Հայ-ռուսական ռազմաբազայի պայմանագրի հոդվածներից մեկում հստակ նշված է, որ ռուսաստանյան ռազմական բազայի կազմում ընդգրկվող անձանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում հանցագործություն կատարելու գործերը ենթակա են ՀՀ իրավասու մարմինների քննությանը` ՀՀ օրենսդրության կիրառմամբ: Արդեն հաջորդ հոդվածում տրվում է բացառություն, սակայն դրանք վերաբերում են այն դեպքերին, երբ
ա) հանցագործությունը կատարվել է ռուսական ռազմաբազայի տեղակայման կետերում,
բ) հանցագործությունն ուղղված է Ռուսաստանի Դաշնության կամ ռուսական ռազմաբազայի անձնակազմի ներկայացուցիչների կամ վերջիններիս ընտանիքի անդամների դեմ,
գ) կատարվել է զինվորական հանցագործություն:
Քանի որ ռուս մարդասպան զինծառայողի դեպքում կատարվել է միանգամից երկու հանցագործություն` դասալքություն` այսինքն զինվորական հանցագործություն, որի դեպքում հանցագործություն իրականացնողը պետք է պատժվի ՌԴ զինվորական քրեական օրենքների համաձայն, և կանխամտածված սպանություն, որի դեպքում պետք է պատժվի ՀՀ օրենսդրությամբ, ապա հարցը բարդանում է: Սակայն կա լուծում ու գուցե լավագույն լուծումը: Ըստ կատարված հանցագործության չափի և պատժի տրման՝ սպանությունը պետք է դիտարկվի առավել մեծ հանցագործություն և հետևաբար այդ հանցագործւթյան համար հանցագործը պետք է պատասխանատվության ենթարկվի ՀՀ օրենսդրությամբ և ՀՀ-ում: ՀՀ-ում պատիժը կրելուց հետո միայն կարող է հանձնվել ՌԴ, որտեղ էլ արդեն կկրի մյուս հանցագործության համար սահմանված պատիժը: Քանի որ ՀՀ օրենսդրության համաձայն՝ մարդասպանին կտրվի առավելագույն` այն է ցմահ ազատազրկում, ապա հանցագործն այստեղ էլ կմնա մինչև իր կյանքի վերջը, իսկ նվազագույն պատժի դեպքում անգամ երկու տասնամյակից շուտ չի կարող արտահանձվել ՌԴ իրավապահ մարմիններին... Մեկը չկա՝ մեր գլխավոր դատախազին ասի, որ կարելի է նման եղանակով հանցագործի քրեական պատասխանատվության ենթարկման հարցը լուծել, այլ ոչ թե անընդմեջ կրկնել, թե դատավարությունը կլինի ՀՀ տարածքում... Բա պատժի կիրառման վայրը որտե՞ղ է լինելու...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Armenmkheyan/posts/10206007445969295
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել