Pastinfo.am-ը գրում է․

 
Շաքարի, մասնավորապես` սպիտակ շաքարի ներմուծումը Հայաստան կսահմանափակվի: Նման որոշման նախագիծ է ներկայացված կառավարության վաղվա նիստի օրակարգում:
Ըստ դրա՝ նման սահմանափակում է նախատեսված ԵՏՄ-ին միանալու մասին պայմանագրով, որի համաձայն՝ առաջիկա երկու տարվա ընթացքում «սպիտակ շաքարի ներմուծումը երրորդ երկրներից թույլատրվում է 10 տոկոս ներմուծման մաքսատուրքի վճարման պայմանով` մեկ տարվա ընթացքում 4 000 տոննայից ոչ ավելի ծավալով»:
 
Նշենք, որ ըստ ՊԵԿ հրապարակած պաշտոնական տվյալների՝ Հայաստանը միայն 2013թ. 74 781 տոննա շաքարի հումք է ներմուծել և շուրջ 5000 տոննա շաքար ու շաքարավազ:
 
Ընդ որում, հիմնական ներկրումները եղել են Բրազիլիայից, Գերմանիայից:
Այս որոշման արդյունքում, փաստորեն, ՀՀ ներկրողները ստիպված կլինեն փոխել իրենց արտասահմանյան գործընկերներին և նոր գործարար կապեր հաստատել ԵՏՄ տարածքում:
 
Թերևս ավելորդ չի հիշել, որ դեռևս 5 տարի առաջ, երբ վերագործարկվեց Ախուրյանի շաքարի գործարանը, նախատեսվում էր, որ այն այսօր արդեն պետք է արտադրեր օրական 800 տոննա սպիտակ շաքար, այն դեպքում, երբ ՀՀ ներքին շուկայի պահանջարկը 90 տոննա է:
 
Կառավարության այս որոշման նախագիծը, փաստորեն, հերթական ապացույցն է այն բանի, որ շաքարի գործարանն այդպես էլ չարդարացրեց հայ սպառողների սպասումները: Գործարանն արդեն 5 տարի աշխատում է, մինչդեռ մենք շարունակում ենք արտերկրից հումք ու շաքար ներկրել:
 
Բայց սա դեռ ամենը չէ: Այս որոշման ընդունումից հետո շաքարավազի գինը հայաստանյան շուկայում կարող է հերթական անգամ բարձրանալ, քանի որ ԵՏՄ-ն ՀՀ իշխանության առաջ հստակ պայման է դրել՝ ոչ միայն ներշմուծման աշխարհագրությունը սահմանափակելու, այլև հստակ մաքսատուրք սահմանելու, ինչը, թերևս, իր ազդեցությունը կթողնի նաև շաքարավազի մանրածախ գնի վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել