Մոտենում էր հերթական` 2015 թվականը: Հասկանալի է, որ Աստծո Օրացույցով սահմանվածը խախտող չէր լինի, բայց սպասողն ո՞վ էր...
Ամբողջ մի ամիս (դեռ մի բան էլ ետը), բան ու գործ թողած, համազգային ու անձնական-անհատական էներգիան էլի ու կրկին գործի էր դրված մեն-մի ուղղությամբ` շահելու դեռևս Աբստրակտ տարվա բարեհաճությունը... Փոխադարձ չվերջացող մաղթանքների տարափ, մոլեգին ձոներգություններ տակավին անծանոթ տարուն, ամանորյա սեղանները ճկռած պահելու շուրջ մտագարության հասնող արարմունք. իսկ Եկող տարին, անցած-գնացած բոլոր տարիների օրինակով, համոզվելու պետք չունի մարդ արարածի անխելքության ու հավատարմության կոդի բացակայության վրա (հին տարին դեռ կենդանի, ինքն արդեն նոր-անտեսի գիրկն է մաժմժում): 
Ինչևէ, իր հանդեպ հուսախառն քծնանքին շան տեղ չդրած Տարին Սևով եկավ: Սահմանից սփռված բոթի տաք հետքերով Հայաստանի թասիբով քաղաքում ազգային թասիբ արթնացնող կրակոցներ հնչեցին:
Մեր վրա կրակեցին Գյումրիում....
Գյումրիում Կրակեցին մեր վրա, ու քաղաքական սարսափ ֆիլմում մեզ հատկացված ստատիստի դերը ստանձնել չհապաղեցինք:
Խուճապ-վայնասուն-գոչգոչուն պահանջատիրությունը մեզնից, մեր բաց ու ճռճռան խաղաթղթերը մի ձեռքով ճմրթելը` Տերերից: 
Որ խաղատախտակի վրա հայ և ռուս ժողովուրդների փոխհարաբերային ճակատագիրն է, կասկած չի հարուցում: Մոսկվայի քարոզչամեքենան անթաքույց լծված է փոխադարձ կրքերը բորբոք պահելու գործին: Մեզանում արձագանքվածն էլ ճիշտ ԻՐ ախորժակով է... Եթե միայն գործը մոսկվաներով սահմանափակված լիներ... Եթե միայն... Իսկ հատուցող մեզանից բացի հաստատ չի ճարվի:
Աստծուն բռնել հարցնել չի լինի, բայց գոնե կռահել կարելի է... Նորին բարձրյալը երևի մեզ չի օտարում պատմության թատերաբեմից, որպեսզի մյուս ազգերին ցույց տա, թե ինչպիսին չի կարելի լինել` իսկապես ԱՊՐԵԼ-ԼԻՆԵԼՈՒ համար:
Բայց որ Ապագան մերն է, դա էլ հաստատ է: Աշխարհի կանոններից դուրս Կանգնած Արցախս ու Ջավախքս վկա:
Արցախ ասեցի, հիշեցի... Սերժ Սարգսյանի Լռությունից մի խորշեք, սիրելիներ: Երբ հանճարեղորեն լռում էր Տեր-Պետրոսյանը, մենք հանճարեղորեն հաղթում էինք Ճակատում:
Տեղով մեկ Շախմատ Քաղաքականությունում կարևորը ՄԱՏ-ն է.... Մատ թափ տալը չի!

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել