1911702_10202617817479740_72985770_n1in.am-ը գրում է. 

«Քանի որ ես հանդիսացել են Պերմյակովի փաստաբանը, այլևս իրավունք չունեմ զբաղվելու հակառակ կողմի շահերի պաշտպանությամբ». այս մասին մեզ հետ զրույցում նշեց փաստաբան Թամարա Յայլոյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք փորձե՞լ է փաստաբանական օգնություն տրամադրել Ավետիսյանների ընտանիքին:

«Ճիշտ կլինի, եթե Ավետիսյանների հարազատները դիմեն Փաստաբանների պալատին, որտեղ, ես վստահ եմ, նրանց կօգնեն այդ հարցում: Ավետիսյանների ամենամոտ հարազատները կարող են լինել նրանց իրավահաջորդ:

Ես այս ընթացքում չեմ հանդիպել Ավետիսյանների հարազատներին, նրանք էլ նման ցանկություն չեն ունեցել: Ես չեմ ճանաչում այդ մարդկանց: Եթե անգամ ցանկանան ինձ հետ հանդիպել, ես իրավունք չունեմ նրանց իրավական որևէ օգնություն կամ խորհրդատվություն ցուցաբերելու»,- ասաց նա:

Անդրադառնալով Գյումրիում տիրող հասարակական տրամադրություններին՝ Յայլոյանն ասաց, որ հանրությունը հիմա սպասողական վիճակում է, և ուզում են տեսնել, թե ինչ զարգացումներ են լինելու այդ գործով: «Իմ կարծիքով, եթե այս ընթացքում նորություններ չլինեն, հանրությանը տեղյակ չպահեն, թե ինչ գործողություններ են անում, գուցե իսկապես պայքարը շարունակվի»,- նշեց նա:

Հարցին, թե ի՞նչ տպավորություն ունի Պերմյակովի հարցաքննության կադրերը դիտելուց հետո, որտեղ նա շատ հանգիստ տեսք ուներ, Յայլոյանը պատասխանեց. «Ես, լինելով Պերմյակովի նախկին փաստաբանը, չեմ կարող ասել որևէ բան, որը կարող է վնասել նրա շահերին: Ինձ թվում է՝ այդ հարցին կարող են միայն մասնագետները պատասխանել: Միայն տեսքին նայելով նրա հոգեվիճակը որոշելը շատ դժվար է: Ես համոզված եմ, որ հայկական կողմը դատահոգեբուժական, դատահոգեբանական համալիր փորձաքննություն է նշանակել: Քննիչը կարող է այդ մասին որոշակի տեղեկատվություն տալ, նաև ասել, թե երբ են սպասում դրա արդյունքներին»:

Մեր հարցին, թե այդ գործով հայ-ռուսական համատեղ շտաբ է ստեղծվել, որքանո՞վ է հնարավոր նման համատեղ աշխատանքը՝ հաշվի առնելով, որ 2 գործ է հարուցված, և, ի վերջո, կողմերից մեկը պետք է դատի մեղադրյալին, փաստաբանն արձագանքեց. «Ես այդ համատեղ համաձայնագրին ծանոթ չեմ և այս գործի հետ կապված այլևս որևէ մեկնաբանություն չեմ կարող տալ: Ես իմ պրակտիկայում առաջին անգամ եմ նման համաձայնագրի մասին լսում: Մեր քրեական դատավարական օրենսգրքով դա նախատեսված չէ, պետք է դրա մասին մեկնաբանություն տա միջազգային իրավունքի մասնագետը: Կա Մինսկի կոնվենցիան՝ քրեական, քաղաքացիական, ընտանեկան գործերով փոխօգնություն տրամադրելու վերաբերյալ: Բայց արդյոք այդ կոնվենցիայի շրջանակո՞ւմ է այս համաձայնագիրը կնքվել՝ չեմ կարող ասել»:

Յայլոյանն անդրադարձավ նաև 199 թվականին տեղի ունեցած նմանատիպ դեպքին, երբ սպանություն գործած երկու ռուս զինծառայողներին դատապարտեց հայկական դատարանը՝ նշելով. «1999 թվականի դեպքում գործը քննել է հայկական կողմը, սակայն դասալքության մասով նաև ռուս քննիչներ են քննել մեղադրյալներին: Դա կարգավորվում էր հենց Մինսկի կոնվենցիայով: Հետո կողմերը միմյանց փաստաթղթեր փոխանցեցին»:

Նա չպատասխանեց հարցին, թե արդյոք ճի՞շտ է համարում գործը հայկական կողմին տալը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել