Լրագրողները նախագահ Սերժ Սարգսյանից հետաքրքրվել են, թե ինչ է կարծում Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության վերաբերյալ: Սերժ Սարգսյանը հորդորել է դիմել պաշտպանության նախարարին: Լրագրողների դիտարկմանը, թե ինքն է գերագույն գլխավոր հրամանատարը, Սերժ Սարգսյան արձագանքել է. «Իյա, իրո՞ք»:
Առաջին հայացքից, հատկապես նրանց համար, ովքեր անտեղյակ են երկու օր առաջ այս թեմայի վերաբերյալ Սերժ Սարգսյանի անդրադարձից, լուրը կարող է հետաքրքիր թվալ, նույնիսկ «սկանդալային»: Բայց արդյո՞ք ճիշտ է նման հարց տալ երկրի նախագահին, երբ քեզ` որպես լրագրողի, հնարավորություն է ընձեռվել նրան հարց ուղղելու:
Նախ` այդ հարցի պատասխանը նա արդեն տվել է (արդեն երկու օր է` ԶԼՄ-ներում այդ թեման է, էլ չասեմ` Ադրբեջանի հիստերիկ արձագանքը): Երկրորդ՝ երբ լրագրողը կարողացել է ճեղքել նախագահական «պատնեշը» և մոտեցել է նախագահին, նա պետք է նայի նախագահի աչքերի մեջ ու այնպիսի հարց տա, որ նախագահը ոչ միայն փորձի դրան լուրջ պատասխան գտնել, այլ նաև պատժի իր խորհրդականներին, որ թաքցրել և իրեն չեն տեղեկացրել այդ թերացման կամ բացթողնման մասին:
Մի քանի օր առաջ, երբ սահմանին երկու զոհ ունեցանք, Բերդի հիվանդանոցի բակում` տղաների դիերի մոտ, բացի հարազատներից և զինվորական ոստիկանության աշխատակիցներից, ոչ ոք չկար: Այնինչ, տեղական ինքնակառավարման մարմինների և հատկապես մարզպետարանի ներկայացուցիչները պարտավոր էին առաջինը լինել այնտեղ՝ սգացող հարազատների կողքին: Պարզ է, չէ՞, եթե այդ օրը որևէ նախարարությունից զանգահարեին և տեղեկացնեին, որ ինչ-որ վարչության պետ գալիս է ստուգման, Տավուշի սահմանագլխին նրան կդիմավորեին, կտանեին-կպատվեին` մի կտոր հաց կուտեին և այլն, բայց այս դեպքում ինչո՞ւ խառնվել իրար:
Կարելի էր նախագահին հարցնել այս մասին` ձեռքի հետ էլ բարձրաձայնելով տեղեկացնել, թե նրա կուսակից պաշտոնյաներն ինչպես են աշխատում: Կարելի էր նաև հարցնել բազում բացթողումների, որոշ պաշտոնյաների հակապետական գործունեության մասին: Բայց ոչ: Դա մեզ չի հետաքրքրում: Մեզ՝ լրագրողներիս, հետաքրքրում են րոպեական սկանդալները: Մի երկու օր կգրենք, կանցնի, կգնա: Հիմա ի՞նչ տարբերություն նրանց և իշխանության ու հասարակության սինթեզը համարվող լրագրողների միջև: Ի՞նչ երաշխիք կա, որ, ինչ-որ պաշտոն ստանալով, լրագրողը կամ այդ դաշտի ներկայացուցիչը չի դառնա նրանցից մեկը, մանավանդ դրա ցայտուն օրինակներն արդեն ունենք:
Ես չեմ կարող մեղադրել նախագահին նման պատասխան հնչեցնելու համար: Ավելին՝ դա շատ ադեկվատ պատասխան է, և պետք չէ մանիպուլիացա անել, թե` տեսե’ք, նախագահը չգիտի, որ ինքը երկրի գերագույն հրամանատարն է: Նախագահի պատասխանն ավելին է ասում: Նա գիտի, որ մեր լրագրողական դաշտը ճգնաժամի մեջ է:
Իսկ դրանից ինչո՞ւ չօգտվել: