Այսօր իմ ընկերների՝ Անահիտ Բախշյանի, Զարուհի Փոստանջյանի, Դավիթ Սանասարյանի հետ Գյումրիում էինք... Իմ սիրելի վիրավոր, ըմբոստ քաղաքն իր այդ նույն տարերքների մեջ էր՝ վշտի ու ըմբոստության: Գյումրին եռացող կաթսա էր հիշեցնում՝ անպատկերացնելի պայթյունի ընդունակ: Ինչպես Սրբազան Աջապահյանը հայտարարեց՝ վիշտը կրող, բայց պահանջատեր: Այդ Գյումրին էլի էինք տեսել իմ նույն ընկերների հետ՝ նույքան եռացող ու նույնքան պայթյունավտանգ: Գյումրիում դա արդեն տարվա եղանակի նման բան է դառնում: Բայց դրա մասին չէ, որ ուզում եմ գրել: Ոչ էլ նրա մասին, որ կյանքում առաջին անգամ տեսա մանկան դագաղ, ու քիչ էր մնում ծնկներս ծալվեին եկեղեցու մեջ, որ խենթացնող էր մի ողջ ընտանիքի գնդակահարված տեսնել և այլն: Նաև տեսա ու հասկացա հետևյալը.
-եթե երկրում նման արտառոց պատահարի կապակցությամբ համառորեն պետականորեն սուգ չի հայտարարվում, իսկ տոնական միջոցառումներն էլ մի կերպ են չեղյալ համարվում, այն դեպքում, երբ ժողովուրդդ կատարելապես սգում է թե Գյումրիում, թե այլուր, ապա այդտեղ մի հարամ բան կա...
-երբ գնում ես Գյումրի ու տեսնում ես, որ հնարավորինս ամեն ինչ արված է, որպեսզի հոգեհանգիստը շատ սովորական թաղում հիշեցնի, որի ապացույցը նախագահի կամ վարչապետի բացակայությունն է, և երկորդական, երրորդական դեմքեր են ուղարկվել այնտեղ, հասկանում ես, որ այդ հարամ բանն այն է, որ ինչ-որ տեղից խնդրել են կամ պարտադրել....
- մինչ պաշտոնապես բավարարվել էր օտարի խնդրանքը՝ չպաշտոնականացնել հոգեհանգիստը, չլեգիտիմացնել Գյումրիի հազարավոր բնակիչների արադարացի պահանջատիրությունը, նշանակում է, որ մեր հույսը պետք է դնենք հասարակական բողոքի ու պահանջատիրության ճիշտ կազմակերպման վրա:

Ընդամենը պետք է Գյումրու հետ լինել, կանգնել նրա արդարացի պահանջների կողքին, և ամեն բան կպարզվի ու իր տեղը կընկնի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել