Ես չեմ կարողանում այլևս դիմանալ այստեղ: Այստեղ կարծես ժամանակը կանգ է առել, այստեղ կարծես չես ապրում, չես շնչում, սառած ես կարծես: Ոչ մի ջերմություն, ոչ մի արևի լույս, և ոչ մի հույս…

Ցուրտ, փոթորիկ, մրրիկ…

Հոգնել եմ արդեն այս լճացումից: Չունեմ ոչ մի երազանք այստեղի հետ կապված, չունեմ հարազատ մարդիկ այս սառը վայրում: Կարծես սիրտս էլ է սառել, ոչինչ չեմ զգում, միայն տաք արցունքներս են մեկ-մեկ գլորվում այտերիս վրայով ու հիշեցնում, որ դեռ ողջ եմ, որ դեռ ապրում եմ:

Մի՞գուցե դրանք արցունքներս չեն: Մի՞գուցե դրանք թույլ արևի չջերմացնող ճառագայթներից հալվող սառցե բեկորներն են, որոնք պատել են աչքերս, կուրացրել են ինձ…

Ոչինչ չեմ տեսնում… Խավարն է պատել…

Վախենում եմ ես մթությունից: Վախենում ե՞մ… Ոչ… Վախեցել եմ միշտ, բայց չեմ վախենում ես այս պահին: Ոչինչ չեմ զգում…

Մակությանս տարիների այդ ատելի ու սարսափելի վախը դարձել է բաղձալի մի բան…

Գոնե վախենայի… Գոնե մի բան զգայի… Գոնե ապրեի…

Դողում եմ… Ցուրտ է… Քարացած կանգնած միայն զգում եմ, որ դողացնում եմ… Ուրեմն ապրում եմ…

Մի՞գուցե ես չեմ դողացնում… Մի՞գուցե այս ուժեղ փոթորկից սառցե արձանս է տատանվում, շարժվում այս կողմ, շարժվում այն կողմ ու չի կոտրվում, ու չի հանձնվում…

Ատելություն է միայն իմ սրտում… Ատելություն վայրենացած ու քար սիրտ դարձած մարդկանց նկատմամբ, ատելություն կյանքի այս սառնության նկատմամբ, ատելություն…

Ուրեմն ապրում եմ… Ապրում եմ… Ես դեռ ապրում եմ…

Իսկ ինչի՞ս է պետք միայն ատելությամբ լցված իմ այս փոքրիկ սիրտը: Ինձ պետք չէ, պետք չէ…

Ուրեմն, սիրտ ի՛մ, կանգ առ ու էլ մի շնչիր…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել