Մի տեղ այսպիսի մի քոմենթ էի գրել։ Շատերի դուրն է եկել։ Որոշեցի բերեմ ստատուսի տեսքով, թող մարդիկ իրենց կարծիքները հայտնեն։
Մեր՝ հայերիս, մեծամասնության կարծիքով մարդը իրադարձությունները պետք է տեսնի միայն սև կամ սպիտակ, պետք է լինի կամ ռուսամետ կամ արևմտամետ, սիրի Ռուսաստանը կամ Ամերիկան և այլն և այլն։ Իսկ ահա իմ կարծիքն այդ հարցի կապակցությամբ։
Աշխարհը կամ կամ-ով չի կառուցված։ Աշխարհը շատ բազմազան ու բազմագույն է։ Միլիոնավոր երանգներ կարող են ունենալ մարդկանց վերաբերմունքն իրերի ու երևույթների նկատմամբ։ Ես բազում անգամներ գրել եմ, որ ինձ համար հավասարաչափ սիրելի են, ու ես հանդուրժողական եմ վերաբերվում բոլոր ազգերին, բացի մեկից։ Բոլոր երկրները գոյության իրավունք ունեն, պաշտպանվածության իրավունք ունեն, իրենց ազգային շահերը քաղաքակիրթ մեթոդներով առաջ տալու իրավունք ունեն։ Եթե այս պահին ես քննադատում եմ որևէ երկրի իշխանության որևէ արարքը, դա դեռ չի նշանակում, որ ես այդ երկրի վատն եմ ցանկանում։ Առավոտից երեկո համարյա բոլորս քննադատում ենք մեր ապիկար իշխանությանը։ Ի՞նչ, ուրեմն մենք չենք սիրում Հայաստա՞նը։ Կամ քննադատում ենք Ռուսաստանի իշխանությանը երկիրը չբարենորոգելու ու գող ավազակ լինելու համար, ուրեմն ի՞նչ, մենք չենք սիրում Ռուսաստանի՞ն կամ քննադատում ենք ԱՄՆ իշխանությանը՝ արաբական աշխարհի խառնակությունների և Իսրայելի նկատմամբ ընդգծված կողմնապահության համար, ի՞նչ, ուրեմն մենք չե՞նք սիրում ԱՄՆ-ին որպես երկիր։
Հստակ պետք է տարբերակել երեք կատեգորիաներ սիրել չսիրելու հարցում։ Դրանք են, Ազգ, երկիր, երկրի իշխանություն։ Մարդկանց մեծամասնությունը միշտ և ամեն անգամ քննադատում է իշխանությանը և նրա արարքներին, անկախ նրանից՝ նա դա շեշտում է, թե ոչ։ Սա անխտիր այսպես է, երբ խոսում են որևէ երկրի մասին, անկախ նրանից, թե որ երկիրն է դա։ Բոլոր ժողովուրդներն էլ բարի ու խաղաղասեր են։ Չկան ագրեսոր ժողովուրդներ կամ երկրներ, այլ կան ագրեսոր իշխանություններ։ Գերմանիան ֆաշիզմի իշխանության ներքո վայրի ագրեսոր քաղաքականություն էր վարում, իշխանությունը փոխվեց, դարձավ աբրեշում։ Եթե այսօր ես քննադատում եմ Օբամայի վարած քաղաքականությունը Մերձավոր Արևելքում կամ Ուկրաինայի դեպքերի առնչությամբ, դա չի նշանակում, որ ես չեմ սիրում ԱՄՆ-ը։ Կամ եթե ասում եմ՝ Ռուսաստանի իշխանավորները գող ու ավազակներ են, դա չի նշանակում, որ ես ատում եմ այդ երկրին։ Երկրին, ժողովուրդներին չեն ատում, դա աբսուրդ է։ Ատում են տվյալ երկրի ապիկար իշխանություններին։
Այս բանը եթե խորությամբ հասկանաք, ձեր վերաբերմունքը կյանքի հանդեպ լուրջ առաջընթաց կգրանցի։



