Այսինքն, որ քննիչն է բացահայտում այս հանցագործությունը: 
Nikolay Baghdasaryan-ի հարցադրումների հետ համամիտ եմ

Վերջին օրերին տարբեր իրավաբանների կողմից խնդիր է բարձրացվում, թե որ դատարանը պետք է քննի Պերմյակովի գործը: Մինչդեռ մինչ դատարանին հասնելը պետք է պարզել, որտեղ է փաստացի իրակացվում Պերմյակովի վերաբերյալ նախաքննությունը: Այսինքն, որ քննիչն է բացահայտում այս հանցագործությունը: Կարծում եմ, այս պահին այս հարցադրումն է ամենա կարևորը:
1. Արդյո՞ք ՌԴ քննիչները իրավասու են քննելու սպանության վերաբերյալ քրեական գործը: Ոչ, ինչ՞ու ...: Որովհետև, տվյալ դեպքում ՌԴ քննիչը իրավասու է քննել միայն միջազգային պայմանագրով (այս պայմանագրի 5-րդ հոդվածի մասին բազմիցս ասվել է, այդ պատճառով չեմ ցանկանում կրկնվել) նախատեսված հանցագոծությունները, որոնց շարքում ՀՀ տարածքում կատարված սպանության գործը չի գտնվում: Այս հարցի վերաբերյալ, տպավորությունն այնպես է, որ առկա է Հայաստանյան կողմի իրավաբանների միակարծությունը:
2. Արդյո՞ք ՀՀ քննիչները հնարավորություն ունեն քննելու քրեական գործը: Ոչ, ինչ՞ու...: Որովհետև, սպանության գործը քննելու և հանցագործությունը բացահայտելու համար, անհրաժեշտ է, որ սպանության մեջ մեղադրվողը գտնվի գործը վարող քննիչի տիրապետման («իրավազորության») տակ: Նման հանցագործությունը բացահայտելու համար քննիչը պետք է կատարի անհետաձգելի քննչական գործողություններ` կատարի քննչական փորձարարություն` մեղադրյալին տանի դեպքի վայր, որպեսզի վերջինս ցույց տա, թե ինչպես է կատարել սպանությունը: Այս քննչական գործողությունը պետք է կատարվի անհապաղ, որպեսզի բացառվի այլ անձանց մասնակցությունը տվյալ սպանության մեջ: Այնուհետև, պարտադիր պետք է նշանակվի ստացիոնար դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննություն: Այսինքն, Պերմյակովին պետք է տեղափոխեն հոգեբուժական հիվանդանոց, որտեղ նա պետք է անցկացնի որոշ ժամանակ, որի արդյունքում նոր միայն հնարավոր կլինի ստանալ օբյեկտիվ եզրակացություն իր վիճակի մասին, որպեսզի բացառվի իր անմեղսունակ լինելու հանգամանքը: Պերմյակովի հետ պետք է կատարվեն մի շարք քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական աշխատանքներ, որոնց կատարումն առանց մեղադրյալի ֆիզիկական առկայության հնարավոր չէ: Հետևաբար, հնարավոր չէ փաստացի գործը քննել, եթե մեղադրյալը չի գտնվում քննիչի տիրապետման տակ: Քրեական դատավարության իմաստով նոնսենս է, որ մեղադրյալին առաջադրեն մեղադրանք, սակայն քննիչի տիրապետման տակ նա չգտնվի, դա լինում է, միայն այն դեպքում, եթե մեղադրյալը մեղադրանք առաջադրելուց հետո դիմում է փախուստի:
Ստացվում է, որ այսօր որևէ մի քննիչ փաստացի գործը չի քննում, հետևաբար անհրաժեշտ է այս հարցը լուծել, որից հետո նոր քննարկել, թե որ դատարանի կողմից պետք է գործը քննվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել