Ի պատասխան  blognews.am և այլ  կայքերում զետեղված և բավականին բուռն մեկնաբանությունների առիթ դարձած նյութի` Կասկադում ս.թ հունվարի 18-ի կեսօրին տարածքի պահպանությունը իրականացնող Պահնորդների և «Տիգրան Մեծ» Բարեգործական Հիմնադրամի հիմնադիր նախագահ Սրապիոն Ավետիքի Գևորգյանի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ,  «ԱՐ-ՄՈԲԻԼ» ՓԲԸ-ն հայտնում է.
Ինչպես ամբողջ հայ  ազգի, այնպես էլ «ԱՐ-ՄՈԲԻԼ» ՓԲԸ -ի ղեկավարության և պահնորդների համար Հայկական դրոշը համարվել և համարվում է  ՀՀ ազգային խորհրդանիշ, որը պետք է ծածանվի ամենուր և միշտ:  «ԱՐ-ՄՈԲԻԼ» ՓԲԸ-ն իր  ավելի քան  1100 հոգանոց անձնակազմով   միշտ պատրաստ  է միանալ և հպարտորեն ծածանել Հայկական եռագույնը  ինչպես Սրապիոն Գևորգյանի,այնպես յուրաքանչյուր հայի  հետ` վառ պահելով մեր բոլոր հերոս ազատամարտիկների հիշատակը:
Ինչ վերաբերվում է  Կասկադի  տարածքում  մեր պահնորդներին դրոշի ծածանել չթույլատրելու մեջ  մեղադրելուն, հայտնում ենք, որ  ոչ ոք չի արգելել Հայկական  դրոշը ծածանել այդ տարածքում և պարզաբանում ենք, որ «ԱՐ-ՄՈԲԻԼ» ՓԲԸ-ի աշխատակիցները ընդամենը փորձել են պահպանել «Գաֆէսճեան թանգարան» Հիմնադրամի ներքին կանոնակարգը, համաձայն որի` տեսաձայնագրություններ, նկարահանումներ իրականացվում են միայն Հիմնադրամի ղեկավար անձանց  իրազեկված լինելու դեպքում: Պահնորդի կողմից հարց է հնչել, թե ինչ նպատակով են նկարում, որին պատասխանել են` հեռուստատեսության համար, որից հետո Պահնորդը, շարունակելով իրականացնել իր աշխատանքային պարտականությունները, փորձել է Հիմնադրամի  ներքին կանոնակարգի մասին  ծանոթացնել նկարահանող անձանց, սակայն ապարդյուն, քանի որ վերջինիս խոսելու հնարավորություն իսկ  չի տրվել` պարոն Սրապիոն Գևորգյանի կողմից դրոշը ծածանելու հանգամանքը անընդմեջ մեջբերելու պատճառով:     
Միջադեպին  մասնակից դարձած աշխատակցի  նկատմամբ «ԱՐ-ՄՈԲԻԼ» ՓԲԸ-ի ղեկավարության կողմից արդեն իսկ  կիրառվել են  համապատասխան գործողություններ`  ոչ պատշաճ խոսելաոճ դրսևորելու համար:
Հ.Գ .  Իսկ մեր հայրենասեր, ազգասեր հասարակությանը խորհուրդ ենք տալիս տեղի ունեցած դեպքերին, միջադեպերին արձագանքել և ակտիվորեն մեկնաբանել միայն իրավիճակին ստույգ տեղյակ լինելու դեպքում և հայ լինելով հանդերձ` թույլ  չտալ նման գռեհիկ արտահայտություններ և աձնական բնույթի վիրավորանքներ անհատի նկատմամբ:
Հարգանքներով` «ԱՐ-ՄՈԲԻԼ» ՓԲԸ  Գլխավոր տնօրեն` Վ.Կակոսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել