1in.am-ը գրում է․
Շատ դժվար է մեծ քրտինքով կարողություն կուտակել, ապա կորցնել այն: Vestifinance.ru կայքը ներկայացնում է 9 նշանավոր անձանց, ովքեր կորցրել են իրենց հարստությունը:
Բրազիլացի նախկին մագնատ Էյկե Բատիստան կորցրել է իր ողջ կարողությունը: Նրան մեղադրում են ինսայդերային առևտրի և իր գլխավոր նավթագազային OGX ձեռնարկության ակցիաների գների մանիպուլյացիաների մեջ: Նա վաստակել էր 34.5 մլրդ դոլար:
1976-ին Էնի Գորդի Գայի հետ ամուսնալուծվելուց հետո երաժիշտ Մարվին Գայը ստիպված եղավ ինքն իրեն սնանկ հայտարարել: 600 հազար դոլար ալիմենտ վճարելու համար նա նախկին կնոջը տվեց իր Here, My Dear ալբոմի իրավունքը:
1993-ին դերասանուհի Քիմ Բեսինջերը ևս իրեն սնանկ հայտարարեց: Նրա կարողությունը 5.4 մլն դոլար էր գնահատվում: Պատճառն այն է, որ նկարահանումների կեսից նա հրաաժրվեց Boxing Helena ֆիլմում նկարահանվելուց, իսկ ֆիլմ արտադրող ընկերությունը նրանից 8.1 մլն դոլար փոխհատուցում պահանջեց:
NBA լիգայում խաղալու ժամանակ Դենիս Ռոդմանի աշխատավարձը 27 մլն դոլար էր՝ չհաշված հոնորարները: Լիգան լքելուց հետո նա սնանկացավ:
Երբ Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան երկրորդ անգամ սնանկացման հայցադիմում ներկայացրեց, նրա ակտիվները 52 մլն դոլար էին գնահատվում: Ռեժիսորը դրանում մեղադրում է «Ամբողջ սրտից» ֆիլմին, որի վրա ծախսել էր 27 մլն դոլար, սակայն վաստակել ընդամենը 4 մլն:
Ներկա պահին Լարի Քինգի կարողությունը 150 մլն դոլար է գնահատվում: Սակայն երբ նա իրեն սնանկ հայտարարեց, աշխատում էր Մայամիի ռադիոյում և շատ քիչ վաստակում:
1996-2011-ին դերասան Նիկոլաս Քեյջը ավելի քան 150 մլն դոլար է վաստակել: Սակայն նա շատ գումարներ էր ծախսում էկզոտիկ կենդանիներ, մասնավոր ինքնաթիռներ և այլ նման շքեղություններ գնելու վրա: 2009-ին դերասանի հարկային պարտքը 6.5 մլն դոլար է կազմել: Բացի այդ, նրան դատի է տվել նաև նախկին ադմինիստրատորը:
Բռնցքամարտի իր 20-ամյա կարիերայում Մայք Թայսոնը 400 մլն դոլար էր վաստակել: Սակայն դա չփրկեց նրան 2003-ին սնանկանալուց:
2005-ին, երբ փոփ արքա Մայքլ Ջեքսոնին մեղադրեցին երեխաների հետ կոշտ վերաբերմունքի մեջ, հայցորդները ենթադրում էին, որ նա սնանկության շեմին է, քանի որ 300 մլն դոլարի պարտքեր ուներ: Լուրեր էին պտտվում, որ նա միլիոնատեր էր, այնինչ գումար էր ծախսում միլիարդատիրոջ նման: