Տարբեր երկրներում մարդիկ, անկախ տվյալ ժամանակաշրջանում դավանվող հավատքից կամ ուսմունքից, ունեցել են սիրո աստվածություններ, նրանց շուրջ հյուսել ավանդություններ ու լեգենդներ, նրանց պատվին իրականացրել տոնակատարություններ։
Հայոց աշխարհում սերն իր բարեխոսն ունի՝ Սուրբ Սարգիսը։ Սուրբ Սարգսի տոնը հայերը տոնել են քրիստոնեություն ընդունելուց դեռ շատ առաջ։ Ըստ ժողովրդական պատկերացումների՝ Սուրբ Սարգիսը գորշ կամ ճերմակ ձիավոր էր, ով տիրում էր հողմերին ու բքին, և շատ հաճախ ձմռան ցրտերին նրանից էր կախված ճանապարհին գտնվող մարդկանց կյանքը։ Բայց Սուրբ Սարգսի գլխավոր դերակատարումը երիտասարդ սիրահարներին օգնության հասնելն էր։
Ժողովրդական պատումներից մեկի համաձայն՝ Սուրբ Սարգիսն իր 39 քաջ զինվորների հետ հերթական ճակատամարտում տարած հաղթանակը նշելիս է լինում կայսերական պալատում։ Երբ բոլորը գինովցած քուն են մտնում, կայսրը 40 աղջիկների պատվիրում է սպանել 40 քաջերին: 39 աղջիկներն իրագործում են իրենց ոճրագործությունը, իսկ 40-րդը, քնած Սուրբ Սարգսի առնական և խաղաղ դեմքը տեսնելով, սիրահարվում է և սպանելու փոխարեն արթնացնում համբույրով: Սուրբ Սարգիսը, տեսնելով կատարվածը, հեծնում է իր արագահաս ճերմակ նժույգը, սիրահարված աղջկան իր հետ վերցնում, բուք ու բորան բարձրացնելով՝ ջարդ ու փշուր է անում քաղաքի դարպասներն ու հեռանում քաղաքից:
Քրիստոնեության ընդունումից հետո, չկարողանալով վերացնել Սուրբ Սարգսի պաշտամունքի դրսևորումները կենցաղում, հայ եկեղեցին նրա կերպարը պաշտոնականացրեց։ Ըստ էության՝ Սարգիսը միակ նախաքրիստոնեական կերպարն է, որ մտավ եկեղեցու սրբացուցակ, և նրա անունով տոն սահմանվեց։ Ըստ Հայ առաքելական եկեղեցու տոնացույցի՝ Սուրբ Սարգսի տոնը նշվում է հունվարի 18-ից մինչև փետրվարի 23-ն ընկած այն շաբաթ օրը, որը տվյալ տարվա Սուրբ Հարության տոնից (Զատիկից) 63 օր առաջ է լինում։ Ըստ եկեղեցու՝ Սուրբը զինվորական է եղել և ապրել է 4-րդ դարում։ Իր որդու՝ Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նա նահատակվել է՝ հանուն քրիստոնեական հավատքի։
Մինչ օրս էլ ժողովուրդը պահպանել է տոնի հետ կապված որոշ ավանդույթներ, ինչպես աղի բլիթ ուտելն ու տանիքին (մեր օրերում՝ պատշգամբում) սկուտեղով փոխինձ դնելն է, եթե առավոտյան փոխինձով սկուտեղում հայտնաբերում են Սուրբ Սարգսի ձիու պայտի հետքը, ուրեմն այդ տարի հաջողություն է սպասվում։ Տոնին նախորդող երեկոյան երիտասարդներն աղի բլիթ են ուտում ու ծարավ քնում՝ հուսալով երազում տեսնել իրենց ապագա կողակցին։ Ավանդույթի համաձայն՝ երազն անպայման պետք է մանրամասն պատմել՝ ո՞վ կամ ինչպիսի՞ մարդ ջուր տվեց, ինչպիսի՞ բաժակով, բաժակը լի՞քն էր, թե՞ կիսատ։ Լիքը բաժակը երկար ամուսնական կյանք է գուշակում, կիսատը՝ կարճ։ Այսքանով, սակայն, նախկինում գուշակությունները չէին ավարտվում. կտուրին դրված փոխինձից շաքարաջրով կամ մեղրաջրով գնդիկներ էին պատրաստում, մի կտոր դնում երդիկին ու հետևում՝ այդ կտորը կտցող թռչունները որ կողմ են թռչում. այդտեղից էլ սպասվում էր ապագա կողակիցը։