Էս թեման արդեն աչքիս չարաշահում եմ, բայց դե ստիպված պիտի կրկնվեմ. անգետիս կարծիքով մենք՝ հայերս, ապրում ենք քվանտային ֆիզիկայի կանոններով։ Հայաստանում ապրում է մակրոաշխարհ ներթափանցած ու մակրոչափսեր ստացած երկուսից երեք միլիոն քվանտային մասնիկ։ Մեր բոլոր գործողությունները դիտորդի առկայությամբ են պայմանավորված։ Մեր ապրումները, մեր ինքնազգացողոթւյունը, մեր նպատակները, մեր ինքնագնահատականը կախված է էդ անտեր դիտորդ(ներ)ից։ Դիտորդի բացակայության դեպքում Շրյոդինգերի կատուներ ենք, ավելի ճիշտ՝ Շրյոդինգերի հայեր՝ ոչ սաղ ոչ մեռած, ոչ բարի, ոչ չար, ոչ բավարարված, ոչ չբավարարված, ոչ հանգիստ, ոչ ագրեսիվ։ Ինքներս էլ չգիտենք ով ենք, ինչ ենք, ինչի ենք ձգտում, ինչ ենք ուզում։ Մեր երկրի ղեկավարներն էլ քվանտային ղեկավարներ են։ Իսկը մեր պես։
Ու քանի որ էդ Դիտորդի դիտման ակտն էդքան էական նշանակություն ունի մեր գոյի համար, մենք էլ համակ ուշադրությամբ ոչ-սաղ-ոչ-մեռած սպասում ենք էդ դիտման ակտին, քանիոր առանց էդ դիտման ակտի մենք անորոշ վիճակում ենք։ Ըհը՝ էս մեկը դիտեց մեզ։ Ու գնա՜ց… մեր մի մասն էսսպինը կողմնորոշումը ստացավ, մյուսն՝ էն։ Ըհը, էս մի ռեսուրսն էլ դիտեց-անդրադարձավ մեզ. բևեռացումը սրվեց։ Ըհը, հյուսիսային դիտորդները բարձր մակարդակով մեզ դիտեցին ու հլա մի հատ էլ զանգեցին. իշխանական քվանտներն էլ իրենց չկողմնորոշված-անորոշ վիճակից դուրս եկան, ակտիվացան։ Հոպ, էն մի չաչանակ դիտորդը վեր կացավ, իր ծանր տեղը թեթևացնելով իջավ քվանտային մակարդակ, ներխուժեց մեր քվանտային տիրույթ… Տիրույթը սկսեց եռռալ… Տատանումները սկսեցին սանդղակներից անցնել…
Զոռ ա քվանտային կանոններով ապրելը։ Դե արի ու ամեն առիթով լավ դիտորդ գտի։ Իսկ մեզ հենց լավ դիտորդներ են պետք, որովհետև վատ դիտորդներն ու վատ դիտարկումները մեր կողմնորոշումը, տրամադրությունները, ինքնագնահատականները վատ կողմ են տանում։ Դե հա՝ հայկական քվանտային ֆիզիկայում լավ ու վատ հասկացություններ ԿԱՆ. չէ՞ որ մենք սովորական մասնիկներ չենք, մենք ՀԱՅ մասնիկներ են (բա մեր տոլմեն, բա մեր ծիրանը շարքից)։ Իսկ լավ դիտորդներ հիմի շատ չես գտնի. աջ ու ձախ կողմերից ախմախ դիտորդներով ենք շրջապատված (ու չնայած դա բոլորս լավ գիտակցում ենք, բայց մեկ է, սրանց դիտման ակտերն էլ մեզ հունից հանում են՝ օբյեկտիվ լինեն, թե սուբյեկտիվ, մրոտ գործիքով դիտեն, թե մաքուր)։ Սրանց դիտարկումները վերցնում տարածում ենք, որ հարակից մասնիկներն էլ վատ զգան՝ կիսեն էդ դիտման արդյունքում մեր ստացած բացասականսպինը էմոցիանները։ Չէ՞ որ տիպիկ քվանտա-հայկական ասացվածք կա՝ «ընկերովի մահը հարսանիք է»։ Էս տեսակ ասացվածք էլ ո՞ր ազգը կունենա։
Հարավային դիտորդն իներտ է. հայացքը շատ չի նետում ես կողմերին։ Ինքն իր մակրո խնդիրներով է զբաղված, միկրոաշխարհն իր տանձին չի։
Հյուսիսային դիտորդը, հետևաբար, հիմնական դիտորդն է։ Հյուսիսային դիտորդը իր դիտարկումները կատարում է բազմաթիվ ձևերով ու ուղղություններով։ Հյուսիսային դիտորդի ամեն դիտման ակտ էս մեր միկրոաշխարհում մեծ ռեզոնանսներ է առաջ բերում։ Հյուսիսային դիտորդը էնքան կարևոր դիտորդ է, որ մեր միկրոաշխարհը վերցրեց, տարավ իր լաբորատորիա, որ այսւոհետ միայն ինքը դիտի-դիտարկի։ Հետևաբար էն մնացած հեռու-հոռվում գտնվող անգլիա-ֆրանսիախոս դիտորդներին էլ չեմ էլ անդրադառնում։
Հիմի ասածս ինչ ա. ա՛յ որ մի հրաշքով կարողանայինք էս քվանտային-անորոշ վիճակից մի ցատկ անեինք դեպի մակրոաշխարհ, կարող է մեր էմոցիոնալ վիճակներն էլ որոշակի դառնալ՝ դիտորդների նկատմամբ անտարբեր։ Կարող է մեր մոտ էլ էդ տեսական մակրոտանձը հայտնվեր, որի ոչ մի պետքին չլիներ թե էս ու էն արժան ու անարժան դիտորդները մեզ որ տեսանկյունից դիտեցին ու իրենց մոտ ինչ նշումներ արեցին։ Հնարավոր է էդ բաղձալի մակրոաշխարհում որոշակիացվեր ու հստակեցվեր մեր տեղն ու դերն էս հրե գնդի տակ, մեր ինքնագնահատականն ու մեր նպատակը։ Կարող է սկսեինք ինքնաբավ ապրել։ Անորոշությունից զզվել եմ։
Չնայած ինչ եմ ասում…
Շրյոդինգերի նանը…