Եթե անցյալում Հայաստանն ու Թուրքիան պարբերաբար ընտրության առաջ էին կանգնում Արևմտյան և Արևելյան կողմնորոշման ընտրության առջև, ապա այս տարի երկու պետություններն էլ իրենք կանգնեցրեցին Արևելքին երկընտրության առջև, քանզի Երևանի սպասվող հրավերին այցելել ապրիլի 24-ին Հայոց Ցեղասպանության հուշահամալիրը Անկարան հակադրեց անսպասելի ու բավական ցինիկ հրավերն այցելել Գալիպոլի, այսինքն՝ Դարդանելի ճակատամարտի հարյուրամյակին նվիրված հանդիսությունները:
Հայաստանում քչերն են լսել այդ Ստամբուլի վրա ողբերգական ու անհաջող անգլո-ավստրալական դեսանտի մասին, որը գերմանացիների գործուն աջակցությամբ կասեցրել էին թուրքերը 1915 թվականին: Մինչդեռ իմանալ սա խիստ անհրաժեշտ է հենց մեզ՝ հայերիս, քանի որ հենց այդ անգլո-ավստրալիական նավատորմի հարձակման պատճառով ու հենց դրա նախորդ օրը՝ ապրիլի 24-ին, էր պաշտոնապես սկսվել հայոց զանգվածային ձերբակալումն ու ջարդը Ստամբուլում և ողջ Օսմանյան կայսրությունում: Այդ մասին բավական մանրամասն է գրված մասնագիտական աշխատություններում, ես ինքս հանգամանալից անդրադարձել էի այդ հարցին «Արմին Վեգներ` Ցեղասպանության լուսանկարիչ» և «Սարդարապատ deja vu» իմ վավերագրական ֆիլմերում, բայց քանի որ մասնագիտական գրականություն կարդում են քչերը, իսկ ֆիլմերս փաստորեն արգելված են ՀՀ հեռուստատեսություններում, ապա կրկնեմ մեկ անգամ ևս` ապրիլի 24-ն ընտրվել էր թուրք դահիճների կողմից ոչ թե պատահական, այլ հենց այն պատճառով, որ ապիլի 25-ին Ստամբուլի մատույցներում սպասվում էր անգլո-ավստրալիական դեսանտի ժամանում և թեժ մարտեր, որոնց ընթացքում, ըստ թուրքերի, հայ բնակչությունը կարող էր ապստամբություն սկսել թիկունքում: Այս հանգամանքը, որ տասնյակ հազարավոր հայեր ծառայում էին օսմանյան զորքում և թիրախ էին ընտրվել նրանց անպաշտպան մնացած ընտանիքները, կանայք ու երեխաները` էական դեր չխաղաց: Ասում եմ սա, որ մենք լավ հասկանանք` մեր եղեռնի առիթ էր հանդիսացել անգլիական նավատորմը և թե մենք դա չհիշենք, առավել ևս դա չեն հիշելու ուրիշները: Ու թեև խոսքը բոլորովին անգլիացիների «մեղքի» մասին չէ` նրանք պատերազմ էին մղում և մեծ կուրուստներ էին տանում, սակայն այսօր, Էրդողանի սադրիչ հրավերն ընդունելու դեպքում, նրանք արդեն գործելու են աններելի մեղք, եթե մոռանան կամ անտեսեն նրանց զոհերի հետ կողք կողքի կռվող ու զոհվող հայերին: Ու եթե Չարլզ արքայազնը ժամանակ ու հետաքրքրություն ունեցավ ժամանել Հայաստան Ամուլսարի ոսկե հանքի կասկածելի գործարքի պատճառով, ապա նա պարտավոր է ապրիլի 24-ին լինել Ծիծեռնակաբերդում` մեր անմեղ զոհերի հիշատակը հարգելու համար: Առավել ևս, որ Գալիպոլի ճակատամարտը սկսվեց արդեն մյուս օրը՝ ապրիլի 25-ին, և նա ժամանակ կունենա Երևանից Ստամբուլ հասնելու, խորամանկ Էրդողանի ծուղակը չընկնելու համար: Այլապես Հայաստանում ծանրագույն վիրավորանք է հասցվելու, որը երկար ժամանակ ստվերելու է մեզ համար կենսունակ հարաբերություններն արևելյան աշխարհի հետ, որը հանդիսանում էր հենց Հայաստանի, այլ ոչ թե Թուրքիայի դաշնակիցը և Առաջին, և Երկրորդ Աշխարհամարտերում: Ես գրում սա, քանի որ մեծ հույսեր չեմ կապում ՀՀ ԱԳՆ ապիկար աշխատակազմի դիվանագիտական ու պատմական գիտելիքների հետ: Ահա այն գինը, որ վճարում է մեր հասարակությունը խոսքի ազատության բացակայության համար` եթե այս ապուշները չարգելեն գոնե իմ պատմավավերագրական ֆիլմերը, մեր հասարակությունն այսքան անպաշտպան չէր լինի պատմության կրկնվող սխալների հանդեպ...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigrankhzmalyan/posts/903520336348188?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել