Երվանդ Քոչարը Երեւանի ԿԳԲ-ի բանտում մնաց 2 տարի 2 ամիս: Եվ 1943-ի օգոստոսին ազատ արձակվեց: Կարո Հալաբյանը Մոսկվայում մեծ գործունեություն էր ծավալել Երվանդին ազատելու համար եւ, ասում էին, Անաստաս Միկոյանին էր խնդրել, եւ նա դեմ չէր եղել Քոչարի ազատմանը: Երվանդը եկավ տուն: Օջախը քանդվել էր. կինը` Թամարան, լքել էր, մայրական տուն գնացել, նոր ամուսնություն կնքել մոսկվաբնակ հայտնի մի հայ ջութակահարի հետ, երեխային էլ՝ փոքրիկ Դավթին, թողել մոր խնամքին: Զոքանչը՝ բարի տիկին Սրբուհին, ջերմությամբ ընդունեց Երվանդին, խնամեց նրան, մինչեւ որ Երվանդը նորմալ վիճակին հասներ: Եկավ մեր տուն՝ հորս մորս այցելության: Նիհարած էր, ԿԳԲ-ի քննիչի հարվածից մի ականջից խլացած: Բանտից վերադարձողները չէին սիրում խոսել քաշած տառապանքների մասին: Հրամայված է լռել: Սակայն Երվանդը հորս պատմեց, թե ինչպես հարցաքննությունների ժամանակ քննիչը, իբրեւ փաստ, իրեն ցույց էր տվել մատերիալները՝ գրված իր դեմ: Որքան ծանոթ անուններ: Երվանդին արձակում են առանց դատի՝ հանցակազմի բացակայության հիման վրա: «Ներողություն անգամ չասեցին: Հիմա ես ազատ մարդ եմ, սակայն երկու տարվա կտտանքներից ու նկուղներում անքուն գիշերներ անցկացնելուց հետո կորցրել եմ առողջությունս, ապրելու հավեսս: Ինչ մարդիկ մնացին այնտեղ»,- խոսքն ամփոփեց նա: Հայրս ու մայրս աշխատում էին սիրտ տալ նրան, ասում էին. «Երվանդ, դու դեռ ջահել ես: Նորից կունենաս ընտանիք եւ նորից կստեղծես լավ գործեր, քո պոտենցիալն անսահման է»: Բաժանվելիս հայրս Երվանդին նվիրեց մի լավ ծխամորճ եւ ասաց. «Սա համբերության չիբուխն է, քաշիր…»: Մեր շնիկը՝ Ջեկոն, հորս սիրելին, որ ամեն ինչ հասկանում էր, ուզում էր անպայման Երվանդի թշերը լիզեր, հայտնելով իր ուրախությունը Երվանդի վերադարձի համար:
Վիգեն Իսահակյան
«Փարիզ, Քոչար, անցած օրեր…» գրքից