Ձևավորվող աշխարհում տարբեր քաղաքակրթությամբ երկրների ու խմբերի միջև հարաբերությունները ոչ թե լինելու են սերտ, այլ հաճախ կրելու են հակամարտական բնույթ: Բայց և այնպես, որոշ միջքաղաքակրթական հարաբերություններ ավելի շատ են հղի առճակատումներով, քան մյուսները: Միկրոհարթությունում բեկման առավել լարված գծերն անցնում են իսլամի և նրա ուղղափառ, հինդուիստ, աֆրիկյան և արևմտաքրիստոնեական հարևանների միջև: Մակրոհարթությունում գլխավոր տարանջատումն «Արևմուտքը և մյուսները» բաժանումն է, ուր առավել անողոք պայքար է գնում մի կողմից մահմեդական աշխարհի ու ասիական երկրների և մյուս կողմից` Արևմուտքի միջև: Ամենավտանգավոր բախումներն ապագայում ամենից հավանական է՝ կլինեն Արևմուտքի ամբարտավանության, իսլամի անհանդուրժողականության և չինական ինքնավստահության պատճառով:
Արևմուտքը քաղաքակրթություններից միակն է, որ մնացած բոլոր քաղաքակրթությունների վրա ունեցել է ահռելի, իսկ ժամանակ առ ժամանակ` կործանարար ազդեցություն: Հետևաբար, Արևմուտքի իշխանությունների ու մշակույթի և մյուս քաղաքակրթությունների իշխանությունների ու մշակույթների միջև փոխհարաբերություններն առավել համակողմանի են բնութագրում քաղաքակրթությունների աշխարհը: Որքան ավելի է մեծանում մյուս քաղաքակրթությունների հարաբերական ազդեցությունը, այնքան կորչում է արևմտյան մշակույթի հրապույրը, և ոչ արևմտյան ժողովուրդները սկսում են ավելի շատ վստահել ու առավել նվիրվել իրենց բուն մշակույթին: Արդյունքում` Արևմուտքի (հատկապես ԱՄՆ-ի)` սեփական բազմաբնույթ մշակույթն արմատավորելու ձգտման և այն իրականացնելու անընդհատ նվազող կարողության միջև անհամապատասխանությունը դարձել է Արևմուտքի և մյուսների փոխհարաբերությունների հիմնական խնդիրը:
Կոմունիզմի կործանումը խորացրեց այդ անհամապատասխանությունը` Արևմուտքում ամրապնդելով այն միտքը, թե դեմոկրատական լիբերալիզմի գաղափարախոսությունը հանդիսությամբ հաղթանակեց ողջ աշխարհում, և այդ պատճառով այն համընդհանուր ընդունելի է: Արևմուտքն իր միսիոներական ավանդույթներով, և գլխավորապես ԱՄՆ-ը, համարում են, որ ոչ արևմտյան ժողովուրդները պարտավոր են ընդունել արևմտյան ժողովրդավարության արժեքները` ազատ շուկան, վերահսկվող կառավարության ձևը, մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը և այլն, ու հետո դրանք կյանքի կոչել իրենց պետական հաստատություններում: Մյուս քաղաքակրթություններից քչերն են ուրախությամբ ընդունում և պաշտպանում այդ արժեքները, իսկ հիմնականում ոչ արևմտյան մշակույթներում դրանց հանդեպ գերակշռում է այլ վերաբերմունք` լայնորեն տարածված թերահավատությունից մինչև կոշտ հակազդեցություն: Այն, ինչը Արևմուտքի համար ունիվերսալիզմ է, մյուսների համար իմպերիալիզմ է:
Արևմուտքը փորձում է և կշարունակի փորձել պահպանել իր բարձր դիրքը, պաշտպանել սեփական շահերը` անվանելով դրանք «միջազգային հանրության շահեր»: Այս որակումը դարձավ «ազատ աշխարհ» արտահայտության էվֆեմիզմը 1, որը կոչված է աշխարհի աչքում ԱՄՆ և մյուս արևմտյան տերությունների շահերն արտացոլող գործողություններին իրավազորության պատրանք տալ: Այսպես, օրինակ, Արևմուտքը փորձում է ոչ արևմտյան երկրներին ինտեգրել իր կողմից կառավարվող գլոբալ տնտեսական համակարգում: Արևմուտքը Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և այլ միջազգային ֆինանսական հաստատությունների օգնությամբ պաշտպանում է իր տնտեսական շահերը և ստիպում մյուս երկրներին վարել այնպիսի տնտեսական քաղաքականություն, որը համարում է ընդունելի: Ոչ արևմտյան երկրներում, հասարակական կարծիքի ցանկացած հարցախույզի դեպքում, ԱՄՀ-ն, անկասկած, կստանա ֆինանսական նախարարների և նաև մարդկանց փոքր խմբի աջակցությունը, բայց գերակշռող մեծամասնությունը նրա հանդեպ բացասաբար կարտահայտվի: Մարդիկ կհամաձայնեն Գեորգի Արբատովի հետ (1 Կոշտի փոխարեն առավել մեղմ արտահայտություն.- խմբ.), որն ԱՄՀ պաշտոնյաներին բնութագրել է որպես «նեոբոլշևիկներ», որոնք պաշտում են ուրիշների փողերի սեփականազրկման ու յուրացման գործընթացը, արմատավորում տնտեսական ու քաղաքական գործելակերպին խորթ, ոչ ժողովրդավարական կանոններ:
Ոչ արևմտյան ժողովուրդները Արևմուտքի սկզբունքների և գործողությունների միջև առկա հակասությունները մատնանշելու առիթըբաց չեն թողնում: Երեսպաշտություն, երկակի ստանդարտներ, «այո, բայց…» սիրված շրջանառու խոսք. ահա ունիվերսալիզմին առարկությունների գինը: Այո, մենք պաշտպանում ենք ժողովրդավարությունը, միայն թե այն իշխանության չբերի իսլամական արմատականությանը: Այո, չծավալվելու սկզբունքը պետք է վերաբերի Իրանին և Իրաքին, բայց ոչ Իսրայելին: Այո, ազատ առևտուրը տնտեսական աճի էլիքսիրն է, բայց ոչ գյուղատնտեսությունում: Այո, մարդու իրավունքների խնդիրն առկա է Չինաստանում, բայց ոչ Սաուդյան Արաբիայում: Այո, պետք է շտապ հակահարված տալ նավթ ունեցող Քուվեյթի դեմ ոտնձգությանը, բայց ոչ նավթից զուրկբոսնիացիների հարձակմանը: Երկակի ստանդարտներ գործնականում. դա է ունիվերսալ ստանդարտ սկզբունքների անխուսափելի գինը:
Հասնելով քաղաքական անկախության` ոչ արևմտյան հասարակությունները ցանկանում են ազատվել Արևմուտքի տնտեսական, ռազմական և մշակութային գերիշխանությունից: Արևելյան Ասիայի երկրներն արագ ընթացքով գնում են նրան, որ հավասարվեն Արևմուտքին: Ասիական և իսլամական երկրները ռազմական բնագավառում Արևմուտքին արագ հասնելու ուղիներ են փնտրում: Արևմտյան քաղաքակրթության գլոբալ հավակնությունները, Արևմուտքի հարաբերական իշխանության անկումը, ինչպես նաև այլ քաղաքակրթությունների աճող մշակութային ինքնավստահությունը բավականբարդացնում են Արևմուտքի և մյուսների հարաբերությունները: Սակայն դրանց բնույթը և հակամարտության աստիճանը չափազանց տարբեր են ու բաժանվում են երեք կատեգորիայի:
Առաջինը մարտահրավեր նետող քաղաքակրթությունների` իսլամականի ու չինականի հետ Արևմուտքի փոխհարաբերություններն են. այս դեպքում Արևմուտքն ընդհանուր առմամբ կունենա լարված, հաճախ` հակամարտական հարաբերություններ: Երկրորդը վերաբերում է քաղաքակրթապես առավել թույլ և Արևմուտքից զգալի կախվածության աստիճան ունեցող Լատինական Ամերիկայի ու Աֆրիկայի հետ հարաբերություններին, որոնք կլինեն նվազբախումային (հատկապես Լատինական Ամերիկայի դեպքում): Երրորդը Ռուսաստանի, Ճապոնիայի ու Հնդկաստանի հետ Արևմուտքի փոխհարաբերություններն են, որոնք հավանորեն կլինեն վերոհիշյալ երկու կատեգորիաների միջինը. այստեղ կլինեն և համագործակցություն, և առճակատում, քանզի այդ առանցքային երեք տերությունները մերթ հարում են մարտահրավեր նետող քաղաքակրթություններին, մերթ Արևմուտքին: Սա Արևմուտքի և իսլամական ու չինական քաղաքակրթությունների միջև տատանվող քաղաքակրթություն է:
Միջազգային հարաբերությունների իրապաշտական տեսությունը թելադրում է, որ ոչ արևմտյան քաղաքակրթությունների առանցքային տերությունները պետք է կոալիցիա կազմեն, որպեսզի հավասարակշռեն Արևմուտքի գերիշխող ազդեցությունը: Որոշ ոլորտներում դա արդեն իրականացվել է: Բայց մոտ ժամանակներում համընդհանուր հակաարևմտյան կոալիցիայի առաջացումը քիչ հավանական է: Իսլամական և չինական քաղաքա-կրթությունները կրոնով, մշակույթով, քաղաքականությամբ, սոցիալական կառույցներով, ավանդույթներով, կենսակերպի հիմնական նախադրյալներով իրարից արմատապես տարբերվում են: Ըստ էության, նրանք միմյանց հետ ավելի քիչ ընդհանրություններ ունեն, քան արևմտյան քաղաքակրթության: Բայց և այնպես, քաղաքականությունում ընդհանուր թշնամին ծնում է ընդհանուր շահեր: Այսպիսով, իսլամական և ասիական երկրները, որոնք Արևմուտքին համարում են իրենց հակառակորդը, միմյանց հետ նրա դեմ համագործակցելու առիթ ունեն: Այդ համագործակցությունը նկատելի է շատ բնագավառներում (ներառյալ մարդու իրա վունքների, տնտեսության ոլորտները) և, որն ավելի ակնառու է, ռազմական ներուժը մեծացնելու (հատկապես զանգվածային ոչնչացման զենքերի և նրանց փոխադրման միջոցների, (այսինքն` Չինական կամ կոնֆուցիական քաղաքակրթության գոտում գտնվող.- խմբ.) հրթիռների ասպարեզում) փորձերում, որոնք սովորական սպառազինությունների գծով Արևմուտքի գերակշռությունը չեզոքացնելուն են միտված: Որպեսզի այդ ասպարեզում դիմակայեն Արևմուտքին, 90-ականների սկզբին «կոնֆուցիական-իսլամական» կապեր եղան մի կողմից Չինաստանի ու Հյուսիսային Կորեայի, մյուս կողմից` Պակիստանի, Իրանի, Իրաքի, Սիրիայի, Լիբիայի և Ալժիրի միջև:
Արևմուտքը և մյուս հասարակությունները բաժանող խնդիրներն այսօր միջազգային հարաբերությունների օրակարգում առավել սուր են դրված: Արևմուտքի պլաններում ներառված են երեք նմանատիպ խնդիրներ.
1. Պահպանել ռազմական գերակայությունը միջուկային, կենսաբանական և քիմիական սպառազինությունների, ինչպես նաև նրանց փոխադրման միջոցների վրա չտարածման և ակատարածման քաղաքականության կիրառման օգնությամբ:
2. Տարածել արևմտյան արժեքները, ծավալել արևմտյան հաստատությունները` ստիպելով մյուս հասարակություններին Արևմուտքի ըմբռնմամբ հարգել մարդու իրավունքները և ընդունել ժողովրդավարության արևմտյան մոդելը:
3. Պաշտպանել արևմտյան տերությունների մշակութային, հասարակական և էթնիկ ամբողջությունը` սահմանափակելով ոչ արևմտյան երկրներից փախստականների ու տարագիրների մուտքն այնտեղ:
Բոլոր այս երեք ոլորտներում Արևմուտքը բախվում է և, հավանական է, կշարունակի բախվել ոչ արևմտյան հասարակությունների հանդեպ սեփական շահերը պաշտպանելու խնդրին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Mkrtich0/posts/1604385163123209
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել