
Երբ 1664 թվականի դեկտեմբերի 5-ին Ուելսի առափնյա գոտում խորտակվեց ուղևորափոխադրող մի նավ, անձնակազմի անդամներից ու ուղևորներից փրկվեց միայն մեկ մարդ, ու այդ հաջողակի անունը Հյու Ուիլլիամս էր։
Ավելի քան հարյուր տարի անց՝ 1785 թվականին, նույն տեղում և նույն դեկտեմբերի 5-ին մեկ այլ նավաբեկություն եղավ։ Սա ցնցող է, բայց կրկին փրկվեց միան մի մարդ, ում անունը... Հյու Ուիլլիամս էր։
Թվում է, թե միայն այս երկու դեպքերում գրանցված զուգադիպությունն արդեն իսկ ֆանտաստիկ է, բայց այսքանով զուգադիպությունների շղթան չի ավարտվում... 1860 թվականի դեկտեմբերի 5-ին նույն տեղում խորտակվեց ձկնորսական մի նավ, ու կրկին փրկվեց միայն մեկ մարդ, ում անունը... Դե դուք արդեն կռահեցիք, որ այդ մարդու անունը կրկին Հյու Ուիլլիամս էր։
Ծովի հետ կապված՝ ևս երկու անհավանական զուգադիպությունների պատմություն կա։ Դրանց մեջ ներգրավված են գրողներ ու նավաստիներ։ Հայտնի գրող Էդգար Պոն մի անգամ չէ, որ անդրադարձել է ծովային թեմատիկային ու մի անգամ նա մի պատմվածք էր գրում նավաբեկության մասին, որի արդյունքում ողջ էին մնացել անձնակազմի մի քանի անդամներ ու մի քանի ուղևորներ։ Շատ երկար ժամանակ դժբախտները դեգերում էին անծայրածիր օվկիանոսում՝ կիսախորտակված մի մակույկի վրա։
Սովալլուկ փրկվածները հուսահատությունից դիմում են ծայրահեղ քայլի՝ սպանում ու ուտում են իրենցից մեկին՝ նավի յունգային, ում անունը Ռիչարդ Պարկեր էր։ 1884 թվականին՝ այս պատմվածքը հրապարակելուց մի քանի տարի անց, բաց ծովում հայտնաբերեցին նավաբեկությունից փրկված 3 մարդկանց, ովքեր մի խարխուլ մակույկի մեջ էին։
Անսպասելիորեն պարզվեց, որ մակույկի մեջ ի սկզբանե եղել են 4 հոգի, բայց, խելագարության հասնելով սովից, 3-ով ընտրել են ամենաթույլին, սպանել են նրան ու կերել են։ Այդ դժբախտը եղել էր նավի յունգան, ում անունը... Ռիչարդ Պարկեր էր։ Հարկ է նշել, որ զոհի ընտրության հարցում Էդգար Պոյի պատմվածքը ոչ մի դեր չի խաղացել, քանի որ մարդակեր նավաստիները պարզապես երբեք չէին կարդացել այդ պատմվածքը։
Ոչ պակաս անհավանական պատմություն է պատահել 1897 թվականի մայիսին, երբ բրազիլական «Առագուրա» հածանավի անձնակազմն օվկիանոսից հանեց մի շիշ, որի մեջ հետևյալ գրությունն էր. ««Ծովի հերոս» նավի վրա ապստամբություն է սկսվել։ Նավապետը սպանված է, իսկ նրա առաջին օգնականին գցել են ծովը։ Ես նավապետի երկրորդ օգնականն եմ ու բռնի կերպով ստիպված եմ մնալ նավի ղեկի մոտ։ Նրանք ստիպում են ինձ ուղղել նավն Ամազոնի գետաբերան: Փրկեք ինձ»։
Հածանավի նավապետը միանգամից ստուգեց, թե արդյո՞ք նման նավ կա գրանցված Լլոյդի գրանցամատյանում, ու իրապես հայտնաբերեց այնտեղ նույնանուն բրիտանական նավ։ Բրազիլացիները փոխեցին իրենց ուղղությունն ու շտապեցին օգնության, ու կարճ ժամանակ անձ ապստամբած անձնակազմի ձեռքում գտնվող նավը հայտնվեց հորիզոնին։ Զինվորականներն արագ գրավեցին այն ու զինաթափեցին ապստամբներին։
Նրանց հաջողվեց փրկել երկրորդ օգնական Հեդջերի ու ևս երկու նավաստիների կյանքերը, ովքեր հրաժարվել էին միանալ ապստամբությանը։ Հեդջերը շատ զարմացավ, երբ իմացավ, որ օգնությունն այդքան շուտ է ժամանել՝ շնորհիվ շշում թողած իր գրության, քանի որ, ինչպես պարզվեց, նա ոչ մի գրություն էլ չէր թողել ու չէր էլ կարող թողնել, նույնիսկ ցանկության դեպքում, քանի որ դրա հնարավորությունը չի ունեցել։
Արդեն Անգլիայում, երբ դատում էին ապստամբած անձնակազմին, վերջապես բացվեց այս միստիկ պատմության առեղծվածը։ Պարզվում է, որ «Ծովի հերոսի» ջուրն իջեցնելուց դեռ 16 տարի առաջ գրող Ջոն Փերմինգթոնը գրել էր «Ծովի հերոսը» անվանումով վեպ, որտեղ նկարագրել էր նույնանուն նավի վրա բռնկված ապստամբությունը։ Գովազդելով իր վեպը՝ նա ծովն էր գցել 5000 շիշ, որոնցից յուրաքանչյուրի մեջ վեպի ինչ-որ հատված կար ապստամբության մասին։ Ու հենց այդպիսի մի շիշ 32 տարի անց գտան բրազիլացի նավաստիները։ Նախախնամությունը հավանաբար պետք էր, որպեսզի գրությունը լինի նույնական իրականության հետ, որն այդ պահին առկա էր ոչ թե գրողի մտացածին նավի վրա, այլ միանգամայն իրական ու իրեղեն «Ծովի հերոսի» վրա։



