Interpress.am-ը գրում է․

Գյումրիում հունվարի 12-ին ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի իրականացրած Ավետիսյանների ընտանիքի սպանությանն ու դրան հաջորդած վերջին շաբաթվա  իրադարձություններին անդրադարձել է նաև համաշխարհային, մասնավորապես արևմտյան մամուլը:

Հունվարի 12-ին Washington Post-ը հրապարակեց «Ռուս զինվորը կասկածվում է Հայաստանում ընտանիքի 6 անդամների սպանութան մեջ» (Russian soldier suspected of killing family of 6 in Armenia) վերնագրով նյութը, որը պարունակում է Associated Press գործակալության տարածած տեղեկությունը: Ըստ հրապարակման՝ հայ իրավապահ մարմինները զբաղված էին ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի որոնումներով, ով ինքնակամ լքել է ռուսական զորամասը և կասկածվում է Ավետիսյանների ընտանիքի գնդակահարության մեջ: Նույն վերնագրով նյութը տպագրված է նաև ABC News-ի լրատվամիջոցի անդրադարձում:

EurasiaNet.org Նյու Յորքում գտնվող վերլուծական կայքը հրապարակել է լրագրող Ջոշուա Կուցերայի հունվարի 12-ի անդրադարձը Գյումրիում տեղի ունեցած ոճրագործության մասին վերնագրված «Ռուս զինվորականը մեղադրվում է հայ ընտանիքի վեց անդամների սպանության մեջ» (Russian Soldier Accused Of Killing Six Members Of Armenian Family): Ըստ լրագրողի, ռուս զինծառայող Պերմյակովը կասկածվում է սպանության մեջ, սակայն դեռևս պարզ չէ, թե նա ինչ կապ կարող էր ունենալ Ավետիսյանների ընտանիքի հետ:

Կուցերան անդրադառնում է նաև ռուսական 102-րդ ռազմաբազայի հետ կապված հարցերին՝ նշելով, որ այս ողբերգությունից հետո ռուս և հայ պաշտոնյաները ամեն կերպ փորձում են խուսափել հակառուսական և հակաբազային տրամադրությունների ի հայտ գալուց:

Հունվարի 13-ին The New York Times-ը «6 հոգու սպանության մեջ կասկածվող ռուս զինվորը կալանավորված է» (Russian Soldier Suspected of Killing 6 Detained in Armenia) անդրադարձում, Associated Press գործակալության տրամադրած տեղեկության հիման վրա, տեղեկացրել է, որ Հայաստանում տեղակայված ռուսական զորքերը կալանավորել են 6 հոգու գնդակահարման մեջ կասկածվող ռուս զինվորիականին, ով փորձում էր անցնել հայ-թուրքական սահմանը: Ըստ հրապարակման՝ ռուսական կողմը, որը Հայաստանի դաշնակիցն է, իր ցավակցություններն է փոխանցել հայկական կողմին և առաջարկել իր օժանդակությունը՝ հետաքննություն իրականացնելու հարցում: Նյութը տեղեկացնում է նաև Ավետիսյանների ընտանիքի 6 ամսեկան երեխայի վիրավոր լինելու փաստի մասին: Associated Press-ի տարածած նույն տեղեկությունը տպագրվել է նաև The Huffington PostThe Washington PostNewsdayTimes Unionպարբերականների կողմից:

Իր հերթին, Sky News ավստրալիական լրատվամիջոցը «Ռուս զինվորականը սպանում է 6 հոգու հայ ընտանիքից» (‘Russia soldier’ kills Armenia family-of-6) հոդվածում տեղեկացնում է, որ կասկածյալ Վալերի Պերմյակովը կալանավորվել է ռուս սահմանապահների կողմից Թուրքիայի հետ սահմանին և մեջբերում է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի խոսքերը, ըստ որի՝ ոչինչ չի կարող արդարացնել նման ոճրագործությունը անմեղ մարդկանց նկատմամբ:

Հունվարի 14-ին EurasiaNet.org Նյու Յորքում գտնվող վերլուծական կայքը հրապարակում է լրագրող Ջոշուա Կուցերայի մեկ այլ անդրադարձ Գյումրիի ողբերգության վերաբերյալ՝ վերնագրված «Զինվորը, ով սպանել է վեց հայերի կմնա ռուսական իրավասության ներքո» (Soldier Who Killed Six Armenians To Remain Under Russian Jurisdiction): Հոդվածում լրագրողը կարծիք է հայտնում, որ Պերմյակովը կմնա ռուսական իրավական լիազորությունների ներքո՝ չնայած հայ-ռուսական պայմանագիրը ռազմակայանի վերաբերյալ տալիս է հնարավորություն, որ նրան հանձնեն հայկական կողմին: Ըստ լրագրողի, սակայն, հայկական կողմը չի շտապում պնդել Պերմյակովին իրենց հանձնելու հարցում: Նա մեջբերում է ՀՀ գլխավոր դատախազության հայտարարությունը, ըստ որի՝ ելնելով ՌԴ Սահմանադրության 61-րդ հոդվածի առաջին մասի դրույթից, որը արգելում է ռուս քաղաքացուն հանձնել օտարերկրյա պետությանը, քննարկումներ չեն ընթանում Պերմյակովին ՀՀ իրավասության ներքո հանձնելու մասին: Լրագրողը, սակայն, նշում է, որ պարզ չէ, թե ինչու ՌԴ սահմանադրական նորմը առաջ է գալիս Հայաստանի տարածքում տեղի ունեցածի մասով: Այն մեջբերում է նաև քաղաքագետ Սերգեյ Մինասյանի կարծիքը, որ տեղի ունեցած ահավոր ողբերգությունը չի ազդի հայ-ռուսական միջպետական հարաբերությունների վրա:

Իր հերթին Aljazeeran ևս անդրադարձել է Գյումրիի ողբերգությանը և դրան հաջորդած իրադարձություններին՝ «Հայերը ցանկանում են, որ իրենց հանձնեն ռուս զինվորականին » (Armenians seek Russian soldier’s handover) նյութում՝ տեղեկացնելով, որ շուրջ 1000 տեղացի հայեր շրջապատել են Ռուսաստանի հյուպատոսարանն ու ռուսական ռազմակայանը՝ պահանջելով ՀՀ իրավասության ներքո հանձնել ռուս զինվորական Պերմյակովին, ով կասկածվում է վեց հոգու սպանության և երեխայի դանակահարության մեջ:

Հունվարի 15-ին  BBC-ին «Բախումներ Հայաստանում ռուս զինվորականի հետ կապված» (Armenia clashes over Russian soldier) անդրադարձում տեղեկացնում է, որ շուրջ 12 հոգի վիրավորվել են Գյումրիում ոստիկանության և Պերմյակովին հայկական կողմին հանձնելու պահանջով հանդես եկող ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների արդյունքում, որոնք, ըստ BBC- ի, սկսվել են այն բանից հետո, երբ ցուցարարները շարժվել են դեպի Ռուսաստանի հյուպատոսություն: BBC-ն նաև նշում է, որ տեղի ունեցած սպանությունը լարել է ռուս-հայկական դաշնակից հարաբերությունները և որ ռուսական կողմը հրաժարվում է զինվորին հանձնել հայկական կողմին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել