: Դրվել է և շրջանառվում է առանց գիտակցելու, կամ ավելի ստույգ ասեմ, նույնիսկ կիրառվում է առանց հասկանալու դրա նշանակությունը: Հասարակության մեջ այդ բառի նշանակությունը սահմանվում է ըստ որոշ ուժերի ՝ ովքեր շահագրգիռ են այդ բառով ստեղծելու ներքին թշնամի, ում վրա կարելի է բարդել ներկայիս խնդիրները և այդ նպատակով՝ առանց այն էլ շիկացած մթնոլորտի մեջ, կատարվում է լուրերի կամ տեղեկատվության արտանետում, որոնք ապատեղեկացնում են հասարակությանը: Ես ի նկատի ունեմ այն, որ հասարակությունը միտումնավոր պառակտվում է տարբեր մասերի և այլադավանությունը կամ այլախոհությունը պիտակավորվում է որպես ազգի դավաճանություն: Ուստի, որոշ կազմակերպություններ կամ անհատներ, շեղում են հանրության ուշադրությունը, սևեռելով նրանց ուշադրությունը այս կամ այն կրոնական կազմակերպությունների վրա:
Հայաստանում գործում են բազմաթիվ կրոնական կազմակերպություններ, որոնք իրենց ուսմունքով համարվում են աղանդ, սակայն, առկա փաստ է հանդիսանում այն, որ այսօր, Հայ Առաքելական եկեղեցին՝ աղանդների դեմ ծավալած պայքարը տարածում է նաև քրիստոնեության՝ Ավետարանական ընտանիքին պատկանող եկեղեցիների վրա: Թերևս, չենք կարող ասել, թե այս ամենից անմասն է մնում նաև Հայ Կաթողիկե եկեղեցին: Հարկ եմ համարում փաստել, որ այս պայքարը տարվում է ՀՀ Սահմանադրության, ինչպես նաև Կրոնի և Խղճի ազատության մասին օրենքների բացահայտ ոտնահարումներով՝ օգտվելով պետական կառույցների լծակներից և ԶԼՄ-ների կողմնապահ աջակցությունից: Տարօրինակ կլիներ չնկատել, որ այս գործունեությամբ, Հայ Առաքելական եկեղեցին իրեն դրսևորում է որպես տոտալիտար աղանդ՝ սերմանելով վախի մթնոլորտ, տարածելով կեղծ և չհիմնավորված տեղեկատվություն, որն ավելի շուտ ենթադրություններ են քան թե փաստեր, դասակարգելով և պիտակավորելով մարդկանց, սա միանաշանակ խտրականություն է, որի հետևանքում վնասվում են ՀՀ քաղաքացիները՝ անկախ հավատամքի ընտրությունից: Ես կցանկանայի մտցնել պարզաբանում, ես ի նկատի չունեմ բուն Հայ Առաքելական եկեղեցու ուսմունքը, այլ ի նկատի ունեմ կղերականության որդեգրած քաղաքականությունն ու գործունեությունը: Թերևս, այսօրվա եկեղեցին, որը մեր պապերի ժամանակների՝ բաղձալի եկեղեցու հակապատկերն է:
Ես հարկ եմ համարում ձեր ուշադրությունը կենտրոնացնել այն իրականության վրա, որ աղանդները ոչ թե սպառնում են Հայ պետականությանը կամ հայ ինքնագիտակցությանը, այլ կոնկրետ եկեղեցական ուսմունքներին, իսկ դա ավելի շուտ գաղափարական մրցակցություն է քան թե պետականության սպառնալիք: Սխալ կլիներ և թերևս տգիտություն՝ ասոցացնել եկեղեցին և ազգային ինքնագիտակցությունը: Սա նշանակում է, որ եկեղեցուն վերագրվում է ավելին, քան նա իրականում անում է:
Ի դեպ, զարմանալի զուգատիպությամբ, նույն սցենարն է կրկնվում Ռուսաստանի դաշնությունում, թերևս հզոր թվացող Ռուս Ուղղափառ եկեղեցու, որը հասարակության բանալի հանդիսացող շերտերի մոտ կորցրել է իր հեղինակությունը և սպառել իրեն որպես գաղափարակիր: Սա առանձին թեմա է, քանի որ հոգևոր ծառայություն իրականցնող կառույցը, կարող է կորցնել իր իրական առաքելությունը և վերածվել հասարակական կառույցի կամ ինչպես հիմա են անվանում՝ ինստիտուտի, մնացած դերակատարումների մասին թերևս չեմ խոսի: Արժեզրկվելով եվ վերածվելով ինստիտուտի, եկեղեցին ակամա դառնում է մրցակից՝ այդ ոլորտներում գործող և մասնագիտացող կառույցների համար: Բնականաբար, դրանով դառնում է թիրախ՝ հարձակումների համար:
Սակայն, վերադառնամ աղանդ բառին՝ հուսալով, որ այս հոդվածը ինչ որ կերպ կնպաստի՝ ձեր մոտ ձևավորելու ճիշտ պատկերացում այս բառի նկատմամբ:
Ըստ Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի 1967թ հրատարակչության Ա.Մ. Սուքիասյանի «Հայոց լեզվի հոմանիշների բառարանի», ներկայացնում եմ աղանդ բառի հոմանիշները, որ է՝ ՀԵՐՁՎԱԾ, ՀԵՐԵՏԻԿՈՍՈՒԹՅՈՒՆ:
Սակայն, Աստվածաշնչի՝ Նոր Կտակարանի ավետարանների հունարեն բնագրում, մենք հանդիպում ենք այս բառին, որն իր նախնական նշանակությամբ կիրառվել է որպես « այլ ընտրանքային ուսմունք»: Որպես օրինակ, բերեմ մի քանի հատվածներ, որի ընթերցումը թողնում եմ ձեր հայեցողությանը, քանի որ, բուն նպատակս՝ աստվածաշնչյան սերտողություն կատարելու ցանկությունս չէ: Միայն Նոր Կտակարանի ավելի ուշ գրվածքներում՝ ի հայտ են գալիս հերետիկոս բառի ամբողջական նշանակությունը 2 Պետրոս 2:1« Եվ սուտ մարգարեներ էլ կային այն ժողովրդի մեջ, ինչպես ձեր մեջ էլ պիտի սուտ վարդապետներ լինեն. Որ ներս կմտցնեն կորստական հերձվածողություններ. և ուրանալով այն Տիրոջը որ իրենց գնեց, իրենց վրա շուտահաս կորուստ կբերեն » և Տիտոս 3:10 « Հերձվածող մարդուց՝ երբոր առաջին և երկրորդ անգամ խրատել ես, ետ կաց»: Պողոսի համար՝ աիռեսիս «αίρέσεις» բառը շատ քիչ բանով է տարբերվում սխիսմատա -ից «σχίσματα» 1 Կորնթացիս 11:19 « Որովհետև հերձվածներ էլ պետք է լինեն ձեր մեջ, որ ընտիր լինողները հայտնի լինեն ձեզանում» :
Նույնիսկ հելլենական աշխարհում, հռետորական դպրոցները անվանվել են «αίρέσεις», իսկ բուն բառը՝ αίρέσεις աիռեսիս –ն է, այսինքն՝ այլ ընտրանքային ուսմունք:
Հարկ է նշել, որ տվյալ բառը կիրառվել և կիրառվում է եկեղեցական շրջանակներում՝ սահմանելով՝ կոնկրետ եկեղեցական հարանվանության՝ հավատո ուսմունքի սխալ մեկնաբանությունը կամ կիրառումը: Հարկ է նաև հիշեցնել, որ բացի քրիստոնեական ընտանիքներին պատկանող եկեղեցիներից, մնացած բոլոր կրոններն ու ուսմունքները համարվում են հերձվածողություն: Այստեղ է, որ քրիստոնեությունը հավակնում է դառնալ միակ եվ ճշմարիտ կրոնը, որը հիմնված է աստվածհայտնության վրա:
Հենց այստեղ է, որ մենք բախվում ենք մի շարք հարցերի, որոնք կարող են կասկածանքի տակ դնել ընդունված ուսմունքների՝ հիմնարար ճշմարտացիությունները:
Նախ, ե՞րբ և ի՞նչպես են ձևավորվել եկեղեցական ուսմունքի հիմունքները, երկրորդ՝ ո՞րքանով են դրանք իրավասու՝ լինելու միակ ճշմարտությունը կամ հնարավոր է արդյո՞ք դրանք ենթարկել քննադատության և գտնել նրանցում անկատարություն: Իսկ ի՞նչ, եթե ձևավորված այլ կրոնական կազմակերպությունների ուսմունքները ձևավորվել են հենց այդ անկատարությունների շնորհիվ:
Եթե անրադառնանք եկեղեցու պատմությանը, ապա կտեսնենք, որ Տիեզերական եկեղեցական ժողովները կանչված են եղել լուծելու ժամանակի ընթացքում՝ այս կամ այն անհատների կամ հոգևորականության կողմից ներկայացված ուսուցումները, որոնք իրենց բնույթով հակված էին սպառնալու քրիստոնեության հիմնարար ուսուցումներին: Դրանք իրենց բնույթով ներկայացրել են վտանք՝ երիտասարդ եկեղեցու համար, սակայն այս ժողովները ի զորու չեն եղել կասեցնելու նմանատիպ ուսուցումների տարածումը: Թերևս այս ժողովների շնորհիվ, եկեղեցին կարողացել է երաշխավորել իր ուսուցումների անվտանգության հարցը և չեզոքացնել դրանց տարածումը իր ներսում:
Ըստ համաշխարհային եկեղեցիների ուսմունքի, աղանդները բաժանվում են երկու մասի, քրիստոնեական աղանդներ և ոչ քիստոնեական: Օրինակի համար ասեմ, քրիստոնեական աղանդ են համարվում «Եհովայի վկաներ» կազմակերպությունը եվ «Վերջին օրերի սուրբերի եկեղեցի» կրոնական կազմակերպությունը, ես չեմ անրադառնա մյուսներին, իսկ ոչ քրիստոնեական աղանդ են համարվում՝ Իսլամը, Բուդդիզմը, Հնդուիզմը եվ այլն:
Այս կազմակերպությունների ուսմունքի թերություններն ու ճմարիտ քրիստոնեական եկեղեցիների ուսմունքից շեղվածության երևակումը՝ հանդիսանում է համեմատական աստվածաբանության խնդիրը:
Ինչևիցե, դա այդ կրոնական կառույցների և կազմակերպությունների իրավունքն է, քանի որ, այսօր՝ Հայաստանի Հանրապետության կրոնական և օրենսդրական դաշտը տալիս է իրավունք, բոլոր ուսմունքներին և կրոնական կառույցներին ծավալելու գործունեություն, տարածել սեփական ուսմունքն ու հավատո հիմունքները և գտնել համախոհներ, հետևորդներ կամ հավատակիցներ:
Հանուն արդարության հարկ է նշել, որ քրիստոնեական եկեղեցիների բազմազանությունն ու շարունակվող բաժանությունները մատնանշում են, որ դեռևս առկա են խնդիրներ, որոնք հանգեցնում է դրան: Դա Աստվածաշնչի թվացյալ հակասությունների՝ Քրիստոսի կամ նրա առաքյալների կողմից չմեկնաբանված ուսուցումներն են, որոնց ընկալման երանգները մնում են անձի սուբյեկտիվ մոտեցման և ընկալման վրա: Ես նաև չեմ բացառում եկեղեցական քաղաքականության խնդիրները, որտեղ հաճախ իրար են բախվում շահերը, իշխանությունը և հեղինակությունը:
Իմ խորին համոզմամբ, հերձվածող ուսմունքների դեմ պետք է այլ կերպ պայքարել, ոչ թե որքան հնարավոր է՝ բարձրաձայնել նրանց գործունեության մասին և ակամաից գովազդել դրանք: Ես նաև վստահ եմ, որ քարոզչության այն ձևերը, որոնք կիրառում են աղանդները, պետք է ճշտադավան եկեղեցիները որդեգրեն, և ոչ թե վերածվեն անհասանելի ամպերում բնակվող կղերականության: Եկեղեցին մատ է թափ տալիս ժողովրդի վրա, կարծես նա ոչ թե վերակածու է այս հոտին՝ այլ Տեր: Մինչդեռ աղանդները սիրալիրությամբ և հոգատարությամբ են մոտենում վիրավորված և մերժված մարդկանց, լցնելով նրանց սրտերում առաջացած հոգևոր վակումը՝ իրենց կեղծ կամ շեղված ուսմունքներով: Մարդը ցանկանում է լսված լինել, լինել ինչ որ մեկի ուշադրության կենտրոնում, լինել սիրված և պահանջված, մինչդեռ ճշտադավան եկեղեցիները վերածվում են հոգևոր և քաղաքական կուսակցության, մոռացած լինելով իրենց իրական առաքելությունը: