Ներկայացնում ենք թերթի ծավալոն առաջնորդողը որոշ կրճատումներով։ Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում

«Գյումրիի սպանդի կասկածյալ Վալերի Պերմյակովին հայկական կողմին հանձնելը դառնում է սկզբունքային հարց, որովհետև միայն այս պարագայում կարելի է գոնե մշուշոտ հավաստիացում ունենալ, որ գործը կբացահայտվի: Եթե, օրինակ, ենթադրենք, որ Պերմյակովը ադրբեջանական շպիոն է, կրկնում ենք եթե ենթադրենք, սա ռուս իրավապահները երբեք չեն բացահայտի ու չեն խոստովանի, որովհետև դա խայտառակություն կլինի իրենց համար: Իսկ ընդհանրապես, դեպքից հինգ օր անց բազմաթիվ հարցեր կան, որոնց պատասխանները ուղղակի անհրաժեշտ է գտնել հունվարի 12-ի գիշերը Ավետիսյանների տանը տեղի ունեցածի մասին ամբողջական պատկերացում ունենալու համար: Մասնավորաուես. որքան կարելի է հասկանալ ոստիկանության տարածած նկարներից, Ավետիսյանները սպանվել են անկողիններում, և տպավորություն է, որ նրանք չեն էլ հասցրել արթնանալ: Բայց  ըստ լուրերի, Ավետիսյանները գտնվել են երեք տարբեր սենյակներում, այսինքն մարդասպանը նախ մտել է մի սենյակ, կրակել, հետո երկրորդը, հետո երրորդը: Մի՞թե չի ենթադրվում, որ առնվազն երրորդ սենյակում գտնվողները պետք է հասցնեին ոտքի ելնել Կալաշնիկովի ավտոմատի անասելի աղմուկից: Եթե չեն հասցրել ոտքի ելնել, մի՞թե դա նշանակում է, որ երեք սենյակներում կրակոցները հնչել են միաժամանակ: Եթե այսպես է, մի՞թե դա չի նշանակում, որ Պերմյակովը մենակ չի եղել: Եթե այդպես է, ինչո՞ւ ենք մենք ընդհանրապես վստահ, որ կրակողներից մեկը կամ կրակողը եղել է հատկապես Պերմյակովը:

Որտեղի՞ց մենք իմացանք Պերմյակովի մասին, ինչպե՞ս նա հայտնվեց գլխավոր կասկածյալի կարգավիճակում: Դեպքի վայրում հայտնաբերվել էին նրան ամրակցված ավտոմատը, կոշիկներ, որոնց վրա գրված է Պերմյակով: Սա, իհարկե, քիչ չէ: Հարցը, սակայն, հետևյալն է. կա՞ն արդյոք այլ հանցանշաններ, որովհետև համաձայնեք, ինչ-որ մեկի ավտոմատը և կոշիկները ուրիշներն էլ կարող են տանել թողնել ինչ-որ մի տեղ: Որպեսզի ավտոմատն ու կոշիկը դառնան երկաթյա ապացույցներ, հարկավոր է, որ այլ հանցանշաններ էլ հայտնաբերվեն դեպքի վայրում: Պերմյակովի մատնահետքերը, ԴՆԹ հետքը, հարկավոր է, որ ինչ-որ մարդիկ նրան տեսած լինեն դեպքի վայրում սպանությունները տեղի ունենալուց առաջ կամ հետո: Մինչև հիմա հանրությունը չունի այսպիսի պաշտոնական տեղեկություններ, և այս անորոշությունը ավելի է մեծացնում լարվածությունը:

Էնպես որ, Հայաստանի լավագույն իրավաբանները պետք է հավաքվեն գլուխ-գլխի և գտնեն իրավական ամուր հիմնավորումներ Պերմյակովին Հայաստանի իրավապահներին փոխանցելու պահանջի համար: Ուրիշ տարբերակ չկա: Եվ նոթինգեմ ավարտած գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը պետք է սրա մասին մտածի և ոչ թե հիմար լոլոներ կարդա հանրության առաջ»,–գրում է թերթը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել