Yerkir.am-ը գրում է․
Կյանքի 72-րդ տարում, երկարատև հիվանդությունից հետո վախճանվեց ճանաչված դերասան, ասմունքող, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Անդրանիկ Գրիգորի Հարությունյանը: Դեռևս 1968 թվականին, Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դրամատիկ թատրոնի և կինոյի դերասանի ֆակուլտետի ավարտական դիպլոմային դերակատարումներն Անդրանիկը ստիպված էր զուգակցել Երևանի նորաստեղծ դրամատիկ թատրոնի ստեղծագործական փորձերին, քանի որ Հրաչյա Ղափլանյանը, խորաթափանց արվեստագետի պայծառատեսությամբ, ուսումը դեռ չավարտած երիտասարդին հրավիրել էր թատրոն և վստահել գլխավոր դերեր: Շնորհիվ բնատուր ձիրքի և ստեղծագործական վառ երևակայության` Ա. Հարությունյանը մեկը մյուսի ետևից ստեղծեց միանգամայն համոզիչ կերպարներ` Սարո («Անուշ»), Բոբբի («Գիշերային պատմություն»), Նարեկ («Մենք, նրանք և մյուսները»), Ռիչմոնդ («Ռիչարդ երրորդ»), Էդվարդ թագավոր («Կարմիր և սպիտակ վարդերի պատերազմը»), Նեսսի («Կոտորածն մանկանց»), անձնավորումներ, որոնցով դերասանը թափանցեց ծանոթ ու մտերիմ հանդիսատեսի հոգու գաղտնարանները` հաստատելով իր տեղը բեմարվեստում: Հարությունյան-արվեստագետն իր ուրույն տեղն ուներ նաև հեռուստատեսային և ռադիոթատրոններում, հատկապես Սարոյանի («Հայը և հայը»), Գուլոյանի («Սպիտակ դրոշներ»), Հուրոնցի («Շաբաթվա ութերորդ օրը»), Բաբբիի («Խենթացած մի գնա») հեռուստատեսային և Թեհլերյանի («Ոտքի, դատարանն է գալիս»), Հեղինակի («Խմբապետ Շավարշ»), Չոլոյի («Ռանչպարների կանչը») ռադիոդերակատարումներով, որոնք բարություն են սփռել, ջերմացրել են հանդիսատեսին և ունկնդրին, հոգևոր դաշինքով կամրջել մեր ժողովրդի հին ու նոր սերունդներին: Հարությունյանին հոգեհարազատ էր հայ պոեզիան: Նա յուրահատուկ մեկնաբանությամբ է ներկայացրել Եղիշե Չարենցին, Հովհաննես Թումանյանին, Համո Սահյանին, Պարույր Սևակին, Վահագն Դավթյանին, Գևորգ Էմինին: Վերջին տարիներին առանձնահատուկ գնահատանքի են արժանի ՀՀ պաշտպանության նախարարության պատվերով նկարահանված` «Նժդեհ», «Սկիզբ», «Պետո» փաստավավերագրական ֆիլմերի հեղինակային տեքստերի նրա յուրովի ընթերցումները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



