«The Bagel» (թարգմանաբար՝ բուբլիկ) նախագծի հեղինակն ամերիկացի լուսանկարիչ Ջասթին Բեթմանն է։ Նախագծի հիմնական նպատակն է լսելի դարձնել այն մարդկանց ձայնը, ում կյանքի ծանր պայմանները լռեցրել են։ Բեթմանը Կալիֆորնիայի անօթևաններին մի շահավետ գործարք է առաջարկում՝ բուբլիկ պատմության դիմաց։ Նա բուբլիկ է հյուրասիրում նրանց և լսում նրանց կյանքի պատմությունը։ Այնուհետև նա վավերագրում է յուրաքանչյուր պատմությունը՝ կցելով դրան համապատասխան լուսանկարը։ Հարցազրույցներից մեկի ժամանակ Բեթմանն ասել է.

Մեր քաղաքներում անօթևանները հաճախ մոռացության են մատնվում. որոշ ժամանակ անց նրանք իրենք էլ քաղաքի մի մասն են դառնում՝ միահյուսվելով ընդհանուր տեսարանին, ինչպես փողոցային լույսերը և կանգառները կամ բազում այլ բաները, որոնց կողքով մենք օրը հարյուր անգամ անցնում ենք։

Նրա լուսանկարներում դեմքի պարզ արտահայտությունների տակ թաքնված են խոր պատմություններ։ Բեթմանը նշել է, որ բազմիցս զարմացել է՝ տեսնելով, որ այս մարդիկ գոհ են իրենց կյանքից։ Պետք է նշել, որ նրանք ավելի շատ ուրախանում են ոչ թե այն պատճառով, որ իրենց սնունդ է տրվում, այլ որ կա ինչ-որ մեկը, ով ցանկանում է զրուցել նրանց հետ։ Բեթմանի բլոգում յուրաքանչյուր լուսանկարն ուղեկցվում է մի պատմությամբ։ Մեր հետագա հոդվածներում մենք առանձին կանդրադառնանք այս թափառաշրջիկների կյանքի պատմություներին, իսկ առայժմ առաջարկում ենք դիտել այս հուզիչ ֆոտոշարքը։ 

Անշուշտ, մեզ դժվար է նման ֆոտոշարքով զարմացնել, քանի որ մենք ինքներս էլ ամեն օր ավելի դառը տեսարանների ականատեսն ենք դառնում։ Եթե այս մարդիկ գոհ են իրենց կյանքից (ինչը մի տեսակ անհավատալի է), ապա նույնը չես ասի մեր թափառաշրջիկների մասին, որոնց վերջույթներն այնքան են սառչում խստաշունչ ձմեռներին, որ նրանց ստիպված են լինում անդամահատել, հետո նորից դուրս գցում կամ լավագույն դեպքում մի քանի շաբաթով կամ ամսով տանում անօթևանների կացարան, սակայն, ավաղ, վերջնահանգրվանն էլի փողոցն է։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել