ՀԱՅԱՍՏԱՆ––ՍՓՅՈՒՌՔ. ԱԶԳԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼԻ  ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ, ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՎ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ

Սփյուռք ունեցող բոլոր երկրները նախանձախնդրություն ունեն բացահայտել, գնահատել և համախմբել իրենց սփռված ազգային հանրույթի ներուժը։ Մեր դեպքում այն առավել մեծ կարևորություն է ստանում, որովհետև դրսում է առնվազն 7 միլիոն հայ, ինչը գրեթե կրկնակի գերազանցում է ՀՀ քաղաքացիների թիվը։ Սա նշանակում է. եթե մենք առաջիկայում չկարողանանք Հայաստան–Սփյուռք փոխգործակցության նոր, առավել գործուն ու արդյունավետ  հարթություններ ձևավորել, ուղղակի սպառնալիք  կստեղծենք ՀՀ ազգային անվտանգության համար՝ սասանելով նրա  հիմնարար արժեքները։

Արագ զարգացող աշխարհի նոր մարտահրավերները հայության առջև խնդիր են դնում հանդես գալ առավել միասնական և կազմակերպված, ունենալ ինքնաբավության ավելի բարձր մակարդակ, ազգային ինքնության՝ Մենք–ի նոր կոնցեպտներ, Մենք–ի ներուժի հաշվառման և իրացման նոր ելակետեր, Մենքի–ի նոր փիլիսոփայություն՝ հիմնված բացառապես պետականակենտրոն գաղափարախոսության  վրա։

Ստորև ներկայացված է  Հայաստան–Սփյուռք գործակցության արդիականացման  մեր ծրագիրը, ինչը Սփյուռքի ներուժի, գնահատման, հաշվառման և գործադրման նոր հիմունքների մեկնակետ է, որը կարող է համազգային իդեալներնի ու երազանքների զգացական հարթությունները վերածել աշխատանքային հստակ տարածության և կոնկրետ նախագծերի։

1. Հայաստանյան մեդիացանցը խիստ համեստորեն է անդրադառնում Սփյուռքի այսօրվա խնդիրներին և, ըստ էության, չի ապահովում իրեն վերապահված հաղորդակցության, գաղափարներ արտադրողի և տարածողի, հանրային կարծիքի ձևավորման և այն պետական կառավարման հետ շփելու, նրան նոր ազդակներով սնելու նախանձախնդրություն։

Արդյունքում՝Հայաստանի քաղաքացին համարյա լրատվություն չի ստանում 100-ից ավելի երկրներում գոյացած սփյուռքի համայնքների կյանքի ու գործունեության մասին։ Հաշվի առնելով Հանրային հեռուստատեսության սփռվածության լայն հնարավորությունները՝ այն եղել ու մնում է ամենամեծ մեդիահարթակը, որը կարող է ուղղորդված նախագծերով ստեղծել Հայաստան–Սփյուռք կենդանի կամուրջը, արժեքային հստակ համակարգեր ձևավորել և այն ծառայեցնել համահայկական ամենամեծ կապիտալի՝ մարդկային ներուժի արժեվորմանն ու հստակ ուղղորդմանը։

Այս խնդրի համար պահանջվում է Սփյուռքի ցանկությունների և գաղափարների գնահատում ու համապատասխան հեռուստաարտադրանքի ձևով նրա ամենահամարձակ մտահղացումների իրականացում, տեղերում հանդիպումներ և քննարկումներ, սոցիոլոգիական հստակ գնահատումներ և չափումներ, որոնք պետք է դառնան գաղափարական ուղերձներ, գործունեության հստակ ծրագրեր Հայաստան–Սփյուռք կապերն ամրապնդելու և համահայկական գաղափարներին ծառայեցնելու համար։

2.Այսօր սփյուռքն իրենից երկայացնում է հայկական համայնքների մի բարդ խճանկար, և ուղղակի օրակարգային է դառնում համայնք առ համայնք ուսումնասիրել առկա սպասումներն ու խնդիրները և տեղափոխել  այն պետական համակարգեր և հակառակը՝ այդ ոլորտների պետական փիլիսոփայությունը հասցնել  Սփյուռքին՝ սուբյեկտների միջև ստեղծելով հաղորդակցական հստակ կապեր, որպեսզի դրանք ժամանակի ընթացքում չտրոհվեն՝ ստեղծելով ուծացման սպառնալիք դրսում և ներսում շուրջ 7 մլն մեր հայրենակիցների  հանրային կարծիքի  ոտնահարում։

Այսպիսով, կստեղծվի  ոչ թե միասնության պատրանք ու միաբևեռություն, այլ իրական միասնության ձգտող չորս բևեռների՝  Հայաստան–Սփյուռք–Արցախ–Ջավախք փոխգործակցության քառատրոփ սիրտ ու միտք, որը կաշխատի ի բարօրություն մեր պետականության և ազգայի իղձերի իրականացման։

Հայկական միասնական միտքը պետք է աշխատի սփռված ֆիզիկական, մարդկային, բնական և մշակութային կապիտալը հավաքագրելու ուղղությամբ։ Հակառակ դեպքում, պետությունը կարող է օրեցօր թուլանալ ազգային–մարդկային պաշարների հավաքական ամբողջության մասնատման հետևանքով։ Հայաստանը պետք է մտածի ոչ թե երկու կամ երեք մլն տարողությամբ հավաքական ուղեղով, այլ՝ իր ունեցած իրական պաշարով՝ 10 մլն հավաքական խելքով, ինչը որակապես կխոխի մեր մտածողությունը՝ այն դարձնելով ավելի գլոբալ ու հավաքական։ Մեր քարոզչական լանդշաֆտը պետք է ընդգրկի հենց այս համահավաք միտքն ու գաղափարները, որոնք պետք է գտնվեն անընդհատ փոխազդեցության, փոխլրացման վիճակում՝ դուրս գալով հատվածական կրքերից՝ վեր կանգնելով համայնքային նեղ մտածողությունից ու շահերից։

3. Սփյուռքը ոչ միայն տնտեսական, մշակութային, հումանիտար ռեսուրս է, այլև ժամանակակից աշխարհի հոսքով զարգացող մասնագիտական հստակ բանկ, որի կապիտալը պետք է հնարավորինս արդյունավետ օգտագործել՝ դարձնելով Հայաստանի արդիականացման գլխավոր ռեսուրսներից մեկը։ Արևմտյան գիտակրթական ավանդույթները, քաղաքակրթական մոդելն այն  հզոր շարժիչ ուժն է, որը հիմնահատակ կարող է փոխել մեր պետության  խարխլված գիտական և կրթական ինստիտուտների այսօրվա անմխիթար պատկերը. Սփյուռքի գիտական շրջանակները Հանրային հեռուստատեսության եթերից կարող են դասախոսությունների շարքեր հրամցնել, վարպետության դասեր կարդալ և ուղղորդել պետության գիտակրթական միտքը, ներկայիս մասնատված ջանքերի փոխարեն առավել համակարգված և նպաստավոր ազգային մոդելներ առաջարկել,  ստեղծել Հայաստան–Սփյուռք գիտակրթական մի հզոր շարժում, ինչն արմատապես կարող է իրավիճակ փոխել երկրի ներսում։ Միայն այս հզոր շարժման ընթացքում կուրվագծվեն կրթական և գիտական արդյունավետ նախագծերը, այն շնորհալիները, որոնց գիտակրթական կարիերայի վրա արժե գումար ծախսել այն հաստատ համոզմունքով, որ նրանց ապագան կանխորոշելու է Հայաստանի գալիք օրը և հենց այդ կադրերն են դառնալու մեր պետության կառավարման, նրա տարբեր ոլորտների առաջխաղացման կադրային զինանոցը։ Նույն գիտական և կրթական ռեսուրսների հայտնաբերումն ու զարգացումը մի քանի անգամ ավելի արդյունավետ է մարդասիրական բեռներից, որովհետև հենց մտավոր ներուժն է ստեղծում ազգերի և պետությունների հաջողությունների պատմությունը։

4. Հայաստանի Հանրապետությունում սկսված աննախադեպ արտագաղթն այլևս հնարավորություն չի թողնում ապավինել միայն ներքին ռեսուրսներին, և ի դեմս սփյուռքյան համայնքների, նրա մտավոր և մասնագիտական կապիտալի՝ հարկ է փոխլրացնել կորուստները մարդկային, տնտեսական, քաղաքական բոլոր ասպեկտներով։

Ազգային զգացմունքները, հայրենիքին և հայրենակիցներին օգնելու անկեղծ մղումն արդյունավետ է այն ժամանակ, երբ կան ձևակերպված ու սահմանված հստակ համազգային նպատակներ ու գաղափարներ։ Ի դեմս Հանրային հեռուստաընկերության պետք է տեսնել այն մեդիահարթակը, որտեղ կարելի է քննարկումների և հանդիպումների անընդհատ հոսքերով գտնել ու ձևակերպել մոտակա և հեռավոր համազգային նպատակներ ու ծրագրեր։ Ժամանակն է անցնել մասնագիտական քննարկումների ու բանավեճերի, ուր դեմառդեմ կնստեն Հայաստանի և Սփյուռքի մասնագիտական նեղ շրջանակները և բաց ու անկեղծ զրույցներ կսկսեն այն խնդիրների շուրջ, որոնք այսօր արգելակում են երկրի զարգացումը։ Այս քննարկումներին պետք է մասնակից դարձնել նաև պետության կառավարիչներին, տվյալ ոլորտի համակարգումը ստանձնած պետական չինովնիկներին և նրանց առջև հանդես գալ կոնկրետ առաջարկներով, որոնց ներմուծումը կարող է շրջադարձային դառնալ, փոխել իրավիճակ ու հանգամանքներ։ Հայաստանը չի կարող տևել առանց թարմ գաղափարների, իսկ այդ գաղափարները սփռված են աշխարհով մեկ, որովհետև հենց մենք ենք սփռված՝ մեր մարդկային և քաղաքակրթական կապիտալով հանդերձ, որը հավաքագրման և յուրացման խնդիր է առաջադրում։

5. Նոր տեխնոլոգիաները, համացանցային հաղորդակցությունը հնարավորինս արագ պետք է ծառայեցնել համազգային տվյալների շտեմարանի ձևավորման գործին՝ ամբողջ աշխարհից հավաքագրելով մեր մարդկային, մասնագիտական կապիտալի մասին հստակ տեղեկատվություն՝ այդ բազաների վրա կատարելով համապատասխան վերլուծական աշխատանք։

Եթե մենք չունենք հայագիտական, ազգային ու լոբբիստական տարբեր կենտրոնների ներուժի գնահատման հստակ ծրագրեր, ապա բնական է, որ այդ ներուժը կուտակվում է հիմնականում ցեղասպանագիտության ոլորտում և փոշիանում զուտ Ցեղասպանության արհավիրքի հոգեբարոյական ֆոնի վրա։ Ամենևին չնվաստացնելով Ցեղասպանության և Հայ Դատի խնդիրներին միտված հայության ջանքը՝ վաղուց ժամանակն է այդ էներգիան ուղղորդել ոչ միայն դրա  ճանաչմանն ու դատապարտմանը, այլև քաղաքական, իրավական ուղիների փնտրտուքին, պետության առջև կանգնած այսօրվա մարտահրավերների լուծմանը՝ Հայաստանի ապաշրջափակումից սկսած, մինչև Արցախյան հիմնահարցի հայանպաստ լուծում, ՀՀ և ԼՂՀ զարգացման հստակ ծրագրեր։  

Ժամանակն է Սփյուռքի հետ միասին ստեղծել այն ուղեղային կենտրոնները, որոնցից պետք է  սնվի պետական միտքը։ Գնահատելով Սփյուռքի այսօրվա ներուժը, նրա սպասելիքները և ուղերձները՝ Սփյուռքը միայն այս ճանապարհով կարող է դառնալ պետականակենտրոն։ Հայաստանում, թե՝ Հայաստանից դուրս հայ մարդու կոչումը մեկն է՝ հզորացնել իր պետությունը։ Միայն այդպես կարող է Հայաստանի Հանրապետությունը դառնալ անվտանգ ու պաշտպանված երկիր, իսկ հայը՝ պետականություն ունեցող էթնոս։ Շատ շուտով, մենք կկորցնենք Ցեղասպանությունը վերապրածների վերջին սերունդը և հարկ է շատ արագ լծվել վերջին վավերագրությունները հավաքելու և կենդանի տեսադարաններ ստեղծելու գործին։ Հանրային հեռուստաընկերության հետ մեկտեղ հարկ է հավաքագրել ու ամբողջացնել արժեքավոր տեսանյութերը և սերունդներին թողնել համակարգված արխիվ։ Սփյուռքի տարբեր գաղթօջախներում ամբարված հսկայական նյութը հարկ է դարձնել Հայաստանի Հանրապետության սեփականությունը, հակառակ դեպքում դրանք կարող են ժամանակի ընթացքում քայքայվել կամ անհետանալ։

6. Անհրաժեշտ սոցիոլոգիական հարցումների մեխանիզմներով պետք է ճշտել Հայաստանի Հանրապետությունից Սփյուռքի իրական պահանջն ու ակնկալիքը, Սփյուռքի իրական սպասումներն իր պետությունից։ Ի՞նչ կոնկրետ խնդիրներ կան տնտեսական առողջ կապերի համար, ինչու՞ են ուշանում այն ներդրումները, որոնք կարող էին ապահովել Հայաստանի տնտեսական  զարգացումը. եթե կան ապօրինություններ, խանգարող հանգամանքներ, ապա ինչու՞ չպետք է բոլորս ազգովի իմանանք ու ճանաչենք երկրի առաջընթացն արգելակողներին։ Այս խնդիրներն արծարծող հեռուստատեսային նախագիծ կարելի է ստեղծել Հանրային հեռուստատեսությամբ և պարբերաբար անդրադառնալ նաև այն խոչընդոտներին, որոնք խանգարում են սփյուռքահային բիզնես ծավալել իրենց  հայրենիքում, կամ ի տես բոլորի ցույց տալ այն պետական չինովնիկին, ով հարուցել է այդ խոչընդոտը։ Սփյուռքահայ գործարարի համար Հայաստանը պետք է լինի  ամենաապահով տարածքն իր տնտեսական ամենառիսկային նախագծերը կյանքի կոչելու համար։ Իսկ Հայաստանի Հանրապետության համար այդ ներդրումները չստանալն արդեն իսկ աղետալի հետևանքներ ունի։ Զուտ տրանսվերտներով ու բարեգործությամբ հնարավոր չէ ապահովել երկրի զարգացումը, ուստի խնդրի հրապարակային ու բաց արծարծումն ուղղակի հրատապ է։ Հայկական կապիտալի  հանգրվանը Հայաստանի Հանրապետությունն է։

7. Սփյուռքն այսօր տրոհված  է հոգևորական, հայրենակցական, կուսակցական տարատեսակ կազմակերպությունների և կառույցների միջև։ Ամենահամեստ հաշվարկներով՝ շուրջ 30 հազար հայկական կազմակերպություններ գործում են հիմնականում անջատ և համահայկական խնդիրներին նայում սեփական նեղ շահերի դիտակետից։ Փոխարենը, Սփյուռքում գնալով պակասում է հայերեն խոսքը, հայոց լեզուն, ինչն ամենաառաջին նախապայմանն է հայի ինքնության համար։ Եթե հայի տանը չկա հայերեն խոսք ու լեզու, ուրեմն չկա հայկականություն, հայի ավանդույթ ու հոգեբանություն. հայերեն չխոսող մարդը չունի հայկական մտածողություն, որովհետև լեզուն նախ մտածողություն է։ Հենց հայոց լեզուն է եղել և մնում մեր լինելիության խարիսխը, այլ տեղ պետք չէ փնտրել մեր հնագույն ցեղի հազարամյակների միջով անցնելու և 21–րդ դար հասնելու խորհուրդն ու առաքելությունը։ Մենք այսօր պետք է ոչ թե բաժանարար գծեր փնտրենք ժամանակակից երկու լեզուների՝ արևելահայերենի և արևմտահայերենի գրավոր և բանավոր մշակույթների միջև, այլև կարողանանք երկու կողմերին էլ հասու դարձնել այդ մշակույթներին՝ ավելի ու ավելի հարստացնելով մեր լեզուն ու մեր խոսքը։ Սփյուռքահայ գրողների ամբողջական էջեր պետք է բացել Հանրային հեռուստատեսությունում, նրանց ստեղծած գիրն ու գրականությունն առավել հասանելի դարձնել իրենց հայրենիքում. Միայն այսպես է հնարավոր շփել մեր երկու ոսկեղենիկ լեզուներն իրար, հակառակ դեպքում մենք կմնանք հին ու նոր ուղղագրության և ուղղախոսության հավերժական կռվում ՝ թույլ տալով, որ լեզվական երկվությունը երկատի մեզ, ոչ թե փոխհարստացնի։ Ժամանակն է շոշափել տարբեր գաղթօջախներում ապրող մարդկանց կարիքը, թե ինչ հեռուստանախագծեր կարելի է հրամցնել նրանց, որպեսզի հայի ընտանիքում երբեք չմարի հայոց լեզուն։ Աղետալի է սփյուռքյան առանձին ավանդական դպրոցների վիճակը. ժամանակ առ ժամանակ հայրենիք են հասնում նրանց փակման մասին տեղեկություններ։ Հարկ է մանրամասն ուսումնասիրել և հեռուստահարթակ բարձրացնել այն իրական պատճառները, որոնք հիմք են դառնում դպրոցների փակման համար, պետական ատյաններ փոխադրել այդ խնդիրները և փորձել բոլորիս ուժերով լուծումներ գտնել դրանց համար։ Պատմական ճշմարտություն է՝ առանց հայրենիքի, առանց պետության հետ ամուր և կենդանի կապերի ցանկացած հայապահպան կառույց դատապարտված է։

8. Թե՛ Հայաստանում և թե՛ Սփյուռքում արդեն սկսվել է ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100–ամյա տարելիցի հետ կապված գաղափարների, տարբեր նախագծերի առաջադրումը։ Մեր կարծիքով, այն պետք է նշանավորվի ոչ թե զոհի բարդույթն ընդգծելու և աշխարհին որպես դարի ոճրագործության՝ ցեղասպանվածի կերպարով հանդես գալու հարմար առիթ, այլ որպես 1918–թվականին՝ Եղեռնից անմիջապես հետո, իր պետականությունը հաստատած երկրի ու ժողովրդի իրական պատմություն։ Ասել է, թե Ցեղասպանության տարելիցը նշանավորել 100–ամյա պետականության համատեքստում և աշխարհին ներկայանալ ոչ թե ողբացող, այլ պետականությունը որպես համազգային իդեալ դարձրած և հաղթած երկիր ու պետություն։ Կարիք կա այս գաղափարը քննարկման լուրջ առարկա դարձնել Սփյուռքում, որովհետև մեծագույն սխալ կլինի, որ այստեղ որոշումներն ընդունվեն առանց 7 մլն տարողություն ունեցող հանրային մտքի։ Ժամանակն է որպես հանրույթ հավաքվել քաղաքական–գաղափարական հենքի վրա, մեր ներուժը ծառայեցնել համազգային խնդիրների լուծմանը, մեր պետականության հզորացմանը, այլ կերպ, ուղղակի չենք դիմակայի նոր ժամանակների  մարտահրավերներին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել